Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում, թշնամու ձեռքում գտնվելով, թշնամու, որը բացի «դատական» հաշվեհարդարից, կարող է նրա հետ նաեւ զուտ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, հաստատում է՝ «Արցախը եղել է, Արցախը կա, Արցախը կլինի»: Բամբակի մեջ ապրող ՔՊ-ականները՝ իրենց պաշտոններով, «պադավատներով» եւ պարգեւավճարներով, չեն համարձակվում տալ Արցախի անունը: Ակնհայտ, աչքի զարնող հակադրություն, որը շատ բան է բացահայտում մեր՝ հայաստանյան իրականության մասին:
Առաջին դեպքում մարդը՝ հանուն իր համոզմունքների, զոհաբերել է իր բարեկեցությունը, ազատությունը եւ պատրաստ է զոհաբերել իր կյանքը: Երկրորդ դեպքում մարդիկ գնում են ցանկացած նվաստացման, ցանկացած խեղկատակության, պատրաստ են պնդել 3-5 տարի առաջ իրենց ասածի տրամագծորեն հակառակը, միայն թե շարունակեն վայելել իրենց աթոռները:
Լայն իմաստով, դրանք երկու հակադիր մոտեցումներ են կյանքի եւ, մասնավորապես, պետության իմաստի վերաբերյալ: Եթե իմաստը բարեկեցիկ ապրելն ու կուշտ ուտելն է, ապա այդ դեպքում հանգիստ կարելի է պետություն չունենալ. օրինակ, Գլենդեյլում, Ստամբուլում կամ Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցների ընդհանուր կենսամակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանում:
Եթե դա է «իրական Հայաստանի» իմաստը, ապա Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց վարքը խիստ հակասության մեջ է մտնում այդ գաղափարախոսության հետ: Որովհետեւ պարզ չէ, թե ինչու, ունենալով շքեղ կյանքի բոլոր հնարավորությունները, նա ընտրեց հենց ինքնազոհության ճանապարհը: Եվ քանի որ «իրական Հայաստանի» (բարձր կալորիականությամբ սննդի) երկրպագուները դա չեն հասկանում, շատ բնական է, որ նրանք մինչեւ հիմա, նույնիսկ այս վիճակում շարունակում են Ռուբենին անվանել «ռսի ագենտ» եւ «թաթար Ռուբո»: Հասարակական դեգրադացիայի ավելի լավ ցուցիչ, քան այս մեկն է, հնարավոր չէ գտնել:
Կարդացեք նաև
…Լավ է, որ կան Ռուբեն Վարդանյանի նման մարդիկ, որոնք ժամանակ առ ժամանակ հիշեցնում են մեզ, թե ինչ է մարդկային, ազգային արժանապատվությունը: Եվ ամենակարեւորը՝ մեզ՝ հայերիս, պարզերես են դարձնում աշխարհի առաջ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Շնորհակալությու՛ն։
Հայոց Մեծերից քչերը գիտեն, որ իրենք Մեծ են, մինչդեռ ազգի խաժամուժի մեծ մասին թվում է, թե իրենք մեծ են։
Իմ կարծիքով, Ռուբեն Վարդանյանն արդի ժամանակահատվածում հանդիսանում է ազգային ամենանվիրյալ, ամենաուժեղ և ամենահետևողական Առաջնորդը, ով գտնվելով թշնամու բանտային ծանր պայմաններում և “դատական” խեղկատակության հոգեբանական ճնշումների ներքո, իր պահվածքով կարողանում է ցույց տալ հայի իսկական տեսակը և մեզ սովորեցնում է ազգային արժանապատվության իրական էությունը։