Aravot.am-ի հետ զրույցում ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Տարոն Թովմասյանն, ամփոփելով կանանց առաջնության արդյունքները, ասաց. «Առաջնությունը նախ գոհացնում է նրանով, մասնակիցների քանակը բավարարեց եւ բոլոր քաշային կարգերում ունեցանք մրցակցություն։ Եթե անցած տարիներին որոշ քաշային կարգերում լինում էր երեք մասնակից, այս առաջնությունում պայքարի մեջ էին հինգ, վեց մարզուհիներ։
Բարձրացված կիլոգրամների մասով ասեմ, որ այն աղջիկները, որոնք նախատեսում ենք, որ պետք է մասնակցեն Եվրոպայի առաջնությանը, մրցահարթակում ցույց տվեցին, որ այս պահին գտնվում են իրենց իրական մարզավիճակի 80-90 տոկոսի սահմաններում։ Այնպես որ, փետրվարի 28-ին Ծաղկաձորում մեկնարկող այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքում մարզչական շտաբը կաշխատի նրանց մարզավիճակը բարձրացնելու վրա։ Դրանից հետո միայն ավելի հստակ կկարողանանք ասել, թե ինչ վիճակում է թիմը եւ ովքեր կմեկնեն ապրիլի 19-ին Վրաստանում մեկնարկող Եվրոպայի առաջնություն։
Իհարկե, քաշային կարգեր կան, որտեղ արդյունքները մեզ չբավարարեցին։ Իսկ հիմնական առաջատարները՝ Էմմա Պողոսյան, Աննա Ամրոյան, Ալեքսանդրա Գրիգորյան, Մերի Միսակյան, Իզաբելլա Յայլյան, Լիանա Գյուրջյան, Տաթեւ Հակոբյան, ընդհանուր առմամբ գոհացրին։ Բայց բոլոր հարցերի վերջնական պատասխանը եւ հավաքականի կազմը կստանանք հիմնական ուսումնամարզական հավաքից հետո միայն»։
Կարդացեք նաև
Մարզիչն ափսոսանքով նշեց, որ Հայաստանի առաջնությունում երիտասարդական այնպիսի նոր անուններ ի հայտ չեկան, որոնք մոտ ապագայում կկարողանան արժանի մրցակցություն ցուցաբերել հիմնական կազմի անդամներին, թեեւ վերջիններն էլ, բացառությամբ երկու-երեք հոգու, դեռ իրենք են երիտասարդ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































