Ի՞նչ կատարվեց «18 արդարների» գործով 29.01.2026թ. դատական նիստին
Նախնական դատալսումների արդեն 3-րդ նիստն ավարտվեց, որտեղ պետք է որոշվեր հիմնական դատալսումների ընթացքում հետազոտվող ապացույցների ծավալը։
Չնայած դատարանը նախորդ նիստերին պահանջել էր հստակ նշել, թե որ ապացույցով ինչ հանգամանք պետք է հաստատվի՝ մեղադրողները խուսափում են կատարել քրեական դատավարության օրենսգրքի 319-րդ հոդվածի պահանջները:
Պարզ լեզվով ասած՝ դատախազները շարունակում են շրջանցել օրենքի պահանջը, աղավաղում իրենց «ապացույցները», քանի որ չեն կարող մատնացույց անել կոնկրետ ապացույցներ, որոնք կվկայեն՝
Կարդացեք նաև
– որ եղել է հանցավոր խումբ և խմբի բոլոր անդամները պայմանավորվել են միմյանց միջև հանցանք կատարելու մասին,
– որ մարդիկ դիտավորություն են ունեցել իրականացնել ահաբեկչություն և իշխանության զավթում, և այդ դիտավորությունը կիսել են «հանցավոր խմբի» բոլոր անդամները. օրինակ՝ արդյո՞ք Բագրատ Սրբազանի «հանցավոր» մտադրությունների մասին իմացել է Վահագն Չախալյանը կամ Լիդյա Մանթաշյանը,
– որ անձանց բնակարաններից հայտնաբերված կենցաղային իրերը կամ օրինական զենքերը նպատակադրվել են օգտագործել ահաբեկչական նկատառումներով. օրինակ՝ տարիներ առաջ որպես պարգևատրում ստացած զենքը ինչպե՞ս է ապացուցում 2025թ. ահաբեկչության պլանը, հակառակ պարագայում որևէ մեկի տանը եղած յուրաքանչյուր դանակ, ծանր քար կամ այլ իր կարող էր նույն հաջողությամբ ճանաչվել իրեղեն ապացույց։
Այսպիսի տրամաբանական հարցեր են տալիս պաշտպանները՝ պնդելով նաև ապացույցները անհատականացնել հասկանալու համար, ի վերջո, թե ով ինչ գործողություն է արել, սակայն մեղադրողները խուսափում են հարցերին բովանդակային պատասխաններից։
Հռետորական հարց է առաջանում` ինչո՞ւ չեն մասնավորեցնում…
___
Դատական նիստի ավարտին Բագրատ Սրբազանն անդրադարձավ նախօրեին արտգործնախարար Արարատ Միրզոյանի` ԵԽԽՎ-ում արած զրպարտչական հայտարարություններին, ինչպես նաև ԵԽԽՎ կողմնակալ բանաձևին՝ արձանագրելով, որ ԵԽ խորհրդարանականները առանց անաչառ դիտարկման անում են անհիմն հայտարարություններ իրենց աշխարհաքաղաքական շահերն ու օրակարգը առաջ մղելու նպատակով:
Հաջորդ դատական «ներկայացումը» տեղի կունենա փետրվարի 5-ին, ժամը 15:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1)
«Սրբազան պայքար»


















































