ԱՄՆ-ն այդպես էլ չի տրամադրել Եվրոպայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռների արտադրության լիցենզիաներ՝ չնայած խոստումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ելույթին։
«Ուկրաինան դեռ տարիներ առաջ խոսել է Ամերիկայի հետ այն մասին, որ անհրաժեշտ է, մասնավորապես, Եվրոպայում ստեղծել հրթիռների, մասնավորապես՝ Patriot-ի հրթիռների արտադրական բավարար հնարավորություններ։ Լիցենզիաների խոստումներ եղել են, սակայն Ամերիկան, ի վերջո, հրաժարվեց, չնայած մենք առաջարկեցինք արտադրություն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործընկերների՝ Ռումինիայի, Լեհաստանի և այլոց հետ համատեղ», – հավելել է նա։
Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ բոլոր ուկրաինացի դիվանագետները և պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը պետք է հնարավորինս նախաձեռնող լինեն Ուկրաինային հակաօդային պաշտպանության հրթիռների հաջող մատակարարումն ապահովելու հարցում։
Զելենսկու խոսքով՝ ինքը Ֆեդորովի հետ անցկացրել է հանդիպում, որի ընթացքում առաջնահերթություն է տրվել Ուկրաինայի կարիքներին։ Այս շաբաթ նաև զգալի թվով բանակցություններ են տեղի ունեցել գործընկերների հետ։
Կարդացեք նաև
Ուկրաինան նաև պլանավորում է բարձրացնել Եվրոպայի՝ սեփական ՀՕՊ հրթիռներ արտադրելու անհրաժեշտության հարցը։ Զելենսկին նշել է, որ եվրոպական երկրներն արդեն ընդլայնում են արտադրությունը, սակայն այս աշխատանքի արագությունը բավարար չէ. արտադրության հնարավոր ծավալները հատուկ ուշադրության են արժանի։
Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Patriot համակարգի համար նախատեսված Pac-3 որսացող հրթիռների կրիտիկական պակասի պատճառով ուկրաինական արձակման կայանքները հունվարին դատարկ են մնացել՝ չկարողանալով հետ մղել էներգետիկ օբյեկտների վրա ռուսական բալիստիկ հրթիռներով հարձակումները։


















































