Փետրվարի 2-ին Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետարանում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և «Santé Arménie» ասոցիացիայի համագործակցությամբ, կազմակերպվել է «Առողջապահությունը Հայաստանում. բարեփոխման պահը» խորագրով համաժողով։
Համաժողովին ելույթներ են ունեցել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն (առցանց) ու Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։ Կլոր սեղաններին որպես զեկուցողներ հանդես են եկել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության առողջապահության հարցերի համակարգող Ժորժ-Ֆաբրիս Բլումը, «Santé Arménie» ասոցիացիայի նախագահ Արսեն Մեքինյանը, Ֆրանսիայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Նադյա Գործունյանը, ոլորտի առաջատար մասնագետներ, փորձագետներ, սփյուռքի ներկայացուցիչներ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ելույթում ներկայացրել է 2025թ. դեկտեմբերին ընդունված առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ու Հայաստանում արդեն իսկ գործարկված ապահովագրության համակարգը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող առողջապահական համակարգի բարեփոխումների շուրջ։
Իր խոսքում դեսպան Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ դինամիկ զարգացող հարաբերություններին, ընդգծել է առողջապահության ոլորտում համագործակցության կարևորությունը։
Կարդացեք նաև
Հայաստանի դեսպանը շեշտել է, որ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի դիմադրողականության բարձրացումը, որի կարևոր բաղադրիչներն են ինչպես անվտանգության, տնտեսության, կրթության, այնպես էլ՝ առողջապահության կարողությունները։ Այս նպատակով Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է մի շարք կարևոր բարեփոխումներ առողջապահության ոլորտում։
Համաժողովին զեկուցողները ներկայացրել են «Santé Arménie»-ի կողմից տարիներ ի վեր Հայաստանում՝ ինչպես Երևանում, այնպես էլ մի շարք համայնքներում իրականացված առողջապահական ծրագրերն ու ընթացիկ նախագծերը։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն


















































