Ընդդիմության նախընտրական միավորների ուրվագծերն արդեն իսկ սկսում են երեւալ: Հուսամ, որ այդ կուսակցությունների եւ դաշինքների ղեկավարներն ու անդամները «հետին մտքեր» չունեն եւ իսկապես ցանկանում են մեր պետությունն ազատել Նիկոլ Փաշինյանի աղետաբեր կառավարումից: Ինչպես բազմիցս գրել եմ նախկինում՝ մեծ ցանկություն ունեմ, որ նրանք իրար չխանգարեն, չփորձեն իրարից ձայն խլել եւ, նույնիսկ իրար քննադատելով, պահպանեն էթիկական նորմերը:
Մի շարք ընդդիմադիր գործիչներ առաջարկում են, որ այդ բոլոր ուժերը ստորագրեն խարտիայի նման մի բան, որում կպարտավորվեն ապահովել ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը: Դա հատկապես կարեւոր է, քանի որ ակնհայտ է, որ ՔՊ-ն չունի այն աջակցությունը, որն ուներ նույնիսկ 2021 թվականին եւ պարտադիր դիմելու է «հին ու բարի» մեթոդներին, մասնավորապես՝ «տասովշիկների» օգնությանն ու վարչական ռեսուրսի օգտագործմանը: Դա են վկայում ՏԻՄ վերջին ընտրությունները, օրինակ, Վաղարշապատում:
Նման առաջարկն ունի նաեւ համախմբող նշանակություն. տարբեր ճանապարհ անցած, տարբեր գաղափարախոսություններ դավանող, բազմաթիվ հակասություններ ունեցող, ինչպես նաեւ իրար հետ առաջիկա ընտրություններում մրցակցող ուժերը պատրաստ են պահել քաղաքացիների քվեները՝ անկախ նրանից, թե ում են դրանք տրվելու:
Առայժմ նման հայտարարություն չկա: Բայց, եթե լինի, կարծում եմ` հնարավոր է մշակել միասնական դիրքորոշում եւս երկու հարցում, որտեղ, կարծես թե, կա ընդհանուր համաձայնություն. եկեղեցին եւ քաղբանտարկյալները: Մոտավորապես՝ դատապարտում ենք հոգեւորականների դեմ բռնաճնշումներն ու քաղաքական դրդապատճառներով քաղաքացիների հանդեպ հալածանքները:
Կարդացեք նաև
Հիմա պատկերացրեք, որ ՀՀԿ-ն եւ ԱԺԲ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, բոլոր մնացած ընդդիմադիրները նման փաստաթուղթ ստորագրեն՝ արդյոք դա դրական ազդակ չի՞ լինի հասարակությանը: Կարծում եմ՝ կլինի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Դուք էլ կարող եք բացասական ազդակները դադարեցնել, պարոն Խմբագիր։”Եթե իմաստը բարեկեցիկ ապրելն ու կուշտ ուտելն է, ապա այդ դեպքում հանգիստ կարելի է պետություն չունենալ. օրինակ, Գլենդեյլում, Ստամբուլում կամ Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցների ընդհանուր կենսամակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանում:” Լևոն Արոնյանը, Հենրիկ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը կամ Տիգրան Համասյանը մի կտոր կալբասի համա՞ր են գնացել արտասահման։ Վահագնի թաղամասում կամ Մոնումենտի վերևը ապրողների հետ համեմատ, Գլենդեյլում ապրողները չքավորներ են, ուղղակի։ Այնտեղ կուշտ ապրողներին էլ, պետություն ունենալը էնքան էլ չի մտահոգում, կերևի։ Այ, եթե այդ մարդիկ մի բան անեն, պոլսահայերն էլ, միգուցե, подтянуться։ Հարգանքներով։
Ճիշտն ասած, չհասկացա, թե ինչն եք Դուք վիճարկում: Միջին գլենդեյցին (average standard of living) ավելի լավ է ապրում, քան միջին հայաստանցին: Կարծում եմ, դա անվիճելի է: Առանձին հայաստանցիներ. այո, մեծահարուստ են: Մխիթարյանով եւ Արոնյանով ես հպարտանում եմ եւ բացարձակապես չեմ մեղադրում, որ նրանք հիմա ապրում են Հայաստանից դուրս: Ոչ էլ որեւէ մեկին: Բայց երեւի Ձեր ասածն ուրիշ է՝ պարզապես չհասկացա:
«Հիմա պատկերացրեք, որ ՀՀԿ-ն եւ ԱԺԲ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, բոլոր մնացած ընդդիմադիրները նման փաստաթուղթ ստորագրեն՝ արդյոք դա դրական ազդակ չի՞ լինի հասարակությանը»:
Դա ոչ միայն դրական ազդակ կլինի հասարակության համար, այլև նմանատիպ համախմբումը միակ անհրաժեշտ քայլն է այս չարիքի իշխանությունից ազատվելու և մեր երկիրը թուրքական վիլայեթացումից փրկելու համար։ ՀՀԿ-ն, ԱԺԲ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը», «Միասին» շարժումը, «Միասնության թևերը» և այլոք, եթե իրոք մտահոգված են բռնապետության վերածված մեր երկիրը փրկելու օտարահպատակությունից, պարտավոր են դրա համար համախմբվեն և համագործակցության փաստաթուղթ ստորագրեն, կամ դաշինք կազմեն, կամ գոնե միասնական հայտարարություն անեն։ Իսկ եթե այդ ուժերն ընտրություններին մասնակցեն առանձին-առանձին, ջուր կլցնեն նիկոլի, ալիևի և էրդողանի ջրաղացին՝ բաց թողնելով այնքան անհրաժեշտ հաղթանակը չարիքի իշխանության նկատմամբ և անհայտության գիրկը մղելով մեր երկրի ապագան։
Սակայն ես ՀՀԿ-ն դուրս կը թողնէի այս լռելեայն «դաշինքից»:ԱԺԲ-ն ալ խնդիր է:
ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի համաձայնութիւնը բաւարար կրնայ լինել, ու չի կրնար դուռը բացել վարչակարգի վերարտադրումին նպաստաւոր առարկութիւններու:
Այն պարզ իրողութիւնը որ նոյնիսկ Առաջին նախագահը եւ ՀՅԴ-ն կարողանում են մէկդի դնել իրենց խորունկ քէները, յանուն Հայ Ազգի ազատագրումին այս վարչակարգէն, ինքնին բացառիկ պատգամ մըն է:
Առաւել, այսպէսով, Հ3Դ-ն յստակօրէն կ’անջատուի Քոչարյանէն: Ինչ որ արդէն ամէն դէպքում լաւ բան է հենց ՀՅԴին համար:
Իսկ ես ամենավերջին հայն եմ որ կրնար բարեացակամ Առաջին Նախագահի հանդէպ՝ https://haytougchamlian.home.blog/2021/03/09/lիւնտիւնպէ/
Փաշինյանն ալ կարելի է «շոյել» այս, ՀԱԿ-ՀՅԴ մերձեցումով: Դիտել տալով որ սա ինքնին հրաշք մըն է, շնորհիւ իրեն, Փաշինյանին:
Հայդուկ Շամլեան