Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի վտանգը մեզնից ընդամենը մի քանի հարյուր կմ հեռավորության վրա է»․ Վարդան Ոսկանյան

Փետրվար 18,2026 18:06

«Պարզ է, որ Իրան-ԱՄՆ հարաբերություններն ուղղակիորեն ազդելու են նաև ՀՀ-Իրան հարաբերությունների, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վրա»,- «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում անցկացված «Հարավային Կովկաս. ուժերի վերադասավորում» թեմայով պանելային քննարկման ժամանակ իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ըստ իրանագետի՝ գործ ունենք մի գործընթացի հետ, որտեղ բանակցային կամ շփումների ձևաչափը զուգահեռվում է ռազմական որոշակի գործողություններով, որը յուրաքանչյուր կողմն իրականացնում է սեփական ուժերով։ Նաև տեղի է ունենում ռազմական սպառնալիքի ճնշման մեթոդաբանության որոշակի գործընթաց։

Ըստ Վարդան Ոսկանյանի՝ ակնհայտ է, որ իրանցիները գիտակցում են՝ գործ ունեն աշխարհի թիվ մեկ գերտերության և աշխարհում ամենահզոր բանակի հետ. «Ըստ էության՝ պատերազմի վտանգը մեզնից ընդամենը մի քանի հարյուր կմ հեռավորության վրա է։ Այս համատեքստում մենք պետք է հստակորեն սեփական սցենարնար ունենանք։ Առավել ևս, եթե մենք փորձում ենք խոսել ՀՀ-ում որոշումների կայացման մակարդակի մասին, ակնհայտ է, որ գործ ունենք մեղմ ասած՝ ցածր մակարդակի հետ։ Այս համատեքստում՝ իրանա-ամերիկյան հարաբերությունների այս հորձանուտում ՀՀ-ի դիրքորոշումներն այնքան էլ հստակ չեն։

Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը, խոսում են Իրանի հետ, ԱՄՆ-ի հետ, փորձում միջնորդական առաքելությամբ հանդես գալ, սեփական դիվանագիտական հնարավորությունները տրամադրել երկու կողմերին։ ՀՀ-ից քար լռություն է․ այս գործընթացի վերաբերյալ որևէ հայտարարություն, որևէ միջնորդական առաքելության առաջարկ նույնիսկ չկա։ Տեղի չի ունեցել անգամ հեռախոսազրույց։ Թե′ Ադրբեջանի ԱԳ նախարարն է Իրանի ԱԳ նախարարի հետ խոսել, թե′ Ադրբեջանի նախագահն է խոսել Իրանի նախագահի հետ, հայկական կողմից որևէ հեռախոսազրույց տեղի չի ունեցել իրանական բարձրաստիճան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ սա, մեղմ ասած, բացթողում է։ Ակնհայտ է, որ ցանկացած երկիր, որը կկարողանա ԱՄՆ-Իրան հարաբերություններում հանդես գալ միջնորդական առաքելությամբ, առավել ևս, եթե դա հաջողի, ապա կփոխի տարածաշրջանում իր ունեցած կշիռը։

Իրանական կողմը հստակ հայտարարում է, որ իրենք վստահում են ՀՀ-ին, բայց չեն վստահում ԱՄՆ-ին, իսկ մենք գիտենք, որ գործընթացը երկկողմ է՝ ավելի ճիշտ առյուծի բաժնով կապված է ԱՄՆ-ի հետ։ ՀՀ-ում էլ որոշում կայացնելիս իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է լինելու ԹՐԻՓՓ-ը, փաստաթղթային հենքն էլ է տարօրինակ ձևակերպումներով սկսվում։ Հետևաբար իրանական կողմն էլ չի կարող հասկանալ՝ ի՞նչ գործընթացների հետ կարող են առերեսվել։ Հարաբերությունների համատեքստում անկեղծությունը կարևոր հանգամանք է։ Կարծում եմ իրանական կողմի հետ պետք է խոսել եւ անկեղծ ներկայացնել իրավիճակը, եթե այդ իրավիճակի հեռանկարը հասկանալի է այն մարդկանց համար, որոնք պետք է իրականացնեն այդ գործընթացը։ Համենայն դեպս, մեզ որևէ մեկը հասկանալի կերպով դա չի բացատրում»։

Անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ Վարդան Ոսկանյանն ասաց․ «Ադրբեջան-ՀՀ խաղաղության գործընթացն իրականում խաղաղության գործընթաց կոչել չի կարելի՝ հաշվի առնելով վերջին մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Խաղաղության գնացող կողմը նման հռետորաբանությամբ հանդես չի գալիս»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728