Արտաքին անվտանգության ոլորտում կարելի է դիտարկել երեք խումբ սպառնալիքներ՝ նոր աշխարհակարգի ձեւավորում, հիբրիդային պատերազմ, ռազմատեխնոլոգիական․ «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած «Հայաստանի եւ հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Իր վերլուծությամբ, նոր աշխարհակարգի ձեւավորումն իր հերթին ենթադրում է որոշակի փոփոխություններ աշխարհակարգում եւ փոքր պետությունները իսկապես լրջագույն խնդրի առաջ են կանգնում, պետք է կարողանան ճիշտ դաշնակիցներ ընտրել, ճիշտ գործողություններ իրականացնել․ «Մեր պարագայում կարեւոր խնդիր է գոնե ոտքի տակ չընկնել, քանի որ ունենք այնպիսի իշխանություններ, որոնք կարող են մեծ հաջողությամբ երկիրը հասցնել այն վիճակի, որ այս աշխարհաքաղաքական իրավիճակում ընկնենք խոշոր պետությունների ոտքի տակ»։
Էլինար Վարդանյանը կարծում է, որ հիբրիդային սպառնալիքների ծնող աղբյուրներից մեկն այսօրվա ՀՀ իշխանություններն են։
Ներքին անվտանգությանը խնդիրներից ընդդիմադիր գործիչն առանձնացնում է իրավական, կրթական, տնտեսական, սոցիալական անվտանգությանը վերաբերող հարցերը։
Կարդացեք նաև
«Այսպիսի սոցիալական անարդարության մթնոլորտ, որ առկա է Հայաստանում, շատ վաղուց չէինք տեսել։ 16,7 միլիարդ պարգեւավճարների է հատկացվում, երբ կա 500 հազարից ավել թոշակառու, որոնց միջին կենսաթոշակը 49 հազար դրամ է, իսկ միջին սպառողական զամբյուղը 82 հազար դրամ է»,- ասաց Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ սա էլ իր հերթին բերում է հանրային մթնոլորտի ձեւախեղման։
Տնտեսական անվտանգության առնչությամբ էլ ասաց. «Երբ դու քո երկրում եղած ներդրողներին վերաբերում ես որպես հանցագործների, անմիջականորեն ազդեցություն է ունենում տնտեսական անվտանգության վրա։ Նախորդ տարի շեշտակիորեն նվազել էին ներդրումները եւ ՀԷՑ-ի ողջ գործընթացը լուրջ ազդակ է հանդիսանում բոլոր հնարավոր ներդրողների համար, որովհետև իրենք իրենց պաշտպանված զգալու հնարավորություն չունեն»։
«Ցանկացած պետության անվտանգության հենասյուներից մեկը ժողովրդավարական կայուն ինստիտուտներն են։ Ինստիտուտը պետք է կայուն լինի, որպեսզի մարդը երաշխիքներ ունենա իր իրավունքների պաշտպանության առումով։ Ի՞նչ ունենք մենք։ Մեկ անձին ծառայող իրավապահ համակարգ՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն, ունենք դատական համակարգ, մեծամասամբ կատարում է նույն անձի ցանկությունները, ԲԴԽ, որը էլի մեկ անձի կամակատարն է, դատական համակարգի համար երաշխիքներ ստեղծելու փոխարեն դարձել է մահակ դատավորների համար։ Ունենք Սահմանադրական դատարան, որից սահմանադրական որոշում ակնկալել հնարավոր չէ»,- սա էլ Էլինար Վարդանյանի բնութագիրն է Հայաստանի իրավական համակարգին։
Էլինար Վարդանյանը համամիտ է Վահե Հովհաննիսյանի հետ՝ հակասությունների փուլում ենք․ մի կողմից եւ սոցիալական, եւ իրավական անարդարությունները վերաբերում են շատերին, մյուս կողմից՝ այդ դժգոհությունը չի գեներացվում եւ փողոց չի հանում նրանց։
Իր կարծիքով, հասարակության մեծ մասը սպասում է առաջիկա ընտրություններին՝ իր իրավունքներն իրացնելու եւ պաշտպանելու համար, բայց կա նաեւ մի մեծ մաս, որոնց հետ դեռ լուրջ աշխատանք տանելու կարիք կա․ այսպիսի հակասությունների ներկայացումը հնարավորություն կտա էլեկտորալ ակտիվության։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































