Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ, թե ԹՐԻՓՓ-ն ի՞նչ է մինչև վերջ։ Ես դեռ ոչ մի բան չեմ հասկացել»․ Սերժ Սարգսյան

Փետրվար 03,2026 18:10 Share

«Ավելի վատը սպասեք, ոչ միայն իմ հանդեպ, այլև բոլորի։ Ավելի վատ է լինելու»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով իրեն առաջադրված մեղադրանքին և դատական գործընթացին վերաբերող հարցին։

Պատասխանելով հարցին, որ իր իշխանության շրջանում նույնպես հնչում էին մեղադրանքներ, թե դատավորներին պատվերներ են տրվել, քաղբանտարկյալներ են եղել, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ դուք հավասարության նշան եք փորձում դնել, բայց դա ձեզ չի հաջողվի, որովհետև դուք չեք կարող մի օրինակ բերել, որ ինձ մեղադրեին պատվեր տալու մեջ։ Չկար այդպիսի բան»։

Հարցին՝ Հայաստան պետության գոյության գրավականը կարո՞ղ է դառնալ ԹՐԻՓՓ նախագիծը, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ինձ համար դժվար է պատասխան տալ, որովհետև չգիտեմ, թե ԹՐԻՓՓ-ն ի՞նչ է մինչև վերջ։ Ես դեռ ոչ մի բան չեմ հասկացել։ Հասկացել եմ, որ ադրբեջանցիները դրան անվանում են միջանցք, թուրքերը՝ միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք կամ, չգիտեմ, երաշխավոր, կամ՝ խաչմերուկ, կամ ինչ-որ բաներ հնարած։ Բայց դե հայտնի է, որ իրենց ասածները մեկ շաբաթ հետո կփոխվեն, մեկ ամիս հետո կփախվեն, երկու ամիս հետո բոլորովին հակառակը կլինի»։

Այս փաստաթղթում ռիսկեր կա՞ն, թե՝ ոչ, Սերժ Սարգսյանը կարող է ասել այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե այդ փաստաթուղթն ի՞նչ կարգավիճակ ունի։

Հարցին՝ բավարար՞ է այդ փաստաթուղթն՝ ասելու համար, որ խաղաղություն կբերի կամ արդեն բերել է, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Հայկական բանակը չթողեցին, որ խաղաղության երաշխավոր լինի, այդ փաստաթուղթը ի՞նչ խաղաղության երաշխավոր դառնա»։

Ըստ նրա՝ տնտեսական հարաբերությունները կարող են նպաստել խաղաղությանը, բայց երաշխավոր չեն կարող լինել․ «Խաղաղության երաշխիք կարող են լինել միայն ու միայն այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու մեծ ունակություն ունեն»։

2026-ի ընտրություններին գնահատական տալը Սերժ Սարգսյանը դեռևս շուտ է համարում։ Նա միայն ասաց, որ այլ ուժերի հետ դաշինքով ընտրություններին մասնակցության հարցը ՀՀԿ-ում չեն քննարկել։ Սերժ Սարգսյանը չի էլ կարծում, որ դա հնարավոր է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728