8-9 մլրդ դրամը, որ բաժանվեց ՔՊ-ականներին հանրային գրպանից, պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասին խոսակցությունները հանրային սթրես են առաջացնում: Ինչո՞ւ, ո՞ր արժանիքների համար պետք է բարձրաստիճան պաշտոնյաները պարգեւատրվեն աստղաբաշխական գումարներով՝ հարցնում են մարդիկ: Իսկ թվերն իրոք մեծ են: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, հաշվարկել է, որ 8-9 տարում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 500 մլրդ դրամի պարգեւատրումներ է բաժանել յուրայիններին, ինչը կազմում է 1 մլրդ 200 հազար ԱՄՆ դոլար:
ՔՊ-ական վերնախավի ներկայացուցիչները լավ գիտակցում են, որ պարգեւատրումները, առավել եւս՝ հավելյալ աշխատավարձի համակարգի ներդրումը, որն անցյալ տարվանից իրականացվում է պիլոտային ծրագրի տեսքով, խիզախ քայլ էր, եւ ժողովրդի զայրույթն է առաջացնելու: «Ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների եւ ղեկավարների աշխատավարձը՝ երեւի այնքան էլ ճիշտ չի, եւ պետք է ներդնել մի համակարգ, որտեղ առնվազն կկարողանանք որոշակի թիրախներ դնել… Ովքեր ունենան ավելի լավ կատարողական, նրանց համար մի փոքր ավելի կլինի, մյուսների համար՝ մի փոքր պակաս»,- հայտարարում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ փորձելով մեղմ մատուցել կատարվածը: Բայց, միեւնույն է, ինչպիսին էլ լինի մատուցումը կամ այդ տեղեկատվության փաթեթավորումը, մարդիկ նյարդայնացած են․ աղքատ երկրում, որտեղ թոշակառուն 40-50 հազար է ստանում, չպետք է պաշտոնյան այդքան մեծ գումարներ ստանա:
Օրինակ, քաղաքացիների մոտ հարց է առաջանում՝ ո՞նց կարող են ՊԵԿ-ը, ոստիկանությունը եւ առողջապահության նախարարությունը նույն գումարը ստանալ որպես պարգեւավճար: «Լավ էր-վատ էր, բայց ՊԵԿ-ն այս ծանր պայմաններում իր խնդիրը կատարեց, հարկերը հավաքեց, իսկ ոստիկանությունն իր խնդիրները չի կատարում: Ամեն քայլափոխի մարդ է մահանում, ոչ մի կանխարգելիչ միջոցառումներ չկան, հանցագործությունների թիվն աճում է»,- ասում է ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը: Նա այլ համակարգերի մասին էլ է հիշեցնում, օրինակ, որ սուր վարակիչ հիվանդությունների քանակը 2025 թվականին ավելի շատ է եղել, քան 2024 թվականին, այսինքն՝ կանխարգելիչ միջոցառումներ չեն արվել:
«Այստեղ խախտվում է հորիզոնական արդարության սկզբունքը: Լավ կատարողական ունեցող եւ աշխատանքը ձախողած գերատեսչությունները նույն ձեւով են պարգեւատրվում»,- ասում է ֆինանսների նախկին նախարարը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































