Լրահոս
Օրվա լրահոսը

Պատարագին Կաթողիկոսի անունը չհնչեցնելուն պարտադրելը հակասում է ՀՀ օրենսդրությանը. Աննա Սարդարյան

Փետրվար 16,2026 17:38 Share

Պատարագի կանոնական տեքստում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը հիշատակվում է մի քանի անգամ, որով արտահայտվում է եկեղեցական ենթակայությունը, եկեղեցու ներքին միասնությունը և նվիրապետական կարգը։

Այնուամենայնիվ 2025 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ի և պաշտոնյաների միջոցով փորձում է ճնշում գործադրել հոգևորականների վրա, որպեսզի նրանք չհիշատակեն Կաթողիկոսի անունը պատարագի ժամանակ։ Ավելին՝ Փաշինյանն ինքն է հաստատել այդ փաստը։

Որևէ հոգևորական չունի հայեցողական լիազորություն՝ փոխելու կամ զեղչելու պատարագի կանոնական կառուցվածքը, այդ թվում կամայականորեն շրջանցելու պատարագի կանոնական տեքստը և չհնչեցնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։

Որևէ պաշտոնյա, կամ համայնքային ծառայող, կամ մասնավոր անձ իրավասու չէ միջամտելու, որպեսզի այն պատարագներին, որոնց մասնակցում է վարչապետը, չհնչի Կաթողիկոսի անունը։

Համաձայն Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում։

Այլ կերպ ասած, պաշտոնյան չի կարող թելադրել պատարագի բովանդակությունը, չի կարող «համոզել», «հուշել» կամ «խնդրել»՝ չհնչեցնելու Կաթողիկոսի անունը, քանի որ դրանով այդ պաշտոնյան փաստում է, որ չի ճանաչում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում, ինչը հանդիսանում է վերոնշյալ օրենքի խախտում։

Եթե պետական իշխանության սուբյեկտները՝ վարչապետը, ԱԱԾ աշխատակիցները կամ նրանց անունից գործող անձինք օգտագործել են իրենց պաշտոնական ազդեցությունը, որպեսզի քահանաները փոխեն պատարագի կանոնական տեքստը (այդ թվում՝ Կաթողիկոսի անունը չհիշատակելու մասով), ապա սա այլևս ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական խնդիր է։

ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն անձի խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը, այդ թվում` կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու համար, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։

Այսինքն ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հոգևորականների վրա ճնշում գործադրելու, ակնհայտ կամ քողարկված սպառնալիքներ հնչեցնելու, «ցուցում տալու» կամ նույնիսկ «խնդրելու» արարքն ինքնին կարող է պարունակել հանցակազմ, անկախ այն բանից հոգևորականները տեղիք տվել են այդ ճնշմանը, թե ոչ։

ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ 

յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:

Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Միջազգային կարգավորումները կրոնի ազատության իրավունքի վերաբերյալ նույնաբովանդակ են․ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն՝

  1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։
  2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների։

Համաձայն այս կարգավորումների՝ կրոնի ազատության իրավունքի սահմանափակման դեպքերը սպառիչ թվարկված են, և այդ սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով։ Ինչպես գիտենք, որևէ օրենքով նախատեսված չէ, որ պատարագի ժամանակ կարելի է սահմանափակել հավատացյալների կրոնական ազատության իրավունքը՝ միջամտել կրոնական ծեսի անցկացմանը՝ «խնդրելով» չհիշատակել Կաթողիկոսի անունը։

Ամփոփում. պատարագի կանոնական տեքստի մեջ Կաթողիկոսի անվան հիշատակումը եկեղեցու ներքին ինքնավարության և նվիրապետական կարգի դրսևորում է։ Պետական մարմինների որևէ միջամտություն այդ բովանդակության փոփոխությանը հակասում է ՀՀ օրենսդրությանը և, ծառայողական ազդեցության կիրառման դեպքում, կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմ։

Աննա ՍԱՐԴԱՐՅԱՆ
փաստաբան, ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728