Լրահոս
Օրվա լրահոսը

«Բագրատ սրբազանը պահվում է նույն խցում, որտեղ 1937-ին սպանվել է Բագրատ եպիսկոպոս Վարդազարյանը»․ CSI նախագահ

Փետրվար 03,2026 19:11 Share

«Եկել ենք հետևողական աշխատանք կատարելու՝ որպես մեր փաստահավաք աշխատանքի շարունակություն, որն իրականացրել ենք նոյեմբերին։ Այստեղ ենք՝ հասկանալու համար, թե ճգնաժամը եկեղեցու ու պետության միջև ինչպես է փոխվել»,– Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International, CSI) և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ACPR) կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց CSI նախագահ, հայտնի իրավապաշտպան Ջոն Այբները։

Նա հայտնեց, որ այս այցի ընթացքում հանդիպել են մարդու իրավունքների պաշտպանների, փաստաբանների հետ, հանդիպել են Կաթողիկոսին՝ Մայր Աթոռում․ «Վճռական կանգնած է պաշտպանելու իր հոտին և ազգին։ Այսօր առավոտյան այցելել ենք Բագրատ սրբազանին՝ բանտում։

Նա նույն բանտախցում էր, որտեղ իր անունը կրող Բագրատ Վարդազարյան արքեպիսկոպոսը սպանվել է 1937-ին՝ խորհրդային ուժերի կողմից։ Ուրախ էինք Բագրատ սրբազանին տեսնել քաջ առողջությամբ»։

Ջոն Այբները հայտնեց, որ Բագրատ սրբազանը երկու ուղերձ է փոխանցել․ «Մեկն ուղղված է միջազգային կրոնական ազատությունների վեհաժողովին, որը տեղի է ունենում Վաշինգտոնում, երկրորդը՝ ՋեյԴի Վենսին, որը շուտով կայցելի Հայաստան և Ադրբեջան»։

Նա ընթերցեց Բագրատ սրբազանի ուղերձը, որում մասնավորապես նշվում է․ «Տեղյակ եք, որ ոչ միայն ես, այլև իմ երեք եղբայր եպիսկոպոսները ձերբակալվել, հարցաքննվել են պետության կողմից հովանավորվող ԶԼՄ-ների արշավներով և բանտարկվել կեղծ մեղադրանքներով։ Հայ առաքելական եկեղեցու այլ հավատավոր հոգևորականներ սպառնալիքների ու բռնության են ենթարկվել, բայց դեռևս բանտարկված չեն։ Նրանց թվում է մեր եկեղեցու ղեկավար Գարեգին Կաթողիկոսը։ Իմ հանցանքն այն է, որ իշխանությանը ասում եմ անցանկալի ճշմարտությունը»։

Բագրատ սրբազանն իր ուղերձում վեհաժողովի անդամներին հորդորում է աղոթել իր և մյուս քաղբանտարկյալների համար և հորդորում ազատ արձակել Բաքվի հայ բանտարկյալներին։

Ըստ Ջոն Այբների՝ ճիշտ չէ, որ եպիսկոպոսները մեղադրվում են արդարադատության խոչընդոտման մեջ․

«Եթե ճիշտ եմ հիշում մեղադրանքը՝ քանի որ նրանք հրաժարվել են կառավարության հետ համագործակցությունից։ Մենք խոսում ենք անհատական դեպքերի մասին, սակայն պետք է նաև կարողանանք ամբողջ պատկերը տեսնել։ Թուրքիան ու Ադրբեջանն ասում են բացահայտորեն, որ հայ առաքելական եկեղեցին խաղաղության խոչընդոտ է։

Եվ կարող է թվալ, որ ՀՀ կառավարության այս քաղաքականությունը՝ լավ կամ վատ հետևանքով կատարելու ցանկացած պահանջ, որը կբերի խաղաղության, ինչպես Բագրատ սրբազանն ասաց, ՀՀ-ն այսօր գոյաբանական խնդրի առաջ է կանգնեցնում, և այս անհատական ճնշումների ու հալածանքների դրսևորումներն ավելի մեծ քաղաքականության դեմ ուղղված պայքարի դրսևորումներ են։

Հարց է ծագում՝ ՀՀ պետությունը կշարունակի՞ ծառայել ցեղասպանությունը վերապրածների սերունդներին, դրանից հետո տեղի ունեցած վայրագությունների՝ էթնիկ զտումների զոհերի շահերից ելնելով, թե՝ ոչ։ Եթե ոչ, այս ամենի տրամաբանական ավարտը կլինի այն, որ ՀՀ-ն կդադարի որպես ազգային պետություն գոյություն ունենալ և կկլանվի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728