Փաստաբան Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքյան իր էջում նշել է.
«Պաշտպանության նախարարը «լուծարեց» Զինված ուժերում Հայ Առաքելական եկեղեցու Հոգևոր ծառայությունը
1997 թ. նոյեմբերի 13-ին նախկին Ամենայն Հայոց կաթողիկոս երջանկահիշատակ Գարեգին Ա-ի և նախկին ՀՀ պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի կողմից ՀՀ Զինված ուժերում ստեղծվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգևոր ծառայությունը (այսուհետ՝ Հոգևոր ծառայություն)։
ՀՀ պաշտպանության նախարարի 19.07.2000 թ. թիվ 728 հրամանով գործածության մեջ է դրվել Հոգևոր ծառայության կանոնադրությունը, իսկ 14.09.2000 թ. կանոնադրությունը հաստատվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից։
Կարդացեք նաև
Ըստ այդ կանոնադրության՝ Հոգևոր ծառայության նպատակներից էին․
ՀՀ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Քրիստոսի Ավետարանին և քրիստոնեական հավատքի սկզբունքներին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքի, եկեղեցական կանոնների և ավանդության համաձայն,
ՀՀ զինված ուժերի անձնակազմին դաստիարակել քրիստոնեական-բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով։
Հոգևոր ծառայությունն ուներ հետևյալ կառուցվածքը՝ ՀՀ զինված ուժերի Հոգևոր ծառայության առաջնորդ, ՀՀ բանակային կորպուսների և զորամասերի հոգևոր սպասավորներ։
Զինված ուժերի Հոգևոր ծառայության մեջ ներգրավված են եղել 42 հոգևորական, որոնցից՝
8-ը՝ ժամկետային զինծառայող՝ սարկավագի կարգավիճակով,
34-ը՝ կամավոր, Մայր Աթոռի կողմից նշանակված հոգևորականներ, այդ թվում՝ 1 վարդապետ, 16 քահանա և 17 սարկավագ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 29.01.2026 թ. թիվ 159 հրամանով ուժը կորցրած է ճանաչվել նախարարի 19.07.2000 թ. հրամանը։ Այս հրամանով պաշտպանության նախարարությունը փաստացի դադարեցրել է Զինված ուժերի Հոգևոր ծառայության գործունեությունը։ 42 հոգևորականից միայն 8-ն են շարունակելու ծառայությունը՝ որպես ժամկետային զինծառայողներ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ, իսկ մնացած 34-ը այլևս չեն ծառայելու։
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը խախտել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում։
Բացի այդ, Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, ըստ որի՝ Հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։ Ինչպես տեսնում ենք, նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը։
Այս գործընթացի առիթը հանդիսացել է այն, որ գնդերեցները հրաժարվել են պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին։
Սա հարցի իրավական կողմն է։ Իսկ բարոյահոգեբանական կողմը այն է, որ այս իշխանությունն իրականում թիրախավորել է ազգային եկեղեցին։
Փոխանակ ամեն ինչ անեն, որպեսզի բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, անում են ճիշտ հակառակը։
Բանակի ղեկավարությունը փոխանակ ամեն ինչ անի, որպեսզի ունենանք իրական քրիստոնյա զինվորականներ, ինքն էլ է միջամտում Եկեղեցու ներքին գործերին։
Իրական քրիստոնյա զինվորականը, ով հավատում է Քրիստոսին, չի վախենում մահվանից, ընկերոջը չի թողնի նեղության մեջ, փոքրոգության պատճառով փախուստի չի դիմի, իր Աստծու և հայրենիքի համար պատրաստ կլինի նահատակության։ Այս որակի մեկ զինվորը թշնամու հարյուր զինվորից ավելի ուժեղ կլինի։
Պատկերացրեք, թե ինչ մեծ վնաս է հասցնում այս իշխանությունը մեր ազգին։ Հավատացե՛ք, եկեղեցահալած այս քաղաքականության հաշիվը վճարելու ենք ամբողջ ազգով՝ ծանր ու բարձր գին վճարելով»։


















































