Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. «Հարց է առաջանում․ մենք ինչո՞ւ ենք մտնում նման ծախսերի տակ, եթե Հայաստանի օդային պաշտպանիչը չեն պատրաստվում զարգացնել». «Հրապարակ»

Հունվար 30,2026 11:18

Զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:

– Փաշինյանը փաստացի հերթական անգամ մեղադրում է Արցախին եւ ՀԱՊԿ-ին, որ Արցախի գոյությունն ու ՀԱՊԿ անդամ լինելը մեզ խանգարել են, որ ժամանակակից զենք, զինտեխնիկա ձեռք բերենք, եւ քանի որ այժմ չկա Արցախը, եւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, ինքը գերժամանակակից զենք է գնել: Նրա խոսքերում կա՞ ճշմարտության հատիկ, ի վերջո` ինչո՞ւ է այժմ զենք գնում, եթե Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններ է հաստատել, խաղաղություն, ամեն օր շնորհակալություն են հայտնում Իլհամին եւ ոչինչ չեն անում, որ զինված ազերիները դուրս գան մեր սուվերեն տարածքից:

– Ես անիմաստ եմ համարում այդ մարդու տարօրինակ, երբեմն անհեթեթության հասնող հայտարարությունները: Նա քանի դեռ իշխանության է, այնքան անելու է նման հայտարարություններ, որոնց մի մասը գուցե կիսաճշմարտություն է, մի մասը կոնտեքստից կտրված է, մի մասը` ուղղակի հորինված: Օրինակ` 11 հազար դասալիքի մասին էին խոսում, կամ` Իսկանդերը պայթել է տասը տոկոսով, կամ` մենք փակել ենք 80-ականների զենքի ամոթալի էջը, այն դեպքում, երբ 80-ականների զենք ունենալն ամոթալի բան չէ բնավ, ողջ աշխարհի զգալի մասում կիրառվում են 80-ականների, ավելին` 70-ականների, իսկ Ուկրաինայում` մինչեւ անգամ 1930-ականների թնդանոթներ եւ գնդացիրներ: Այս մարդու հայտարարությունները հիմնականում էպոտաժ են, իրականությանը մոտ չեն եւ աղավաղված են:

– Բայց հիմա ասում է` ես որակյալ զենք եմ գնել, իսկ Արցախը եւ ՀԱՊԿ-ը մեզ խանգարում էին այդ գործում:

– Նախեւառաջ, զենք գնելն ինքնանպատակ չէ: Զենքը պետք է գնել կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Օրինակ, Փաշինյանը մեծ աղմուկ բարձրացնելով՝ գնեց «Սու 30» կործանիչներ, որոնք այդպես էլ չաշխատեցին պատերազմի ժամանակ, ինչպես տեսնում ենք` հիմա էլ չեն օգտագործվում: Հարց է առաջանում․ մենք ինչո՞ւ ենք մտնում նման ծախսերի տակ, եթե Հայաստանի օդային պաշտպանիչը չեն պատրաստվում զարգացնել: Ակնհայտ է դառնում, որ այս ամենն արվում է գովազդի համար կամ գուցե ինչ-որ ռուսաստանյան գործընկերների (ՍՈՒ-երի դեպքում` Հ. Գ.) լավություն անելու համար, սակայն ոչ Հայաստանի անվտանգության: Դրանք ոչ մի կերպ Հայաստանի պաշտպանության համար չօգտագործվեցին: Կասկածելի հայտարարություններ են անում, խոսում են այս կամ այն գերժամանակակից զենքը գնելու մասին, լավ, ո՞րն է այդ զենքերի իմաստը, եթե հերթական անգամ նահանջի հրաման է տրվելու, եթե թույլ չեն տալու այդ զենքերը գործնականում կիրառել: Կան բազմաթիվ նրբություններ, օրինակ, սպառազինությունների համար անձնակազմի պատրաստում, զինամթերքի մատակարարում եւ այլն: Պատերազմական իրավիճակներում այդ հրթիռները գեղեցիկ ձեւով վերջանում են, ո՞նց են հասցնելու մատակարարել` էն սարի համար, որի վրա ողջ տարին ձյուն է…. էդ սարը կարող է Ադրբեջանը գրավել, հրետանին դնել սարի վրա ու հանգիստ կտրել Սյունիքի ճանապարհը: Հարց է առաջանում․ հնդկական հրետանու արկերն ինչպե՞ս են հասցնելու Հայաստան, եթե միակ կապող ճանապարհն Իրանն է․ այստեղ էլ, բացի այն, որ ճանապարհը կարող է խնդիր լինել, մեկ այլ հարց եւս կա` Իրանի ներքին իրավիճակը: Թե չէ, կարող են բոլորն էլ գալ ու գլուխ գովել, բայց ո՞րն է վստահությունը: 2020 թվականից այս կողմ լայնածավալ գեթ մեկ զորավարժություն չի արվել: Եթե դու գիտես, որ պատերազմի վտանգ կա, ինչո՞ւ չես անում նորմալ զորավարժություն: Եթե ոչինչ չի արվում, իմաստ չկա զենք գնելու մասին խոսել: Ի դեպ, ասեմ մի բան եւս․ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ աշխարհում զենքի մեծ դեֆիցիտ կա, թե՛ ԽՍՀՄ-ից մնացած պաշարներն են սպառվում, թե՛ նոր սպառազինությունը: Աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է ու անկայուն, մի շարք երկրներ փորձում են զինվել, այն ժամանակ, երբ Հայաստանն ուներ հնարավորություն՝ իր կորուստները վերականգնելու, խոսքը հենց 20-21 թվականների մասին է, ոչինչ չի արվել, հիմա ի՞նչ են ուզում ասել, ինչի՞ համար են այդ թանգարանային նմուշները, որոնք հայտնի չէ, թե ինչ համակարգերի հետ կարող են աշխատել, ո՞ւմ է պետք:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031