Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը

Փետրվար 03,2026 16:15 Share

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության արժանացավ ԱԺ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ 

Դրանով, մասնավորապես, նախատեսվում է գործող օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը

  1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում՝

1) սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը.

2) բռնությանն եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը.

3) ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը.

4) պոռնկագրություն տարածելը.

5) քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը:

6) քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

2.Ուղիղ եթերի ժամանակ սույն հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 4-րդ կետի, սահմանված արգելքները խախտելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:

3.Կարգավորող պետական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններ:

4) Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն:

5) Արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը:

6) Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կետերով եւ 4-րդ մասով նախատեսված տեսալսողական հաղորդումների նկատմամբ տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:

7) Պետության հայտարարած սգո եւ հիշատակի օրերին արգելվում է հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների եւ գովազդի հեռարձակումը:

8) Հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեսալսողական հաղորդումներն առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության արհեստական արգելքի (կոդի) ներդրման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում:

9) Արգելվում է հեռարձակողի, ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումն առանց դրանց գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը»:

Նախագիծը ներկայացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա ասաց, որ օրենքի 49-րդ հոդվածում եւս փոփոխություններ են նախատեսում։ Մասնավորապես, կա դրույթ, որ ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության բացառման պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման մասին կարգավորող պետական մարմնի կողմից տեղեկացվելուց հետո 24 ժամվա ընթացքում դադարեցնում է տվյալ տեսալսողական ծրագրի վերահաղորդումը:

Ըստ Հայրապետյանի՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակություն կարող է համարվել այն տեղեկատվական, վերլուծական կամ քարոզչական բնույթի հաղորդումը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակ ունի ազդել ներքաղաքական կյանքի գործընթացների վրա, այդ թվում՝ պետական իշխանության ձեւավորման, ընտրությունների կամ հանրաքվեների, քաղաքական կուսակցությունների կամ շարժումների գործունեության, հանրային կարծիքի ձեւավորման ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը հարցրեց Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին․ «Քանի՞ նոր մոնիթորինգի ենթակա հեռուստաալիք է այս կարգավորումով գալու ձեր դաշտ։ Ասեք, որ մարդիկ իմանան՝ ինչի վրա ուշադրություն դարձնեն, երբ զանգեն ձեր թեժ գծին»։

Տիգրան Հակոբյանն ասաց․ «Կաբելային ցանցերում ունենք մոտ 300 վերահեռարձակվող հաղորդում, որոնցից 40-ը այսպես թե այնպես մեր վերահսկողության տակ են։ Հանրօգուտ ուղղվածություն ունեցող կամ սպորտային հաղորդումները, մենք չենք կարծում, որ կարիք կա դրանց մեջ մտնելու ու դիտարկելու։ Եթե, Աստված չանի, մի բան լինի, առաջինը մենք կիմանանք, երկրորդը, բողոքների ինստիտուտը կա։ Այդ 300 ցանկը մեր մոտ արդեն դրված է ովքեր են հիմնադիրները, որ երկրի արտադրանք է, ինչ լեզվով է։

Եվ մեր հաշվարկներով՝ կա մոտ 2 տասնյակ օտարերկրյա հեռարձակող, որոնք այսպես թե այնպես ուշադրության կարիք ունեն, իսկ դա մեծ ծավալ չէ, մեծ ռեսուրս չէ մեզ համար։ Աստված տա շուտ ընդունվի այս օրենքը, մենք կարծում ենք՝ մինչեւ տարվա կես կաշխատենք, այն ժամանակ մի հատ կկարողանանք գնահատել մեր հնարավորությունները եւ կարիքները, դրանով կմտնենք կառավարություն»։

Ամբողջական տեսանյութը՝ շուտով

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728