«ՀՀ-ում ամենաբարձր մակարդակով լսելի է, որ ԼՂ հարցը փակված է։ Մենք այլ կերպ ենք նայում հարցին։ Մեր կարծիքով՝ քանի դեռ տեղահանված անձինք չեն վերադարձել իրենց տները և չեն կարողանում վերադառնալ, գործը փակված չէ և չպետք է փակված լինի»,- Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International, CSI) և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ACPR) կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Շվեյցարիայի ազգային խորհրդարանի անդամ Էրիխ Վոնտոբելը։
Ըստ նրա՝ տեղահանված անձանց վերադարձը պետք է կայուն խաղաղության համաձայնագրի անքակտելի մասը կազմի։ Նա նշեց, որ անում են ամեն ինչ, որպեսզի հայերի վերադարձի հարցը բերեն միջազգային ուշադրության կիզակետ։
Նա պատմեց, որ 2024 թվականի հոկտեմբերին հանդիպել է ԼՂ-ից տեղահանված անձանց հետ Երևանում․ «Նրանց հարցրել եմ երեք բան՝ ի՞նչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին, երկրորդը՝ ի՞նչ եք հիմա դուք ուզում, երրորդը՝ ինչպե՞ս կարելի է հասնել այդ նպատակին։ Նրանց հստակ առաջարկն էր՝ կլոր սեղան Ադրբեջանի և Արցախի միջև՝ միջազգային հարթակում։ Այդ հանդիպմանը խոստացա՝ կվերադառնանք Շվեյցարիա, և մենք կփորձենք անել ինչ-որ բան։
Կարդացեք նաև
Այնուհետև 2024 թվականի հոկտեմբերին ես խնդրագրով դիմեցի միջազգային հարցերի հանձնաժողովին, և այս խնդրագրի վերնագիրն էր՝ «Խաղաղության ֆորում ԼՂ-ի համար՝ նպաստելով հայերի վերադարձին»։ Հանձնաժողովում այս բանաձևն արժանացավ մեծամասնության հավանությանը, ապա այն ներկայացվեց խորհրդարանին։ 2024 թվականի դեկտեմբերին բանաձևն ընդունեց Շվեյցարիայի ազգային խորհուրդը, իսկ 2025 թվականի մարտին այն ընդունվեց նաև մարզերի պետությունների խորհրդի կողմից։ Դաշնային խորհուրդն արդեն կրում է մանդատ՝ իրագործելու այդ բանաձևը»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































