ԱՄՆ դաշնային պաշտոնյա Մեհմեթ Օզը, չարաշահելով իր հանրային դիրքը, անհիմն և անպատասխանատու հարձակումներ է սկսել ամբողջ մի համայնքի դեմ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայ փաստաբանների ասոցիացիան (Armenian Bar Association)։
Հայտարարության մեջ նշվում է, որ Օզը անբարեխիղճ կերպով փորձել է ամբողջ մի հարգված էթնիկ համայնք ներկայացնել բացասական լույսի ներքո՝ անհիմն, անձնական բնույթի մեղադրանքներով կապելով Լոս Անջելեսում ենթադրյալ հոսփիսային խարդախության դեպքերը բազմազան հայ-ամերիկյան համայնքի հետ։ Ասոցիացիայի գնահատմամբ՝ Օզի ընդհանրացնող և անընդունելի հայտարարությունները խախտում են ճշմարտության և բարեվարքության հիմնարար սկզբունքները։
Հայ փաստաբանների ասոցիացիան ընդգծում է, որ խոսքը նույն համայնքի մասին է, որը ԱՄՆ-ին տվել է նահանգապետեր և Գերագույն դատարանի դատավորներ, դաշնային, նահանգային և տեղական օրենսդիրներ, հանրային ծառայողներ, համալսարանների նախագահներ և դասախոսներ, գործարար առաջնորդներ և առողջապահության ոլորտի նորարարներ, առաջամարտիկ տիեզերագնացներ և մրցանակակիր արվեստագետներ։ Ըստ հայտարարության՝ սա այն համայնքն է, որն ունի շուրջ մեկ միլիոն օրինապահ բնակիչ և որի ընտանիքները սերունդներով ծառայել են Միացյալ Նահանգներին՝ թե՛ զինվորական ծառայության մեջ, թե՛ որպես պատասխանատու քաղաքացիներ։
Կարդացեք նաև
Ասոցիացիան պահանջում է, որ Մեհմեթ Օզը վերանայի իր վարքագիծը և հրապարակային ներողություն խնդրի, ինչպես նաև դիմում է Los Angeles Times-ին՝ կոչ անելով լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացնել Օզի գործողությունների վերաբերյալ, որոնք, ըստ հայտարարության, ներկայացնում են պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահում և ճշմարտության ոտնահարում՝ պաշտոնի «հարմար քողի» ներքո։




















































