Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկամտաբեր կենսաթոշակային ֆոնդեր, 750 միլիարդ դրամ ակտիվներ, դիվերսիֆիկացված ներդրումներ»․ ի՞նչ ցուցանիշներ է գրանցել Ամունդի-Ակբան

Փետրվար 03,2026 15:33 Share

2025թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ներքո գտնվող ակտիվները կազմել են մոտ 750 միլիարդ ՀՀ դրամ, որից 26%-ը գոյացել է կառավարման արդյունքում գոյացած եկամտից։ Ակտիվների շուրջ 64%-ը ներդրված է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է միջազգային շուկաներում։

Ամունդի-Ակբա Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդերի հիմնադրումից ի վեր, ընկերությունը համատեղում է ակտիվների կառավարման միջազգային լավագույն փորձն ու տեղական շուկայի խորը իմացությունը՝ արդյունավետ կառավարելով ֆոնդերում կուտակողների կենսաթոշակային միջոցները։ Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում ընկերությունը ձևավորել է կայուն աճի վստահելի պատմություն և էական ազդեցություն է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման վրա՝ ներկայումս կառավարելով շուրջ 558 000 անձանց կենսաթոշակային ակտիվներ։

Ֆոնդերի եկամտաբերությունը 2025-ի համար կազմել է՝ (եկամտաբերության ցուցանիշները հստակ կողմնորոշիչ չեն ապագա եկամտաբերության համար)

 

Ամունդի-Ակբա պահպանողական ֆոնդ՝ +12%

Ամունդի-Ակբա հավասարակշռված ֆոնդ՝ +12,4%

Ամունդի-Ակբա կայուն եկամտային ֆոնդ՝ +10,1%

2025 թվականի ընթացքում Ամունդի-Ակբան ընդլայնել է տեղական ներդրումային գործունեությունը՝ ներդրումներ կատարելով ոչ ֆինանսական ոլորտի ընկերությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերում։ Միաժամանակ ընդլայնվել է արժութային հեջավորման գործիքակազմը՝ նոր ISDA-ով կարգավորվող խաչաձև արժութային սվոփերի միջոցով, ինչպես նաև բարելավվել է եկամտաբերության և իրացվելիության կառավարումը՝ GMRA-ով կարգավորվող հակադարձ ռեպո գործարքների կիրառմամբ։ Օգտագործվել են նաև մասնավոր կապիտալի հնարավորությունները։

Այսօր հրավիրած ասուլիսում Ամունդի-Ակբա ընկերության գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով փոխտնօրեն Հրայր Ասլանյանն ասաց, որ միայն 2025 թվականին ֆոնդերն աճել են 185 մլրդ դրամով, որից 75 մլրդ-ը եկամուտն է եղել, 110 մլրդ-ը՝ կուտակային հատկացումները. «Եթե ընդհանուր դինամիկան նայենք, վերջին մի քանի տարիների համար ակտիվների տարեկան ընդհանուր աճը կազմել է ավելի քան 30 տոկոս»։

Հրայր Ասլանյանի խոսքով՝ 2025 թվականը կարեւոր տարի էր, քանի որ ունեցել են ոչ ֆինանսական ոլորտի թողարկումներ։ «Երեք նոր ոչ ֆինանսական թողարկողներ ունեցանք մեր ֆոնդերում։ Տարին կարեւոր էր նաեւ նրանով, որ արտարժույթի հեջավորման հնարավորությունները մեր ֆոնդում ավելացրեցինք։ Գիտեք, որ ֆոնդի ակտիվների շուրջ 1/3-ը ներդրված է արտերկրում, դրանք ձեռք են բերվում սովորաբար դոլարի, եվրոյի կամ տարբեր արժույթների միջոցով։ Եվ ռիսկն այն է, որ երբ դրամն արժեւորվում է, ինչպես մենք տեսնում ենք մեր օրերում, դա կարող է վնասակար ազդեցություն ունենալ կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության վրա։ Հետեւաբար, այս հեջավորման գործիքները, որոնք մենք դեռեւս 2022 թվականին ներդրեցինք եւ 2025-ին ընդլայնեցինք, օգնում են, որպեսզի այդ ռիսկերը կարողանանք ավելի լավ կառավարել»,- նշեց նա։

Ըստ Ասլանյանի՝ երեք ֆոնդերի ներդրումները բավականին դիվերսիֆիկացված են թե Հայաստանում, թե ՀՀ սահմաններից դուրս։ «Իսկ եթե կենտրոնանանք միայն հայաստանյան ներդրումների վրա, դրանց ծավալը կազմել է 492 մլրդ դրամ։ Արտասահմանյան ներդրումները տարեվերջի դրությամբ կազմել են 258 մլրդ դրամ»,- հավելեց նա։

Ամունդի-Ակբա ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, նշեց, որ իրենց նպատակն ապահով ներդրումներ իրականացնելն է։

2022-ի առաջին երեք եռամսյակներում կենսաթոշակային ֆոնդերը գրանցել էին բացասական եկամտաբերություն, ինչն անհանգստություն էր առաջացրել կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների շրջանում։ Մեր հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի հնարավորինս մեղմվեն ներդրումային ռիսկերը, եւ մարդիկ չանհանգստանան իրենց կենսաթոշակային գումարների համար, Ժան Մազեջյանը պատասխանեց․ «Միշտ, երբ ներդրումներ ենք անում, ստուգում ենք, թե դիմացը ինչ ռիսկ կա, ոչ թե գնում ենք այն ներդրումների հետեւից, որոնց տոկոսը բարձր է։ Սա ժողովրդի փողն է, դրա համար մենք միշտ ռիսկերը գնահատում ենք, չենք փնտրում ամենաբարձր տոկոսներով ներդրումները»։

Հրայր Ասլանյանն էլ ասաց․ «Մարդկանց արձագանքը, որ եկամուտն ամիս ամսվա վրա կարող է տատանվել, հասկանալի է, բայց մեր կարեւոր հանձնառությունն է մարդկանց ներկայացնել, թե դա ինչի արդյունքում է, եւ մենք ինչ ենք անում, որպեսզի նման տատանումների ազդեցությունը հնարավորինս մեղմենք։ Ինքը երկարաժամկետ ներդրում է, նման տատանումներ պարբերաբար լինելու են»։

Առաջիկա տարիներին Ամունդի-Ակբան նպատակ ունի խորացնել համագործակցությունը տարբեր հաստատությունների հետ՝ խթանելու կապիտալի շուկայի զարգացումը, ստեղծելու նոր ներդրումային հնարավորություններ կենսաթոշակային ֆոնդերի համար և նպաստելու Հայաստանի տնտեսության երկարաժամկետ աճին։

Անդրադառնալով 2026-ի անելիքներին՝ Հրայր Ասլանյանն ասաց․ «Եթե խոսենք հայաստանյան շուկաների մասին, մեր հիմնական կենտրոնացումը լինելու է ոչ ֆինանսական հատվածի ներդրումները մեծացնելու վրա։ Խոսքը եւ ցուցակված պարտատոմսերի, եւ բաժնետոմսերի, եւ մասնավոր ներդրումների մասին է։ Հայաստանյան շուկայից դուրս եւս բազմաթիվ հնարավորություններ կան, չնայած, միեւնույն ժամանակ ունենք մեծ անորոշություններ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական գործոնով, տնտեսական ռիսկերով։ Մեր խնդիրն է փորձել այնպես անել, որ այդ անորոշությունների պայմաններում ունենանք առավելագույն եկամտաբերություն մեր ֆոնդերի համար՝ ռիսկի ընդունելի մակարդակում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728