Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար են կռվում բանակները

Փետրվար 03,2026 10:00 Share

Երբ ես առաջին անգամ գնացի Արցախ (Շահումյանի շրջան), 1991 թվականի ամառն էր: Կռվող տղաների կողքին Տեր Գրիգորն էր՝ Արմենը, որին ճանաչում էի Աջափնյակից: Չեք պատկերացնում, թե որքան կարեւոր էր քահանայի ներկայությունը մեր զինվորների համար: Եվ ինչո՞ւ միայն նրանց: Հենց այն ժամանակ՝ 31 տարեկանում, ես մկրտվեցի եւ սկսեցի հասկանալ, որ գոնե մեզ՝ հայերիս համար, հավատն ու հայրենասիրությունը քայլում են ձեռք ձեռքի տված:

Գնդերեցների ինստիտուտի ոչնչացումը, իհարկե, եկեղեցու դեմ պայքարի շրջանակներում է, ինչպես նաեւ պայմանավորված է Փաշինյանի մանր վրեժխնդրությամբ այն հոգեւորականների հանդեպ, որոնք հրաժարվել են իր գրպանը մտնել:

Բայց եթե խնդրին ավելի ընդհանրական նայենք, ապա դա «իրական Հայաստանի» հայեցակարգի եւս մի դրսեւորում է: Ի՞նչն են զինվորները պաշտպանում, ինչի՞ համար են պատրաստ կռվել: Մոտավորապես 19-րդ դարի սկզբից, երբ վարձու բանակներն աստիճանաբար սկսեցին փոխարինվել ազգային բանակներով, այդ հարցի պատասխանը միանշանակ էր՝ հայրենիքի համար: Եվ այդպիսի պատասխան կտան ժամանակակից բոլոր բանակների զինվորները:

Բայց ներկայիս Հայաստանում «հայրենիք» բառը դարձել է անհարկի հարձակումների թիրախ եւ հակադրվում է «պետություն» հասկացությանը, որը, բնականաբար, մեզ համար պետք է նույնպես շատ թանկ լինի: Դա մեր ազգի կազմակերպման ձեւն է՝ բոլոր հնարավոր ձեւերից բարձրագույնը, որը մենք վերագտել ենք 20-րդ դարում:

Բայց բանակները պատերազմ են մղում ոչ թե պետության, այլ այն արժեքների համար, որոնք պետք է դրված լինեն դրա հիմքում՝ սեփական հայրենիքի, հավատի, մշակույթի, քաղաքակրթության, հողի: Եթե այդ արժեքները չկան պետության հիմքում, եթե բանակում չկան այդ արժեքների քարոզիչները, բանակը դատապարտված է անհաջողությունների: Եթե մեր իշխանությունների համար օրինակ են ՆԱՏՕ-ի երկրները, ապա այդ բոլոր երկրներում այսպես թե այնպես գործում է կապելանների ինստիտուտը: Որոշ տեղերում (օրինակ, Գերմանիայում) այն ամրագրված է սահմանադրորեն:

Իսկ արժեքները թերագնահատողներին կարելի է հարցնել՝ ո՞վ էր ավելի ուժեղ՝ ժամանակակից թանկարժեք զենքով զինված Աֆղանստանի կանոնավոր բանա՞կը, թե՞ «պիկապների» վրա գնդացիրներ ամրացրած թալիբները:

…Երբ 1992 թվականի գարնանը, հերթական գործուղումն ավարտելուց հետո, Քոլատակում ուղղաթիռի էինք սպասում, հանգստի եկած ազատամարտիկները երեկոյան Չարենց ու Տերյան էին արտասանում, ֆիդայական երգեր էին երգում: Զինվորները դժվար թե Փաշինյանի երգերը երգեն:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728