Բլոգեր Արթուր Չախոյանն այսօր մի տուփ ձվով գլխավոր դատախազություն էր եկել: Շենքի դիմաց բողոքի ցույց անցկացրեց, հետո տուփով ձվերը հանձնեց դատախազության աշխատակիցներին:
«Այս ձուն փոխանցեմ իրենց, որ պաշտոնյաները նայելով ձվին՝ հասկանան՝ ով են»,- ասաց Չախոյանը:
Նա նաեւ պատմեց՝ ինչու է դատախազության շենքի դիմաց նման ցույց անցկացնում:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ որոշ ժամանակ առաջ մի խումբ անձինք իր վրա են հարձակվել ու բջջային հեռախոսն են գողացել, ինչից հետո facebook-ում անհայտ անձից նամակ է ստացել՝ «սուս մնա, գիտենք՝ ում հետ, ինչ ես խոսում». «Թեեւ իմ հեռախոսի կամ նամակագրությունների մեջ չկա մի տեղեկություն, որից վախենամ ու լռեմ, բայց փորձելու նպատակով ասացի՝ լավ մի երկու ամիս սուս մնամ, բան են ուզում հրապարակեն երեւի, որովհետեւ մուտք էին գործել հեռախոսիս մեջ: Ոստիկանությանը դեպքի առթիվ հաղորդում ներկայացրի, այդ ժամանակ ոստիկաններն ինձ վրա հարձակված ու հեռախոսս գողացած մարդկանց նկարները ցույց տվեցին, հարցրին ՝ իրե՞նք են, հաստատեցի՝ այո: Բայց, փաստորեն իմ սուս մնալու ընթացքում իմ վրա հարձակված անձինք, որոնց դեմքերը հստակ ֆիքսված կա տեսագրությամբ, դարձան անհայտ անձինք»:
Ըստ Չախոյանի՝ այդ «անհայտ անձանց» իրավապահները մինչ օրս չեն կարողանում հայտնաբերել, իսկ իր հաղորդման հիման վրա երկու առանձին քրեական վարույթներ նախաձեռնեցին. «Գործերը տարանջատեցին, որ օրենքի մեղմ տառով անդրադառնան կատարվածին: Երկու հոգի հարձակման, երկու հոգի հեռախոս գողանալու մեջ է մեղադրվում: Այսպիսով՝ ուզում են պատժից ազատել: Դեպքի վերաբերյալ դատախազություն եմ դիմում ուղարկել՝ հայտնելով, որ գողություն անողների դեմքերը կան, բայց համապատասխան տեսանյութ եմ տվել ոստիկանությանը, որը քրեական գործի ապացույցներին չեն կցել: Դրա համար էլ գործը հարուցել են ոչ խմբի կազմում»:
Սպասելիքներ այս գործով Չախոյանն ասաց՝ չունի. «Ոչ մի սպասելիք չունեմ, ակնհայտ է՝ այս ամեն ինչը բարձրաստիճան պաշտոնյաների հովանու ներքո էն լինում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































