Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2026 թվականի հունվարի 14-30-ը շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում և սահմանել իրավակարգավորում այն մասին, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս՝ նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններ, հաղորդակցության այլ ձևերից (այդ թվում՝ փոստային առաքանուց) օգտվելու սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ողջունում է նախագիծը՝ այն դիտարկելով որպես կարևոր առաջընթաց։ Միևնույն ժամանակ ուսումնասիրության արդյունքում արձանագրել է որոշ թերացումներ, որոնց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությանը։
Նախագծում նշվում է, որ «դատարանի որոշմամբ կարող է սահմանվել բացառություն…»։ Սակայն այս ձևակերպումը թողնում է չափազանց լայն դատական հայեցողություն, ինչի արդյունքում կարող է փաստացի չիրականացվել մեղադրյալի կրթության իրավունքը: Ուստի առաջարկում ենք լրացնել կարգավորումը՝ սահմանելով, որ տնային կալանք կիրառելու դեպքում դատարանը պարտավոր է քննարկել մեղադրյալի կրթության շարունակության հարցը, եթե վերջինս սովորող է: Այս կերպ կրթության իրավունքը չի վերածվի միայն «բարի կամքի» դրսևորման, այլ կդառնա իրավական պաշտպանության առարկա՝ նվազեցնելով կամայականության ռիսկը:
Նշված փոփոխությունը սահմանափակված է միայն հանրակրթությամբ, մինչդեռ տնային կալանքի տակ կարող են հայտնվել նաև այն անձինք, ովքեր սովորում են միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ուստի առաջարկում ենք բացառությունը տարածել բոլոր կրթական ծրագրերի նկատմամբ՝ ներառելով նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերը: Սա կկանխի անհավասար վերաբերմունքը տարբեր կրթական մակարդակների նկատմամբ և խտրական կամ տարբերակված մոտեցումը տնային կալանքի տակ գտնվող անձանց հանդեպ:
Կարդացեք նաև
Բացի այդ, միայն իրավական թույլտվությունը բավարար չէ, եթե տնային կալանքի տակ գտնվող անձինք չունեն անհրաժեշտ սարքավորումներ, ինտերնետային հասանելիություն կամ առկա չեն նրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ: Ուստի առաջարկում ենք նախագծի ընդունմանը զուգահեռ մշակել հատուկ ընթացակարգեր, որոնք կսահմանեն տնային կալանքի տակ գտնվող անձանց հեռավար կրթությանը մասնակցելու տեխնիկական պայմանները և նրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմները՝ ապահովելով ինչպես կրթության իրավունքը, այնպես էլ խափանման միջոցի նպատակները: Առաջարկում ենք սահմանել, որ իրավասու որևէ պետական մարմին պարբերաբար տվյալներ հրապարակի տնային կալանքի տակ գտնվող սովորողների և նրանց կրթության շարունակության գործընթացի վերաբերյալ՝ ապահովելով գործընթացի թափանցիկություն:
Վերլուծելով շրջանառվող նախագծով առաջարկվող կարգավորումը՝ արձանագրել ենք, որ այն վերաբերում է բացառապես քրեական դատավարության փուլում գտնվող անձանց, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Առաջարկվող կարգավորումը չի տարածվում այն դատապարտյալների վրա, որոնք ազատազրկման ընթացքում մասնակցել են հանրակրթական ծրագրերի և ազատվել են դեռևս ուսուցման ընթացքի ժամանակ: Այս հանգամանքը ստեղծում է կրթության ընդհատման ռիսկ, քանի որ գործող իրավակարգավորումներում բացակայում են հստակ երաշխիքներ այն մասին, որ նշված անձինք կարող են ազատության մեջ շարունակել ազատազրկման ընթացքում սկսած հանրակրթական ծրագիրը: Կրթության իրավունքը, ամրագրված լինելով ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով և մի շարք միջազգային փաստաթղթերով, ենթադրում է ոչ միայն կրթության մատչելիություն, այլև շարունակականություն հատկապես այն դեպքերում, երբ կրթությունը հանդիսանում է վերասոցիալականացման և կրկնահանցագործության կանխարգելման կարևոր գործիք: Ողջունելով շրջանառության մեջ դրված նախագիծը՝ առաջարկում ենք ՀՀ արդարադատության նախարարությանը ձեռնամուխ լինել նաև վերը նշված օրենսդրական խոչընդոտի կարգավորմանը՝ նախատեսելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք կսահմանեն, որ անձինք ազատազրկման ընթացքում սկսած հանրակրթական ուսուցումը կարող են շարունակել ազատության մեջ: Այսպիսով կապահովվի կրթության շարունակականությունը՝ որպես վերասոցիալականացման պարտադիր տարր:
Նարե Հովհաննիսյան
ՀԿ նախագահ, Քրեական արդարադատության փորձագետ և հետազոտող
Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

















































