«Եթե Հայաստանը չի վերահսկում ո՛չ Արցախը, ո՛չ Նախիջեւանը, կամ հակառակը` Ադրբեջանը վերահսկում է ե՛ւ Արցախը, ե՛ւ Նախիջեւանը, Ադրբեջանը չի կարող չունենալ առնվազն հեշտացված անցում Սյունիքի տարածքով դեպի Նախիջեւան եւ Թուրքիա»,- այսօր Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի (ԺԱՏԿ) տարեկան համաժողովի ժամանակ ասաց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Արցախի էթնիկ զտումից հետո ակնհայտ էր, որ Ադրբեջանը հեշտացված անցում ստանալու է. «Խնդիրն այն է, թե ինչպիսին պետք է լիներ այդ անցումը, վատագույն տարբերակը Սյունիքի ամբողջական կամ մասնակի օկուպացիան էր, գուցե նաեւ՝ Վայոց ձորի մի մասի: Եվ երկրորդը հեշտացված անցումն էր այս կամ այն խոշոր պետության մասնակցությամբ: Ինչու անպայման երրորդ խոշոր պետության մասնակցությամբ, որովհետեւ ամեն դեպքում սա ամենեւին Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին չէ: Այս անցումը նաեւ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու թուրքական պետությունների կազմակերպության զարգացման մասին է, այստեղ շատ ավելի հզոր պետությունների շահեր կան»:
Փորձագետը նկատեց, որ 2020-ից Ռուսաստանի, եւ արդեն հիմա ԱՄՆ մասնակցությունն է, իսկ ԱՄն մասնակցությունը հնարավոր եղավ այն պատճառով, որ ՌԴ-ն չկարողացավ արագ ավարտել պատերազմը Ուկրաինայում. «Իմ գնահատմամբ, եթե Ուկրաինայում պատերազմն ավարտվեր գոնե մինչեւ 2023 թվականի ամառ, ամենայն հավանականությամբ, եթե նույնիսկ ոչ կենսունակ, բայց կունենայինք Արցախի Հանրապետություն՝ մոտ 3000 քկմ տարածքով, ու դժվար թե որեւէ մեկը խոսեր Թրամփի ճանապարհի եւ այլնի մասին: Բայց քանի որ Ռուսաստանն արդեն չորրորդ տարին է, որ չի կարողանում Ուկրաինայում ավարտել պատերազմն ու պարտադրել իր կամքը ԵՄ-ին, ի վերջո, հնարավոր եղավ սա»:
Փորձագետի խոսքով՝ TRIPP-ը հնարավորություն էր՝ թույլ չտալ Սյունիքի ամբողջական կամ մասնակի օկուպացիան. «Մենք կարող ենք խոսել ոչ թե ռազմավարական քաղաքականության մասին, որ 2020-ի նոյեմբերից որոշվեց, որ պետք է շրջադարձ կատարենք դեպի Արեւմուտք, այլ պարզապես ՀՀ կառավարությունը ռեակցիոն փորձում էր հարմարվել, իսկ վերջին 4 տարում իրադրությունը մի քանի անգամ կտրուկ փոխվեց»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































