«ՌԴ-ն, բնականաբար, Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո փորձելու է օգտագործել առկա լծակները՝ տնտեսական, առեւտրային, ենթակառուցվածքային եւ այլ գործիքներ տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու համար: Բայց դժվար եմ պատկերացնում, որ ՌԴ-ն կունենա ազդեցության նույն մակարդակը, որ ունեցել է մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը: Որովհետեւ պատերազմի մեկնարկից հետո մեր տարածաշրջանում տեղի են ունեցել անդառնալի զարգացումներ, մասնավորապես՝ ԼՂ-ում այլեւս հայեր չեն բնակվում, այնտեղ չկա տեղակայված ռուս խաղաղապահ առաքելություն, որը ազդեցության կարեւոր լծակ էր եւ մոտ ապագայում չեմ պատկերացնում մի սցենար, որ այդ ստատուս քվոն կարող է վերականգնվել»,-այսօր Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի (ԺԱՏԿ) տարեկան համաժողովի ժամանակ ասաց կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ի հեճուկս հայ-ռուսական հարաբերություններում ռազմաքաղաքական ոլորտում առկա ճգնաժամի, տնտեսական ոլորտում լրիվ այլ պատկեր ենք տեսնում. «Եթե համեմատենք երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 2022 թվականի փետրվարի դրությամբ ու դրան հաջորդած տարիներին, ապա տեսնում ենք՝ զգալի աճ ունի: Այս առումով ՌԴ համար ՀՀ-ի, ինչպես նաեւ հետխորհրդային տարածաշրջանի այլ երկրների հետ տնտեսական համագործակցությունը դարձել է ամենակարեւոր գործոնը: Այս փուլում ռուսների համար շատ ավելի ցավոտ կլիներ, եթե ՀՀ-ն որոշում կայացներ լքել ԵԱՏՄ-ն, քան, եթե վերջնական որոշում լիներ ՀԱՊԿ-ը լքելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































