Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային իրավունքը եւ հայ ժողովրդի ներկայիս խնդիրները

Փետրվար 05,2026 13:00 Share

Իշխանությունը հրաժարվեց Արցախից, ընդդիմությունը չի կարողանում լուծում գտնել Արցախի հարցում, արցախահայերը երազում են Արցախ վերադարձի մասին, հայերը երազում են Արցախը վերադարձնելու մասին, ինչպես հարցը լուծել միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միջազգային իրավունքը հստակ է եւ գործել է մարդկության պատմության ամբողջ ընթացքում։ Միջազգային իրավունքի գործադրմամբ մեր ազգային խնդիրները, կարծում եմ, կարող ենք լուծել։

Իրականում ինչ տեղի ունեցավ։ Միջազգային հանրությունը Արցախը 1920-ականներին Բաքվի խանության վարչական տարածքի մեջ մտցնելը դիտարկեց որպես անարդարացի որոշում բոլշեւիկների կողմից, որի հետ տասնամյակներ շարունակ չէր հաշտվում հայ ժողովուրդը։

Խորհրդային միությունում 1980-ականների երկրորդ կեսերից սկսված վերափոխումները հայ ժողովրդին հույս ներշնչեցին, որ հասել է ժամը Արցախը մայր Հայրենիքին վերամիավորելու առումով։ Կովկասյան թաթարները հավատարիմ մնալով իրենց էությանը, փորձեցին այն կանխել հայերի նոր կոտորածներով՝ Սումգայիթում, Բաքվում եւ բուն Հայկական տարածքներում՝ Գանձակում, Գարդմանում եւ Արցախում։ Եթե մի հատվածում՝ Սումգայիթում, Բաքվում նրանց հաջողվեց դա անել ռուսական զորքի աջակցությամբ, ապա Արցախում հիմնականում դա չհաջողվեց հայ ժողովրդի զինված ինքնապաշտպանություն կազմակերպելու հետեւանքով։ Միջազգային հանրությունը, հանձինս ՄԱԿ-ի, ընդունեց մի քանի բանաձեւեր, որպեսզի սանձի Բաքվի խանությանը եւ ԵԱՀԿ կազմակերպության հովանու ներքո ստեղծեց Մինսկի խումբը, երեք գերտերությունների նախագահությամբ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի։ Հարցի լուծման համար հիմք ընդունեցին միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքները. ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշումը։ Եվ համանախագահների միջնորդությամբ շուրջ 30 տարի կողմերը բանակցում էին Արցախի խնդիրը լուծելու համար, հիմք ընդունելով միջազգային իրավունքի նշված երեք սկզբունքները։ Բաքվի խաները՝ հայր Ալիեւը, այնուհետեւ որդի Ալիեւը, բազմիցս փորձել են խախտել այդ սկզբունքները եւ ուժի կիրառմամբ լուծել խնդիրը, քանի որ ունեին Ռուսաստանի բազմակողմանի աջակցությունը, եւ բանակը զինելու առումով, եւ քաղաքական, եւ դիվանագիտական օժանդակությունը։

2020 թվականին հաշվի առնելով միջազգային բարենպաստ իրավիճակը եւ առ այդ պահը Հայաստանի ղեկավարության թույլ տված բազմաթիվ եւ կոպիտ սխալները, այդպես անվանենք, հիմնականում Արեւմուտքի մեկնած ձեռքը չբռնելը, այսինքն, գործընկեր դառնալու եւ համագործակցության առաջարկը, այդ թվում նաեւ անվտանգության առումով մերժելը,  հարձակվեց Արցախի վրա եւ դեռեւս ռազմաճակատում չհաղթած վիճակում Հայաստանի ղեկավարին ռուսների աջակցությամբ պարտադրեցին Արցախը հանձնելու թուղթ ստորագրել։ Որը եւ կատարվեց։ Սակայն Իլհամը, նաեւ Էրդողանը շատ լավ են հասկանում, որ Հայաստանի հաջորդ իշխանությունը այդ բոլոր թղթերը եւ բանավոր պայմանավորվածությունները, որոնք նրանք ստորագրել են եւ պայմանավորվել Փաշինյանի հետ, առ ոչինչ է համարելու եւ սկսելու է միջազգային իրավունքի տված հնարավորության սահմանում նոր գործընթաց՝ արցախահայերին վերադարձնելու Արցախ՝ իրենց բնակավայրեր՝ միջազգային անվտանգության ապահովմամբ՝ միջազգային զինված ուժերի տեղակայմամբ Արցախում եւ Արցախը մայր հայրենիքին վերադարձնելու առումով։

Միջազգային այս խառնաշփոթ իրավիճակում արդյոք հնարավո՞ր է միջազգային իրավունքի գործադրությունը

Միջազգային այս խառնաշփոթը երկար չի կարող շարունակվել, ռուս-ուկրաինական պատերազմը մտել է ավարտական փուլ, Ռուսաստանը կջախջախվի պատերազմում եւ կսկսվի երկարատեւ բանակցությունների շրջանը Արեւմուտքի, այդ թվում՝ Ուկրաինայի, որպես հաղթող, մի կողմից եւ Ռուսաստանի, որպես պարտված՝ մյուս կողմից, որի արդյունքում էլ կսկսվի նոր աշխարհակարգի սահմանման գործընթացը։ Այդ գործընթացի շրջանակներում Հայաստանը պետք է կարողանա առաջ բերել իր իրավունքների ոտնահարման խնդիրները, որոնք սկսվել են հարյուր տարի առաջ եւ առաջ մղել դրանք եւ հասնել իր բռնազավթված տարածքների ազատագրմանն ու միջազգայնորեն ընդունված իր սահմանների վերականգնմանը։

Դա անխուսափելի է։ Մենք թեւակոխում ենք պատմական նոր փուլ, երբ կրկին դերակատար է դառնալու Հայաստանը։ Որպեսզի այդ փուլը կրկին չձգձգվի, մեզ անհրաժեշտ է, որպեսզի ազգայնական, աստվածավախ մարդիկ եւ քաղաքական ուժերը, որոնք ապրում եւ գործում են քրիստոնեական արժեքներով, նաեւ ի հայտ եկած նոր ուժերը, որոնք որդեգրում են քրիստոնեական արժեքները պետության կառավարման եւ կյանքի հիմքում դնել, համախմբվեն եւ պետության կառավարումը վերցնեն իրենց ձեռքը։

Ժամանակի սղությունը այդպիսիներին պետք է դրդի գործել արագ եւ խելամիտ, եւ ամենակարեւորը, դուրս գալ էրդողանա-իլհամա-փաշինյանական թելադրած օրակարգերից՝ դուրս գալ հայ ժողովրդի ուժերը ջլատող այդ դաշտից եւ իրենց ուժերը կենտրոնացնել մեր պետության եւ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները լուծելու ծրագրեր եւ ուղիներ առաջադրելու, եւ ապագա ընտրություններին ընդառաջ համախմբվել, զբաղվել գործով եւ չեզոքացնել Հայոց իշխանության գլխին հայտնված այդ ահաբեկչական խմբավորմանը։

Միջազգային իրավունքը հազարավոր տարիներ գործել եւ ուղեկցել է մարդկությանը, որքան էլ, որ պատմության ընթացքում եղել են խելապակասներ, որոնք փորձել են իրենց կամքը թելադրել այլոց, շրջանցելով միջազգային իրավունքը։ Այդպիսիները կարճ ժամանակամիջոցում դուրս են շպրտվել պատմության թատերաբեմից։ Միջազգային իրավունքի գործադրման ցցուն օրինակ է թեկուզ եւ այն, որ ոչ օրինական ճանապարհով իշխանությունը զավթածին չեն ճանաչել այլք, եւ հազվադեպ են դեպքերը, երբ պատահական արկածախնդիրներ կարողացել են որեւէ երկրում գահին նստել եւ կառավարել։ Այդպիսիներին չեն ճանաչել ոչ միայն հարեւանները, այլեւ ընդհանրական ճանաչման չեն արժանացել, որպես իրավունքի կոպիտ ոտնահարումով իշխանությունը զավթածի։ Հին աշխարհում դա տեղի էր ունենում նոր թագադրված թագավորին այլ թագավորների կողմից թագ նվիրելու եղանակով, իսկ ներկա աշխարհում ընտրությունների արդյունքները ճանաչելով կամ չճանաչելով։ Նույնն է նաեւ իրավունքի առումով։

Արցախում Բաքուն իրականացրել է ցեղասպանություն, որի մասնակիցն է նաեւ Փաշինյանը։ Դա է պատճառը, որ Փաշինյանը ամեն կերպ աջակցում է Իլհամին։ Նա չդիմեց միջազգային ատյաններ, այդ՝ մարդկության դեմ իրականացված հանցագործությունը քննելու նպատակով եւ փորձում է, իր խելքով, փակել Արցախի հարցը։ Այդ տգետը եւ նրա շրջապատը մեր պատմությունը չիմանալով, չեն էլ պատկերացնում, որ հայ ժողովուրդը չի սասանվել նույնիսկ սուլթանների եւ բոլշեւիկների առաջ, ուր մնաց՝ ինչ-որ իլհամների կամ էրդողանների, կամ նիկոլների առաջ։

Այնպես որ, անհրաժեշտ է արագ ձեռնամուխ լինել միջազգային ատյաններում ներկայացնելու Արցախի ցեղասպանության եւ Արցախի վերամիավորման հարցը Մայր Հայրենիքին։

Վերջին տարիներին Փաշինյանի իրականացրած բանակցությունները եւ պայմանավորվածությունները հակասում են Վիեննայի պայմանագրերի վերաբերյալ կոնվենցիայի 52-րդ հոդվածի դրույթներին։ Դրանք տեղի են ունեցել եւ ունենում են ուժի ցուցադրման եւ գործադրման ազդեցության տակ, այդ պատճառով էլ, եթե նույնիսկ ստորագրեն եւ վավերացնեն էլ, ապա դրանք առ ոչինչ են, որովհետեւ հակասում են միջազգային օրենքին։ Միջազգային կոնվենցիաները, եթե պետությունը միացել է այդ կոնվենցիաներին, ապա դրանք հաստատվում են որպես օրենքներ եւ կազմում են ՄԱԿ անդամ երկրների օրենսդրության մաս։

Միջազգային օրենքները կարող են ժամանակավորապես կաղել, նրանց գործադրումը կարող է հետաձգվել, սակայն միշտ պետք է պատրաստ լինել դրանց գործադրմանը։ Այնպես որ, մեր ժողովրդին հորդորում եմ դուրս գալ Նիկոլի հակահայկական դաշտից եւ գործել ազգային դաշտում, ըստ կարողությունների եւ մասնագիտացումների՝ մեր տարածքային խնդիրները եւ հայ ժողովրդի իրավունքները միջազգային իրավունքի սահմանում լուծելու համար, իսկ պետությունը վերափոխել քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետության։

Քանի դեռ իշխանության ղեկին սրանք են, ամեն ինչ անելու են, որ ի նպաստ Հայաստանի որեւէ քայլ չկատարվի, ուստի այդ նպատակով անհրաժեշտ է իշխանությունից դուրս կազմել աշխատանքային խմբեր եւ դիմումներ, դատական հայցեր ներկայացնել եւ ՄԱԿ, եւ միջազգային դատարան եւ այլ կառույցներ։ Ժամանակային առումով վաղեմության խնդիր չկա, քանի որ խնդիրը դիտարկվում է մարդկության դեմ գործած հանցագործության տեսանկյունից, պարզապես անհրաժեշտ է, որ մենք առաջ ընկնենք։

Խնդրի առաջադրման մաս են կազմում նաեւ Ադրբեջան եւ ադրբեջանցի անվանումները։

Ադրբեջան անվանումը վիճարկելի է, այդ պետության անվանումը Բաքվի խանություն է։ Ադրբեջան անվանումը, Իրանի Ատրպատական պատմական գավառի անվանման աղավաղված ձեւն է։ Ռուսները եւ թուրքերը 100 տարի առաջ ստեղծելով այդ արհեստածին պետությունը, հույս ունեին այն Հայաստանի հաշվին այնքան հզորացնել, որ մի օր էլ փաստացի իրողությամբ, որը այժմ փորձում են անել Փաշինյանի միջոցով, միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանը որպես պետություն չի կայանում եւ իր գոյությամբ տարածաշրջանային անկայունության կենտրոնի է վերածվել եւ այն պետք է լիկվիդացնել։ Ադրբեջան անվանումը 1920-ական թվերից հետո ռուսները բերեցին ասպարեզ, որպեսզի հետագայում հնարավորության դեպքում կարողանան Իրանից պոկել Ատրպատական գավառը, իբրեւ Ադրբեջանի մաս, օգտագործելով այն հանգամանքը, որ այդ գավառի բնակչության հիմնական մասը թուրքախոս պարսիկներ են, որոնց փորձում են նույնականացնել իրենց հետ։ Ռուսաստանը փորձեց այդ ծրագիրը իրականացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, սակայն այն ժամանակ չհաջողեց։ Այդպիսի ծրագիր այժմ Ռուսաստանը իրականացնում է Ուկրաինայում, այն պատրվակով, իբր թե ռուսախոս ուկրաինացիները ռուսներ են եւ պետք է պաշտպանեն նրանց իրավունքները։ Այդ պատճառաբանությամբ էլ հարձակվեց Ուկրաինայի վրա, ռուսախոսների «իրավունքները» պաշտպանելու պատրվակով եւ միացնելու Ռուսաստանին։ Պատերազմն առ այսօր շարունակվում է, ահռելի վնաս հասցնելով ուկրաինացի ժողովրդին, իրականում Ուկրաինայում Ռուսաստանը իրականացնում է ցեղասպանություն, ավերելով այդ երկիրը։ Այդ նույն սցենարը նախատեսել էին Իրանի նկատմամբ, պարզապես անցյալ հարյուր տարվա ընթացքում միջազգային առումով հարմար իրավիճակ չստեղծվեց, որ իրականացնեին։

Ցանկացած պետության անվանումը պետք է պատմական եւ ազգային հիմք ունենա։ Բաքվի խանության ադրբեջան անվանումը այս երկու պայմաններից որեւէ մեկին չի բավարարում։ Պատմության ընթացքում չի եղել ադրբեջան անվանումով տարածք, չի եղել «ադրբեջանցի» ազգություն, չի եղել «Ադրբեջան» անվանումով պետություն:

Բաքվի խանության կողմից ներկայումս զբաղեցրած տարածքների մի մասը, դրանք մերն է եւ պատմականորեն, եւ միջազգայնորեն ընդունված փաստաթղթերով։ Իսկ մյուս մասը Իրանինն են եւ պատմականորեն, եւ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այդ տարածքները Ռուսաստանը Իրանից զավթել է 200 տարի առաջ պատերազմի արդյունքում։ Այնպես որ, որպես առաջին քայլ պետք է այդ անվանումը չեղարկել, դիտարկել միջազգային պատկան մարմիններին եւ վիճարկել այդ անվանումը, եւ այն անվանել իր պատմական անվանումով՝ Բաքվի խանություն, իսկ ադրբեջանցի շինծու անվանումը փոխել իրենց անունով՝ կովկասյան կամ կովկասի թաթարներ, կամ ուղղակի թաթարներ։ Եվ քանի որ այժմ ստեղծվել է նոր իրողություն, ուստի եւ հասնել այդ տարածքները օրինավոր տերերին վերադարձնելուն՝ Կասպից ծովից մինչեւ Քուռ գետ Իրանին, իսկ Քուռ գետից դեպի արեւմուտք՝ Հայաստանին՝ միջազգային իրավունքի շրջանակում։

Այնպես որ, դեռ շատ անակնկալների ենք ականատես լինելու։ Մեր գործը արդար է եւ իրագործելի, պարզապես պետք է հավատալ Աստուծուն, վստահ լինել սեփական ուժերի վրա եւ հետամուտ լինել մեր ազգային խնդիրները լուծելուն։

Աստված թող պահպանի մեր սուրբ Հայրենիքը եւ հաստատի իր իշխանությունը մեր վրա։

Մեխակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

22.01.2026

«Առավոտ» օրաթերթ
04.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728