Լրահոս
Օրվա լրահոսը

Վենսի այցը Հայաստանի մասին չէր

Փետրվար 11,2026 10:00 Share

Պետք է խոստովանեմ, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի կերպարն ինձ համար համակրելի է: Իմ պահպանողական հայացքներին համահունչ է, որ ԱՄՆ-ում կա բարձրաստիճան մի ղեկավար, որը հաստատուն է իր քրիստոնեական համոզմունքների մեջ, ու դատելով նրա ելույթների համատեքստից, օրինակ, համարում է, որ ամուսնությունը միություն է տղամարդու եւ կնոջ միջեւ: Ես համաձայն եմ նման մոտեցման հետ, ինչն, իհարկե, չի նշանակում, որ այլ կարծիք ունեցողներին կամ այլ վարք դրսեւորողներին պետք է հետապնդել: Պարզապես հույս ունեմ, որ 2028 թվականին ԱՄՆ նախագահ կընտրվի հենց Վենսը, ինչն առնվազն եւս 4 տարով  կդանդաղեցնի (իհարկե, չի վերացնի) ձախ գլոբալիստական վակխանալիան, որի ընթացքը, ցավոք, առայժմ անկասելի է:

Սակայն այդ ամենը կապ չունի ԱՄՆ-Հայաստան ու ընդհանրապես տարածաշրջանային խնդիրների հետ: Վենսի այցը Հայաստանի եւ նույնիսկ Ադրբեջանի մասին չէր: Այնպես որ՝ ավելորդ է չափից դուրս խանդավառ «արեւմտամետների» ոգեւորությունը, թե Վենսը ճամպրուկով 9 միլիարդ դոլար է բերել եւ հեսա այդ փողերը բաժանելու են «ժողովրդին»: Կամ՝ որ Հայաստանին դրոններ են նվիրելու, որոնք մեզ պաշտպանելու են բոլոր թշնամիներից:

Այդ ամենն, իհարկե, ժողովրդական առասպելաբանություն է, որը հյուսվում է իշխանական քարոզչության միջոցով: Չեմ կիսում նաեւ հակառակ ճամբարից հնչող տեսակետը, թե իբր Վենսի այցը ճակատագրական, շրջադարձային նշանակություն ունի եւ Հայաստանի դեմ ինչ-որ համաշխարհային դավադրության մաս է կազմում:

Իրականում Հայաստանը՝ որպես այդպիսին, ԱՄՆ-ին չի հետաքրքրում: Ադրբեջանը, հասկանալի պատճառներով, իհարկե, ավելի շատ է հետաքրքրում, եւ Բաքվում նույնպես, փոքր-ինչ ավելի մեծ մասշտաբով, «փողային» եւ «զենքային» հայտարարություններ են հնչել:

Բայց ԱՄՆ բուն հետաքրքրությունը տարածաշրջանում այս պահին Իրանն է՝ հաշվի առնելով, որ պահպանվում է այդ երկրին ԱՄՆ հարվածների մեծ հավանականությունը՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ այդ գործողությունը գուցե որոշ ժամանակով հետաձգվել է: ԱՄՆ-ին այդ համատեքստում հետաքրքրում է նաեւ TRIPP-ը՝ որպես ամերիկյան հովանավորությամբ թուրք-ադրբեջանական հակաիրանական նախագիծ (նախեւառաջ՝ քաղաքական): Դե, մի քիչ էլ պետք է Ռուսաստանի նյարդերի հետ խաղալ: Բայց այդ առումով ԱՄՆ-ը աշխարհում անցկացնում է շատ ավելի մասշտաբային օպերացիաներ:

Փաշինյանի վերարտադրությունը ձեռնտու է ԱՄՆ-ին, Թուրքիային, ԵՄ-ին՝ դա պարզ է, եւ համապատասխան հայտարարություններ արդեն հնչել են: Բայց թող որոշ ընդդիմադիրներ չմոլորվեն՝ նա ձեռնտու է նաեւ Ռուսաստանին: Թուլակամ, մշտապես «այո» ասող ղեկավարը հարմար է բոլորին: Բացի մեզնից՝ ՀՀ այն քաղաքացիներից, ում ուղեղը չի հաջողվել լվանալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    «Փաշինյանի վերարտադրությունը ձեռնտու է ԱՄՆ-ին, Թուրքիային, ԵՄ-ին՝ դա պարզ է, եւ համապատասխան հայտարարություններ արդեն հնչել են: Բայց թող որոշ ընդդիմադիրներ չմոլորվեն՝ նա ձեռնտու է նաեւ Ռուսաստանին: Թուլակամ, մշտապես «այո» ասող ղեկավարը հարմար է բոլորին: Բացի մեզնից՝ ՀՀ այն քաղաքացիներից, ում ուղեղը չի հաջողվել լվանալ»:
    Հետևություններ անելով այս ճշմարտացի ձևակերպումից, անհրաժեշտ է, որ ուղեղները չլվացած քաղաքացիները միավորվեն և կանխարգելեն, որպեսզի բոլորին մշտապես «այո» ասող թուլակամ ղեկավարը մեր երկիրը չկարողանա դարձնել Ծերեթելու (իր ձևակերպմամբ՝ խաղաղության) խաչմերուկ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728