Սկիզբը՝ այստեղ:
Վենսի այցը Ադրբեջան, Ալիեւի ուղերձները եւ TRIPP-ը՝ աշխարհաքաղաքական հաշվարկներով
Վենսը՝ Բաքվում. խորհրդանշական մեկնարկ, քաղաքական ազդակներ
Փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Բաքու ժամանումը ոչ թե ընդամենը դիվանագիտական այց էր, այլ քաղաքական ազդակ՝ ուղղված թե՛ տարածաշրջանին, թե՛ միջազգային դերակատարներին։ Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում Վենսն ու Ալիեւը հանդես եկան կարճ, սակայն բովանդակային հայտարարություններով, որոնք նախանշեցին երկկողմ հարաբերությունների նոր փուլը։
Կարդացեք նաև
Ալիեւը շեշտեց, որ վերջին վեց ամիսներին երկու հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ ընդգծելով փոխադարձ շահերի առկայությունը։ Սա կարեւոր շեշտադրում էր. Բաքուն փաստացի ցույց է տալիս, որ կապը Վաշինգտոնի հետ ինստիտուցիոնալ չէ միայն, այլ ունի անձնական քաղաքական հենարան։ Վենսը, իր հերթին, փոխանցեց Թրամփի լավագույն մաղթանքներն ու երախտագիտությունը գործընկերության համար՝ ամրապնդելով այդ քաղաքական կապը։
Ռազմավարական համագործակցության կանոնադրություն
Վենսի եւ Ալիեւի կողմից ստորագրված ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրությունը փաստացի նոր որակ է հաղորդում հարաբերություններին։ Ալիեւը հայտարարեց, որ փաստաթղթի վրա աշխատել են վեց ամիս, եւ այն անվանեց համագործակցության նոր էջ։ Նրա ձեւակերպումը՝ «մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը», հստակ ուղերձ էր թե՛ ներքին լսարանին, թե՛ տարածաշրջանային մրցակիցներին։
Փաստաթղթում ամրագրվեց համագործակցությունը մի քանի առանցքային ուղղություններով՝ հանքային պաշարների միջազգային շուկաներ տեղափոխում Միջին միջանցքով, մարդասիրական ականազերծում՝ ֆինանսական աջակցությամբ եւ տեխնոլոգիական փոխանցմամբ, անվտանգության եւ էներգետիկ անվտանգության ոլորտներ, պաշտպանական սարքավորումների վաճառք, արհեստական բանականության տվյալների կենտրոնների ստեղծում։
Վերոնշյալ համակցությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին դիտարկում է ոչ միայն որպես էներգետիկ գործընկեր, այլեւ որպես լոգիստիկ եւ տեխնոլոգիական հանգույց։
TRIPP-ի նախագիծը. տնտեսական միջա՞նցք, թե՞ ռազմավարական ճարտարապետություն
Վենսը Բաքվում հայտարարեց, որ TRIPP («Թրամփի ուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար») նախագիծն արդեն իրականացվում է։ Նրա խոսքով՝ այն կստեղծի լրացուցիչ տնտեսական հնարավորություններ Ադրբեջանի համար եւ կհանգեցնի բնական պաշարների, այդ թվում՝ հազվագյուտ հանքանյութերի արտահանման ընդլայնմանը։
Ալիեւն ընդգծեց, որ «Թրամփի երթուղին» ոչ միայն կմիացնի Ադրբեջանի երկու հատվածները, այլեւ կդառնա Ասիան Եվրոպային կապող խոշոր եւ անվտանգ միջանցք՝ Հայաստանի եւ այլ հարեւանների մասնակցությամբ։ Այս ձեւակերպումը կարեւոր է. Բաքուն TRIPP-ը ներկայացնում է որպես տարածաշրջանային ինտեգրման հարթակ, սակայն վերահսկողության կենտրոնը ակնհայտորեն մնում է իր ձեռքում։
Վենսի գնահատականը, որ խաղաղությունը հնարավոր դարձավ Թրամփի, Ալիեւի եւ Փաշինյանի համատեղ ջանքերով, TRIPP-ին տալիս է քաղաքական լեգիտիմության հավելյալ շերտ՝ այն ներկայացնելով որպես խաղաղության նյութական շարունակություն։
Անվտանգություն եւ պաշտպանական բաղադրիչ
Ալիեւը հայտարարեց, որ շարունակելու են սերտ աշխատանքը անվտանգության եւ էներգետիկ անվտանգության ոլորտներում, ինչպես նաեւ բացում են պաշտպանական առեւտրի նոր էջ։ Սա կարեւոր զարգացում է. եթե մինչ այժմ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում պաշտպանական ոլորտը սահմանափակ էր, այժմ այն դառնում է ինստիտուցիոնալացված ուղղություն։
Վենսը հիշեցրեց նաեւ Ադրբեջանի դերը Աֆղանստանում՝ նշելով, որ Բաքուն վերջիններից էր, որ հեռացավ, եւ պահպանել է իր հեղինակությունը բարդ պայմաններում։ Այս հիշեցումը պատահական չէ. այն Ադրբեջանի անվտանգային վստահելիության ամրագրում է Վաշինգտոնի աչքում։
Նախորդ վարչակազմի «կարճատես քաղաքականությունը»
Բաքվում հնչեցրած մեկ այլ կարեւոր ուղերձում Վենսը քննադատեց նախորդ ամերիկյան վարչակազմին՝ այն որակելով «շատ կարճատես» Ադրբեջանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Թրամփի ղեկավարությամբ այդ սխալը շտկվել է։ Այս հայտարարությունը ոչ միայն ներքաղաքական հաշվարկ էր ԱՄՆ-ում, այլեւ ուղերձ՝ Բաքվին, որ ներկայիս վարչակազմը պատրաստ է առավել խոր համագործակցության։
Հիշատակի քաղաքականություն` Շեհիդների պուրակում
Փետրվարի 11-ին Վենսի այցելությունը Շեհիդների պուրակ խորհրդանշական նշանակություն ուներ Ադրբեջանի համար։ Եթե Երեւանում նա այցելել էր Ծիծեռնակաբերդ, ապա հեռացրել «X»-ից ավելի վաղ արված իր գրառումն ու լուսանկարները, ապա Բաքվում հարգանքի տուրք մատուցեց «Ադրբեջանի անկախության համար զոհվածներին»։
Ամերիկյան բիզնեսի ակտիվացում
Հարկ է նկատել, որ Վենսի այցից առաջ Բաքու էին ժամանել ԱՄՆ Առեւտրի պալատի ներկայացուցիչները՝ Apple, ExxonMobil, Boeing, Shell եւ այլ խոշոր ընկերությունների ղեկավարներով։ Քննարկումները կենտրոնացած էին TRIPP ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, երկաթուղային եւ հեռահաղորդակցական նախագծերի շուրջ։ Սա ցույց է տալիս, որ ռազմավարական համագործակցությունը միայն քաղաքական փաստաթուղթ չէ. այն ունի հստակ կորպորատիվ եւ ներդրումային հենք։
Դավոսյան ուղերձները. «Զանգեզուրի միջանցք» եւ խաղաղության փաստարկներ
Արձանագրենք նաեւ, որ հունվարի վերջին Դավոսում Ալիեւը Թրամփին ներկայացրեց «Զանգեզուրի միջանցքի», այդ թվում՝ TRIPP նախագծի կարեւորությունը։ Նա հայտարարեց, որ խաղաղությունն արդեն հաստատվել է եւ դրա վկայությունն են տնտեսական կապերը՝ նավթամթերքի արտահանումը Հայաստան եւ տարանցումները։ Դավոսում ստորագրված «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը, որին միացան Հայաստանը եւ Ադրբեջանը, խաղաղության գործընթացը տեղափոխեց գլոբալ հարթակ։
Տարանցումներ եւ ապաշրջափակում
Հունվարի 20-ին Ալիեւը հայտարարեց, որ «հեռու չէ այն օրը», երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով։ Նա ընդգծեց, որ միջանցքները դե ֆակտո բաց են, իսկ ապագայում տարանցումները կիրականացվեն ուղիղ սահմանով։ Այս հայտարարությունները ցույց են տալիս Բաքվի ռազմավարությունը՝ տնտեսական ինտեգրումը ներկայացնել որպես խաղաղության անշրջելիություն։
«Կանգ առնելու» որոշումը. պատերազմի էջը փակե՞լ
Դավոսի պանելային քննարկման ժամանակ Ալիեւը հայտարարեց, որ կարող էին շարունակել պատերազմը, սակայն կանգ առան՝ խուսափելու անդադար պատերազմներից։ Նա շեշտեց, որ խաղաղությունը հաստատվել է «թիվ մեկ աշխատասենյակում»՝ Սպիտակ տանը։ Այս ձեւակերպումը կարեւոր քաղաքական շեշտադրում է, քանի որ Բաքուն խաղաղությունը ներկայացնում է որպես ուժի եւ հաղթանակի արդյունք, ոչ թե փոխզիջման, եւ շարունակում է Հայաստանից պահանջել ու ստանալ նոր զիջումներ։
ԱՄՆ-ի համար ո՞վ է առավել արժեքավոր
Վերլուծելով ԱՄՆ-ից հնչող բոլոր հայտարարությունները՝ կարելի է արձանագրել, որ ԱՄՆ-ի համար Ադրբեջանը ներկայումս ունի ավելի մեծ ռազմավարական արժեք՝ էներգետիկ պաշարներ, միջին միջանցք, հազվագյուտ հանքանյութեր, աշխարհագրական դիրք Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, թուրքական եւ իսրայելական ուղղություններով սերտ կապեր։
Սակայն Հայաստանը կարեւոր է այլ հարթությունում՝ խաղաղության լեգիտիմացման, հաղորդակցությունների ամբողջականացման, տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից։
Վենսի այցը ընդգծեց, որ Վաշինգտոնը փորձում է չընտրել «մեկին մյուսի հաշվին», սակայն գործնականում, ակնհայտ է, որ տնտեսական եւ անվտանգային խոշոր նախագծերը կենտրոնանում են Բաքվի ուղղությամբ։
Չմնալ տարածաշրջանային նախագծերից դուրս, չկորցնել ինքնիշխան վերահսկողությունը հաղորդակցությունների նկատմամբ
Վենսի այցը Բաքու հաստատեց ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ռազմավարական խորացումը։ TRIPP նախագիծը դառնում է ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական հենասյուն։ ԱՄՆ-ն փորձում է Հարավային Կովկասում ստեղծել կապուղի, որը կմիացնի Կենտրոնական Ասիան Եվրոպային՝ շրջանցելով մրցակիցներին։
Հայաստանի համար սա նշանակում է երկակի մարտահրավեր. չմնալ տարածաշրջանային նախագծերից դուրս, միաժամանակ չկորցնել ինքնիշխան վերահսկողությունը հաղորդակցությունների նկատմամբ։
ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում, ըստ ամենայնի, շարունակելու է կառուցվել տնտեսական ինտեգրման եւ անվտանգային համագործակցության համադրությամբ։ Եթե Երեւանը կարողանա ձեւակերպել հստակ ազգային օրակարգ եւ ներգրավվել նախագծերում սեփական պայմաններով, ապա կարող է օգտվել ստեղծվող հնարավորություններից։ Հակառակ դեպքում՝ տարածաշրջանային ճարտարապետությունը կձեւավորվի առանց նրա որոշիչ խոսքի, շահերի սպասարկման ու ազդեցության։
Այսպիսով, Հարավային Կովկասը մտնում է նոր փուլ, որտեղ խաղաղությունը ներկայացվում է որպես ենթակառուցվածքային եւ տնտեսական նախագիծ։ Հարցն այն է՝ արդյոք այդ նախագիծը հավասարակշռված կլինի բոլոր կողմերի համար, թե՞ կծառայի առավելապես այն դերակատարին, որն ունի առավել մեծ ռեսուրսներ ու նախաձեռնողականություն։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.02.2026


















































