Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք հանդուրժելու մարդկանց, որոնք իրենց այցերով պարզապես փող են աշխատում. գալիս են այստեղ լռելու, լափելու, լակելու, մի հիմար զեկույց գրելու ու գնալու»․ Արմեն Աշոտյան

Փետրվար 05,2026 14:15 Share

«Մենք չենք հանդուրժելու այն մարդկանց, որոնք իրենց այցերով պարզապես փող են աշխատում. գալիս են այստեղ լռելու, լափելու, լակելու, հետո մի հիմար զեկույց գրելու ու գնալու»,- այսօր ԱԺ շենքի մոտ Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղբանտարկյալների եւ Բաքվի բանտերում բանտարկված մեր հայրենակիցների ցույցի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Members of the Republican Party of Armenia (RPA) Youth Wing hold a protest outside the National Assembly. Yerevan, Armenia

Ցույցը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի՝ ՀՀ խորհրդարան այցի առիթով։ Ցույցի մասնակիցները Հայաստանում եւ Բաքվում հայ քաղբանտարկյալների նկարներով էին եւ Հայաստանի քաղբանտարկյալներին ու «Ալիեւի բանտարկյալներին» ազատ արձակելու կոչերով պաստառներով։ Ցույցին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

ՀՀԿ փոխնախագահի բնութագրմամբ՝ հատկանշական է, որ ցույցի մասնակիցները եւ հայ ժողովուրդը գտնվում են ԱԺ շենքի ճաղերից այս կողմ, իսկ բանտային ճաղերի հետևում գտնվում են մարդիկ, ովքեր իրենց համոզմունքի, հավատի համար պայքար են մղում ու պատրաստ են կրել այդ պայքարի գինը։

«Մենք պետք է ամոթանք տանք եվրոպական կառույցներին, բայց եկեք անկեղծ խոստովանենք, որ առաջին ամոթի կրողը հենց մենք ենք, հայ ժողովուրդը, որին այսօր դեռեւս չի հաջողել ոչ միայն փոխել այս խայտառակ իշխանություններին, այլ նաեւ բանտերից ազատել իր լավագույն զավակներին»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանն ասաց, որ 25 տարի առաջ, երբ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին, այն ժամանակ հույսեր ունեինք, որ եվրոպական ինտեգրման ճանապարհը մեր երկրին բերելու է ազատություն, արժանապատվություն, հավասարություն, բարեկեցություն։ Բայց, 25 տարի անց փաստում ենք, որ այդ «ամբողջը փուչիկ է, կեղծ է»։

Իր գնահատմամբ՝ Եվրոպայի խորհուրդն այսօր «բարոյական բանկրոտ է»․ «Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցներ, թեպետ ստեղծված են եղել որպես ժողովրդավարության «հսկիչ շներ», վերածվել են ժողովրդավարության պուդելների, որոնց ընդամենը խուզում են, լվանում, կերակրում, սրտիկներ դնում, սակայն նրանց հաչոցը չի լսվում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ցույցի ավարտից հետո, ճեպազրույցում, Արմեն Աշոտյանն անդրադարձավ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի երեկ՝ ասուլիսում արած հայտարարություններին։

«Տիկին նախարարը երեկ խոստովանել է, որ կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ պատժի․ սա այն է, ինչի մասին մենք խոսում ենք»,- ասաց նա։

Արմեն Աշոտյանը պնդում է․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն է դեռ, ցավոք, բայց հայկական իշխանություն չէ»։ Նա նաեւ տարակուսեց՝ աշխարհի բոլոր երկրներում, բացի Հայաստանից, հակառուսականությունն ազգային հենք ունի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728