«2025թ. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 7569 վերահսկողական միջոցառում՝ ստուգումներ, դիտարկումներ եւ մշտադիտարկումներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է 1819 խախտում»,-ասուլիսում նշեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
Անդրադառնալով խախտումների բնույթին՝ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ առավել հաճախ արձանագրված խախտումները հիմնականում կրկնվող եւ համակարգային բնույթ ունեն. «Դրանք են պիտանելիության ժամկետն անց, կամ վտանգավոր սննդամթերքի իրացումը, ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը, շատ հաճախ խախտվում են պահման պայմանները, սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաեւ աշխատակիցների նախնական եւ պարբերական բժշկական զննությունը , հաճախ բացակայում են փաստաթղթերը, ներդրված չեն լինում համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը: Կան դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են իրականացնել սանիտարական սպանդ եւ վաճառքի են հանում հիվանդ կենդանիների»:
Ի թիվս այլնի, ՍԱՏՄ ղեկավարը մանրամասնեց, որ պլանային ստուգումների արդյունքում 313 տնտեսվարող դադարեցրել է գործունեությունը, լուծարվել կամ փոխել գործունեության ոլորտը: 320 տնտեսվարող էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Նա ասաց, որ ՀՀ տարածքում 2025-ին եղել է 31 000 տոննա մսի մորթ, նոր կարգավորումների շրջանակում գրեթե 8 տոննա միս է առգրավվել ու ոչնչացվել:
Անդրադառնալով սննդային գործոնով պայմանավորված թունավորումներին՝ Պետրոսյանը նշեց, որ 2025թ. արձանագրվել է 21 թունավորման դեպք, տուժել է 64 մարդ, հիմնական դեպքերը գրանցվել են հանրային սննդի օբյեկտներում: Նրա խոսքով, ամենամեծ թվով տուժածները եղել են շաուրմանոցներից մեկում, թունավորվել է 12 մարդ, մնացած տեղերում թունավորումները եղել են 1-2 հոգի:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































