Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը կոշտ արձագանք է տվել սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութին, որի հեղինակն է Մեհմեթ Օզը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող, Թրամփի վարչակազմում աշխատող պաշտոնյան։
Նազարյանը Instagram-ում հրապարակված իր գրառմամբ դատապարտել է Օզի հարձակումը հայ համայնքի նկատմամբ՝ այն որակելով բացահայտ ռասիզմ։
«Թույլ մի տվեք, որ նա ձեզ մոլորեցնի։ Սա խարդախության վերաբերյալ անկեղծ մտահոգություն չէ։ Սա բացահայտ ռասիզմ է և նույն ատելության խոսքը, որին հայ համայնքը բախվել է սերունդներ շարունակ», — գրել է Նազարյանը։
Օզի տեսանյութում ներկայացված են հայերեն և ռուսերեն ցուցանակներով մի շարք բիզնեսներ՝ այդ թվում հացատուն և ատամնաբուժարան, որոնց նա ակնարկով կապում է վաղուց փակված Medicare-ի խարդախության գործի հետ։
Կարդացեք նաև
«Բժշկական խարդախությունը լուրջ խնդիր է, և ոչ ոք դա չի հերքում», — նշել է Նազարյանը։ «Բայց ինչո՞ւ էր անհրաժեշտ հատուկ կենտրոնանալ հայկական բիզնեսների վրա։ Մի՞թե մեկ խարդախության դեպքի մասին հնարավոր չէր խոսել՝ ամբողջ համայնքը թիրախավորելուց զերծ մնալով»։
Նրա խոսքով՝ Օզը տեսանյութում նույնիսկ պատահականորեն որոշ շենքեր անվանել է «հոսպիսներ», ապա առանց որևէ ապացույցի հայտարարել, թե Կալիֆոռնիայի հոսպիսների համակարգը վերահսկվում է այսպես կոչված «ռուսահայ մաֆիայի» կողմից։
«Սա, կարծես, Թրամփի վարչակազմի համար սովորական գործելակերպ է», — ընդգծել է Նազարյանը։
Քաղաքային խորհրդի անդամը հիշեցրել է նաև, որ Մեհմեթ Օզը տարիներ շարունակ կապ է պահպանել Թուրքիայի հետ, հրաժարվել է հրաժարվել իր թուրքական քաղաքացիությունից և բազմիցս ժխտել է Հայոց ցեղասպանությունը։
«Հայերը շատ լավ հասկանում են, թե ինչ է սա։ Սա քարոզչություն է։ Եվ երբ այն հնչում է Մեհմեթ Օզից, դա զարմանալի չէ։ Սա ապտակ է միլիոնավոր զոհերի, վիրավորների ու տեղահանվածների հիշատակին», — գրել է նա։
Նազարյանը նաև նշել է, որ նմանատիպ «խարդախության քննությունները» նախկինում ևս օգտագործվել են համայնքներ թիրախավորելու համար՝ օրինակ բերելով Մինեսոտայում սոմալի համայնքի նկատմամբ իրականացվող գործողությունները։
Իր գրառման ավարտին Ադրին Նազարյանը հարց է ուղղել Մեհմեթ Օզին․
«Ուրեմն ո՞րն է իրական նպատակը, Օզ։ Իրո՞ք փորձում եք պաշտպանել ամերիկացիներին խարդախությունից, թե՞ առաջ եք մղում հայերի դեմ ռասիստական, զազրելի նարատիվ և նպաստում ցեղասպանության ժխտման նորմալացմանը այս երկրում»։


















































