Հնարավո՞ր է իրավիճակ, որ հակառակորդը մի օր որոշի, որ ինքն ուժեղ է եւ հարցը կլուծի ուժի կիրառմամբ՝ անկախ ստորագրած խաղաղության թղթերից՝ հարցն այսօր «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած «Հայաստանի եւ հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին տվեց քննարկումը վարող Վահե Հովհաննիսյանը։
Արտակ Զաքարյանը հիշեցրեց՝ 2007-ին ՀՀ-ում մշակվեց եւ ներդրվեց ազգային անվտանգության ռազմավարությունը, որը երկար ժամանակ ապահովում էր մեր անվտանգությունը՝ բոլոր առումներով։ Շատ երկար ժամանակ այդ փաստաթղթին համահունչ Հայաստանը համարվում էր կանխատեսելի գործընկեր՝ իր քաշի մեջ, ոչ միայն անվտանգության սպառող, այլ դրան նպաստող երկիր։ 2020-ին այդ ռազմավարությունը փոխվեց՝ հրապարակային, փողոցային կոչերի հիման վրա փաստաթուղթ ներկայացվեց, որից հետո մեր անվտանգային սպառնալիքները մեծացան, մի շարք զարգացումներ եղան, ապա եղավ 2023-ը, մենք Արեւելյան հատվածում կորցրեցինք մեր անվտանգությունը՝ զրահաբաճկոն Արցախը։ Մենք կորցրեցինք Մինսկի խումբը, որը նույնպես անվտանգության բաղադրիչ էր, ՀԱՊԿ-ում անհասկանալի հարաբերություններ ունենք, Արեւմուտքը մեզ փորձում է ներքաշել մեզ համար քաղաքական ավանտյուրայի մեջ՝ ընդդեմ Իրանի, Չինաստանի, ՌԴ-ի, որը սպառելու է Հայաստանի բոլոր շահերը։ Հիմա փորձում են հարցը լուծել ԱՄՆ-ի օգնությամբ, բայց ԹՐԻՓՓ-ի փաստաթղթի առաջին նախադասության մեջ գրված է, որ այն իրավական որեւէ հիմք չունի։
Ի՞նչ է պետք անել՝ փոխված աշխարհում եւ մեր նվազած ռեսուրսների պարագայում հարցին Արտակ Զաքարյանը պատասխանում է՝ շատ արագ պետք է նոր ազգային անվտանգության ռազմավարություն մշակել, քանի որ շատ բան է փոխվել, այդ թվում նաեւ մարդկանց վերաբերմունքը պետություն ունենալուն․ «Անվտանգությունը չի սպառնում միայն ընդդիմադիրներին, ընդդիմադիրներին սպառնում է բանտը եւ երբ անվտանգությունը դառնա ավելի իրական սպառնալիք՝ բոլորին է սպառնալու»։
Հաջորդը՝ ռազմապաշտպանական նոր մոդելի մշակումն է՝ տեխնոլոգիական եւ կիբեր տարածքում Ադրբեջանի նկատմամբ գերակայությամբ․ «Այնպես չէ, որ Ադրբեջանը D30 գնեց, մենք էլ երկուսը գնենք եւ ասենք՝ վերջ․ դրա ժամանակը նախորդ է։ Թե Ադրբեջանը, թե ՌԴ-ն՝ Ուկրաինայում իր ռազմական գործողություններին զուգահեռ, մշակում է ՌԴ ապագա բանակի ապահովմանը ռազմատեխնիկական եւ կիբեր հարթությունում։ Նույնն անում է Գերմանիան։ Արտաքին քաղաքականության նոր մոդել պետք է մշակենք․ ինչ արվում է Հայաստանում վերջին տարիներին՝ դա արտաքին քաղաքականություն չէ, այլոց ցանկություններն իրացնելու ճանապարհով ժողովրդին խաբել է։ Արտաքին քաղաքականությունը պետք է աշխատի ՀՀ-ի օգտին»։
Կարդացեք նաև
Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը կներառի մեր կյանքի բոլոր ոլորտները, ըստ Արտակ Զաքարյանի, կարող է դառնալ Հայաստանի առաջիկա կոալիցիոն կառավարության ծրագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































