Հարցազրույց կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի հետ
– Պարոն Գեւորգյան, վաղուց չենք զրուցել գիտության մասին՝ լսեցի՞ք կառավարության վերջին նիստին քննարկվող հարցերը։
– Չէ, չլսեցի՝ կարդացի։ Դրանց ձայները ֆիզիկապես չեմ կարող տանել։
– Վարչապետը սրտնեղեց, որ գիտնականները շնորհակալություն չեն ասում․․․
Կարդացեք նաև
– Եթե դրա մասին ենք զրուցելու՝ սխալ հասցեով եք դիմել։ Ես ոչ դրանցից, ոչ էլ նախորդներից փող չեմ ստացել։ Ինչպես աշխատավարձս էի թողնում հավաքարարներին, այնպես էլ 7 տարվա թոշակս եմ թողել՝ չգիտեմ ում, գուցե ԿԳՄՍ գեղեցկուհի նախարարին։ Թող վայելի, լավ հագնվի․․․ Իսկ հանճարեղ վարչապետը ճիշտ է արել, որ թոշակները տասը հազար դրամով չի բարձրացրել։ Բարձրացնեին՝ թոշակառու գիտնականները պետք է գնային խմեին, ծխեին, հետո Ծերեթելու փողոցից «ասպիրանտուհիներ» հրավիրեին․․․ Բա մեզ դա պե՞տք է, պարոն վարչապետ։
– Տրամադրվա՞ծ չեք լուրջ խոսակցության․․․
– 7 մլն դրամ պարգեւավճար ստացող գորշ-անձնավորություններն ու մի կերպ ապրող գիտնականները նույն ձեւո՞վ պետք է ուռա գոռան։ Ես դրանից հետո ինչպե՞ս լուրջ մոտենամ այդ հարցին։ Լկտիությունն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Հայաստանում գիտնականները ավելի քիչ են ստանում, քան Լիտվայում՝ ասպիրանտը։ Էլ չեմ խոսում մնացած ֆինանսավորումից։ Մեր վերջին երկու զրույցին լավ էլ վերնագիր էիք գտել՝ «Գիտության մասին մենախոսություններից հոգնել եմ»։
– Բայց ձեր ֆեյսբուքյան էջում գիտությունը թվերով բնութագրող նյութ էիք հրապարակել։
– Web of Science շտեմարանը ինձ հասանելի է մոտ քսան տարի։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում մանրամասն ուսումնասիրել եմ հայկական գիտության թվային տվյալները, ամբողջ նյութը ներկայացրել Ակադեմիա ու Գիտության կոմպիտե։ Հեռուստաելույթներ ունեցել, գրել տարբեր, այդ թվում՝ ձեր թերթում։ Արդյունքը մեր վերջին երկու զրույցների վերնագիրն է։ Չհաշված այն բոլոր պրոբլեմները, դատական գործերը ներառյալ, որ ստեղծեցին հայկական գիտության ողորմելի ղեկավարները։ Իսկ իմ ֆեյսբուքյան էջում այս տարի մի փոքր տեղեկատվություն եմ տեղադրել, որը ավելի շուտ նշանակում էր՝ «դեռ չեմ մեռել»։ Այն պարզագույն կազմակերպչական խնդիրները, որոնց լուծումը մեծ խելք չէր պահանջում, հորդորում էի, որ անեն, բայց ոչինչ արված չէ, քսան տարվա խնդրանք-հորդոր-պահանջներս անհետևանք են մնացել։ ՀՀ գիտության մասին տեղեկատվական բազան ոնց աղբանոց եղել, այնպես էլ մնացել է։ Եթե ինստիտուտների անունները ճիշտ գրել, գրանտների համարները նշել չեն կարող՝ ես էլ ի՞նչ անեմ։ Web of Science-ի հասանելիություն տվել են ինչ-որ «բարեկամաթաթախ դուքյանի», տվել են 15 աշխատակցի հաստիք ու չգիտեմ ինչքան պարգեւավճար՝ առ այսօր դրանց աշխատանքի արդյունքը ոչ մի տեղ չեմ տեսել։ Երեւի գաղտնի է ինչպես աշխատակիցների բարեկամական կապերը կամ կառավարության քննարկած հարցերի մեծ մասը։ Ես եմ ձրի ինչ-որ բաներ անում, տալիս նյութերը փոքրաթիվ հետաքրքրված անհատների։ Գոնե Web of Science-ի հասանելիությունը տային որեւէ գրադարանի՝ ասենք հանրային կամ ակադեմիայի։ Եվ այդ 15 հաստիքանոց «բանակն» էլ գրադարանում նստեր։
– Մի գուցե հիմա քննարկենք այդ շտեմարանի տվյալների ձեր վերլուծությու՞նը։
– Հիմա՝ ոչ։ Երկրի համար այս դժվար պահին գիտության խնդիրները բարձրաձայնելը բարոյական չեմ համարում։ Երբ ամենատաղանդավոր մարդը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորված է՝ խոսել այդ վերլուծությունների մասին, պարզապես չեմ կարող։ Խոսք եմ տալիս, որ մոտ ժամանակներս ձեզ կտրամադրեմ «թվեր», որոնք պարզ հարց կառաջացնեն՝ բա էս գիտության ղեկավարներին ինչու՞ են պարգևավճարներ բաժանել։ Այսքանը… դեռ չեմ մեռել․․․
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ



















































Վաղուց է աչքերս չեն ընթերցել այսքան շիտակ ու արժանապատիվ նյութ:
Հպարտ եմ, որ ֆիզիկոս է:
Հարգելի Գոհար, Ձեզ շնորհակալություն:
Մեծ դրական լիցք ստացա:
Դպրոցներում նիկոլի ցնցուղային ստուգումներից հետո ցնցուղավերահսկիչ դարձած ԿԳՄՍ նախարարուհին ընդունակ? է արդյոք ինքնուրույնաբար առաջարկելու մեր երկրում գիտության զարգացման թեկուզ մեկ իրատեսական քայլ, որ այս գիտնական մարդու ասածների իմաստը նա կարողանա հասկանալ։ Աշխատատեղում նա ընդամենը մոդայիկ հագնվող մի մանեկենուհի է, կառավարության նիստերին – նիկոլի զավզակությունները գլխով հավանություն տվող ունկնդիր, իսկ տանը – իր և իր շուստրի ամուսին պետրոսի կողմից տուն բերած հսկայական աշխատավարձերն ու պարգևավճարները հաշվող և փող կուտակող տիկին։