Շիրակի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են Գյումրի քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի անմիջական հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բնակարանում կատարված գողությունը։
Հունվարի 29-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ տանտերերը աշխատանքի էին, անհայտ անձինք համարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը և հափշտակել ոսկյա զարդեր, թանկարժեք ժամացույցներ ու 1900 եվրո։
Դեպքից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 5-ին, ոստիկանները հայտնաբերել են երկու կասկածյալի։ Պարզվել է, որ նրանք երկուսն էլ Գյումրիի բնակիչ չեն։ Մեկը մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցի 36-ամյա բնակիչ է, մյուսը՝ Արևշատ գյուղի 50-ամյա բնակիչ։
Ըստ նախնական տվյալների՝ 36-ամյա տղամարդը նստել է 50-ամյա արևշատցուն պատկանող «Նիսան» մակնիշի ավտոմեքենան, և երկուսով հատուկ ժամանել են Գյումրի՝ գողություն կատարելու նպատակով։
Կարդացեք նաև
Փետրվարի 5-ին ձերբակալվել է 50-ամյա տղամարդը, իսկ փետրվարի 7-ին՝ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում իր բնակարանում ձերբակալվել է 36-ամյա կասկածյալը։ Երկուսն էլ կալանավորվել են։
Տեղեկությունը հրապարակվել է Police.am կայքում, որտեղ նաև տեսանյութ է տեղադրվել դեպքի վերաբերյալ։
Մինչդեռ շարունակում են բաց մնալ մի շարք հարցեր․ ո՞վ է ուղղորդել Արարատյան դաշտավայրից ժամանած այս երկու տղամարդկանց դեպի Գյումրի, ո՞վ է հուշել բնակարանի գտնվելու վայրը, ոսկյա զարդերի և գումարի տեղը, և ո՞վ է նրանց տրամադրել համարեցված բանալի։ Գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում, և մանրամասները, հավանաբար, կհրապարակվեն առաջիկայում։
Նշենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Շիրակի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են նաև ավելի վաղ՝ նոյեմբերին, Գյումրու Շիրակացի փողոցի տնակներից մեկում կատարված մեկ այլ գողություն։ Այդ դեպքով կասկածվում են 23-24 տարեկան երկու գյումրեցի երիտասարդներ, որոնք գողացված հեռուստացույցի համար անմիջապես գնորդ էին գտել և այն վաճառել 31-ամյա մեկ այլ գյումրեցու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































