Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆուկուսիմա-1»-ը, ամերիկյան ռեակտորները, ռուսական «մտրակն ու բլիթը»

Փետրվար 19,2026 12:00

Շոյգուն սպառնում է

Մոսկվան շարունակում է Հայաստանի ուղղությամբ ինտենսիվորեն՝ «մտրակի ու բլիթի» քաղաքականություն բանեցնելով՝ նախազգուշական ուղերձներ հղել։ ՌԴ իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններն արդեն կարելի է կիսասպառնալից որակել։

Հայաստանի վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի կողմից միջուկային ոլորտում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը նոր առիթ էր Մոսկվայի համար:

Ռուսաստանն ակամայից հաշվի կառնի միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Հայաստանը, ինչպես հայտնի է, սեյսմավտանգ տարածաշրջան է։ Հայկական ԱԷԿ-ի կառուցման ժամանակ Խորհրդային ինժեներների կողմից կիրառված հիմքի յուրահատուկ տեխնոլոգիական լուծումը թույլ է տվել նրան հաջողությամբ վերապրել 1988-ի սարսափելի երկրաշարժը, մեկ էներգաբլոկ մինչ օրս աշխատում է… Եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի, մենք, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները եւ հենց Հայաստանի բնակչությունը, ստիպված կլինենք ակամայից հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում այդ նոր ռիսկերը»,-ասել Է Շոյգուն:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն, ըստ էության, ստիպված կլինի ենթադրել, որ «միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումները կիրականացվեն մոտակայքում՝ սեյսմիկ ակտիվ գոտում»։ «Ուստի, այո, դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց հիշեցնեմ, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում երկրաշարժի հետեւանքով ավերվել են հենց ամերիկյան ռեակտորները, եւ դա հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ աղտոտման», նկատել է Շոյգուն։

Ատոմակայանի թեմային առավել մեղմությամբ անդրադարձել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում, շեշտելով, որ ատոմակայան կառուցելը կարեւոր տեղ է զբաղեցնում Մոսկվա-Երեւան հարաբերությունների օրակարգում եւ պարբերաբար քննարկվում է տարբեր մակարդակներում։ «Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները», ընդգծել է Գալուզինը։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հիշեցրել էր, թե Հայաստանի կողմից ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում ՌԴ-ում։ Միեւնույն ժամանակ նա նաեւ նկատել էր. «Հայաստանն, իհարկե, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի»։ Խոսելով Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ-ի մասին՝ Զախարովան ասել էր, որ դրանք գոյություն չունեն ոչ միայն ԱՄՆ տարածքում՝ «դրանք առհասարակ գոյություն չունեն՝ դրանք միայն թղթի վրա են»։ Նա նաեւ ընդգծել էր, որ Երեւանում հայտարարված 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որեւէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ «Ի՞նչ են այդ ռեակտորները իրենցից ներկայացնում եւ որտե՞ղ են արդեն շահագործվում: Մի շարք հայկական լրատվական միջոցներ շտապեցին լուրը մատուցել որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսության մեջ կատարվող աննախադեպ ներդրում: Սակայն առանցքայինը նախագծի ֆինանսական հարցն է: Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը: Ենթադրվում էր, որ ֆինանսավորումն իրականացվելու է TRIPP հիմնադրամի միջոցով, որը, ինչպես նախկինում հայտարարվել էր, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, սակայն այս պահին այդ հիմնադրամը դեռեւս ստեղծված չէ», պարզաբանել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

TRIPP-ի գրավչությունը Մոսկվային հանգիստ չի տալիս

Թեեւ ԱՄՆ-ի կողմից փոքր մոդուլային ռեակտորների կառուցման թեման խիստ անհանգստացրել է ամերիկյան կողմին, TRIPP-ում մասնակցություն ունենալու հարցում Մոսկվան, կարծես, հույսը չի կորցնում։ Այս թեմայով ուղերձների պակաս չկա։ Ռուսական կողմը պատրաստ է Երեւանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը, հայտարարել է Միխայիլ Գալուզինը։ «Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհ» նախագծին, մենք մեր դիրքորոշումը առայժմ պահպանել ենք։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռեւս ենթակա են ուսումնասիրման։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել Երեւանի մեր գործընկերների հետ՝ քննարկելու թե՛ նախագծի պարամետրերը, թե՛ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը այս կամ այն ձեւաչափով»,- նշել է դիվանագետը։

Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի երթուղուն» մասնակցելու հարցը սա արդեն ՀՀ-ում ՌԴ դեսպանի հիշեցումն է, արձանագրմամբ, որ պետք է հաշվի առնել Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում: «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը «ուշադիր հետեւում է լայնորեն գովազդվող «Թրամփի ուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» ամերիկա-հայկական նախագծի շուրջ զարգացումներին»։

«Ինչ վերաբերում է գործնական մանրամասներին, դրանք նոր են սկսում ի հայտ գալ եւ, հավանաբար, որոշ ժամանակ կպահանջվի դրա մեկնարկի համար։ Բնականաբար, Ռուսաստանը հետեւում է եւ կշարունակի հետեւել այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք քննարկել այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը, հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ շատ սերտ համագործակցությունը ՀՀ երկաթուղային հատվածը կոնցեսիոն պայմանագրերի միջոցով աջակցման եւ զարգացման գործում»,- ասել է նա։ Ըստ նրա՝ Ռուսաստանը կանգնած է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ակունքներում։ «Պետք է ասեմ, որ Ռուսաստանն այս գործընթացի առաջնագծում էր՝ թե՛ սահմանային հաղորդակցությունների ապաշրջափակման, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, թե՛ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացում։ Մենք կարծում ենք, որ այս ոլորտում եւ, ընդհանրապես, տրանսպորտային ոլորտում կարգավորման առումով համագործակցությունը պետք է զարգանա փոխշահավետ եւ արդարացի հիմունքներով եւ, իհարկե, հաշվի առնի տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների եւ նրանց հարեւանների շահերը»,- ասել է նա, այստեղ էլ՝ հիշեցնելով «2020-2022թթ. ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները»։

Ի դեպ, փետրվարի 10-ին Դիվանագետի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը դեսպան Կոպիրկինն իր խոսքում հարկ էր համարել շեշտել, որ ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան եւ ուժեղ Հայաստանով։ Նա ընդգծել էր, որ այսօր մեր աչքի առաջ տեղի են ունենում նախկին աշխարհակարգի «տեկտոնական» փոփոխություններ, որը «ցավոտ անցում է կատարում դեպի բազմաբեւեռ համակարգ», եւ ստեղծվում են՝ «քաղաքական ազդեցության, տնտեսական աճի, տեխնոլոգիական եւ ֆինանսական նոր կենտրոններ»։ «Դեռեւս վաղ է խոսել ապագա համաշխարհային ճարտարապետության հստակ պարամետրերի մասին, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ դրա հիմքում պետք է դրվեն իրական հավասարությունը, համաձայնության մշակույթը եւ փոխադարձ շահերի հաշվառումը։ Այս սկզբունքներով են առաջնորդվում նոր տիպի բազմակողմ միավորումները՝ ՇՀԿ-ն եւ ԲՐԻԿՍ-ը։ Մեկ այլ բան եւս կարելի է հստակ ասել՝ «կոլեկտիվ Արեւմուտքի» անբաժան գերիշխանության դարաշրջանը, որը սովոր չէր հաշվի նստել մնացած աշխարհի հետ, ավարտվում է։ Այս պատմական գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ։ Ռուսաստանը, որպես «Համաշխարհային մեծամասնության» պատասխանատու մասնակից, որը ներառում է Մեծ Եվրասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրները, հետեւողականորեն հանդես է գալիս հավասար իրավունքների, արդար եւ փոխշահավետ համագործակցության օգտին՝ միջազգային իրավունքի համընդհանուր ընդունված նորմերի, ՄԱԿ-ի կենտրոնական դերի եւ պետությունների ինքնիշխան իրավունքի հիման վրա՝ ինքնուրույն որոշելու իրենց զարգացման ուղիները»։

Գալով Հարավային Կովկասին, դեսպանը նկատել էր, որ այս տարածաշրջանը նույնպես զգում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության ազդեցությունը. «Այս ոչ հեշտ պայմաններում Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները թեւակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր փուլ։ Առկա մարտահրավերների հաղթահարումը երկու կողմերից էլ երկարաժամկետ քաղաքական կամք եւ ռազմավարական իմաստություն է պահանջում՝ պահպանելու եւ բազմապատկելու երկկողմ համագործակցության կուտակված ներուժը։ Հույս ունեմ, որ այս ուղղությամբ շարժմանը լրացուցիչ խթան է հաղորդել վերջերս ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը Մոսկվա։

Ռուսաստանը լիովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ եւ ինքնաբավ Հայաստանով։ Վստահ եմ, որ դրան արդյունավետորեն նպաստում է երկրի լիարժեք մասնակցությունը մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներին։ Անցած տարվա արդյունքները հաստատեցին, որ արտաքին ցնցումների պայմաններում էլ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական եւ ներդրումային գործընկերը, ինչպես նաեւ երկրի էներգետիկ եւ պարենային անվտանգության ժամանակի փորձությունը հաղթահարած երաշխավորը… Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամությունը մեզ է փոխանցվել նախնիների սերունդներից, կոփվել է դարերի ընթացքում՝ փառավոր ընդհանուր հաղթանակներով եւ համատեղ ստեղծագործ աշխատանքով, ամրապնդվել է սերտ միջանձնային կապերով։ Եկեք պահպանենք այս ժառանգությունը եւ փոխանցենք այն ապագա սերունդներին»։

Մոսկվան չի ասում «չի կարելի», ասում է՝ «թույլ տվեք մենք էլ մասնակցենք»

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունները Հայաստանի ուղղությամբ միաժամանակ ե’ւ նախազգուշացում են, ե’ւ մրցակցային ու ռազմավարական առաջարկ՝ Կրեմլի շահերին համահունչ։ ՌԴ-ից հնչող հայտարարությունները կարելի է բաժանել չորս հիմնական ուղղության՝ Միջուկային էներգետիկա եւ անվտանգություն, երկաթգիծ,  TRIPP եւ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերադասավորում։ Շոյգուի մակարդակով հնչեց կոշտ հայտարարություն։ Սեյսմիկ ռիսկի շեշտադրմամբ՝ Հայաստանը ներկայացվեց որպես բարձր սեյսմիկ գոտի, որտեղ միայն խորհրդային ինժեներական լուծումներն են ապահովել ԱԷԿ-ի կայունությունը: Մինչդեռ ամերիկյան տեխնոլոգիաների հարցում նա կասկածներ եւ անվստահություն ներկայացրեց։ Միխայիլ Գալուզինն էլ իր հերթին, հանդես եկավ ավելի մեղմ դիրքից՝ առաջարկելով «Ռոսատոմի» պատրաստակամությունը։

TRIPP-ի դեպքում հատկանշական է, որ Մոսկվան բացահայտ մերժողական դիրք չի ընդունում։ Գալուզինն ու Կոպիրկինը հայտարարում են պատրաստակամություն քննարկելու Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը։ Սա կարեւոր նրբերանգ է. ՌԴ-ն չի ասում «չի կարելի», այլ ասում է՝ «թույլ տվեք մենք էլ մասնակցենք»։ Այս մոտեցումը վկայում է, որ Մոսկվան չի ցանկանում դուրս մնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերից եւ որ ՌԴ-ն փորձում է կանխել արեւմտյան գերիշխանության հաստատման հեռանկարը մեր տարածաշրջանում։

Հետեւաբար, TRIPP-ի շուրջ ռուսական անհանգստությունը պայմանավորված է ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմավարական հաշվարկներով, քանի որ հաղորդակցությունների վերահսկողությունը Հարավային Կովկասում նշանակում է ազդեցության պահպանում։

Դեսպան Կոպիրկինի ուղերձն առանձնահատուկ կարեւորություն ունի։ Այն արդեն դուրս է կոնկրետ նախագծերի շրջանակից եւ տեղափոխվում է աշխարհակարգի մակարդակ։ Նա խոսում է. «տեկտոնիկ փոփոխությունների», «կոլեկտիվ Արեւմուտքի գերիշխանության ավարտի», ՇՀԿ եւ ԲՐԻԿՍ ձեւաչափերի մասին։

Սա պարզ ուղերձ է. Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն երկկողմ գործընկեր, այլ նաեւ բազմաբեւեռ համակարգի հնարավոր մասնակից։

Միաժամանակ ընդգծվում է «ինքնիշխան եւ ուժեղ Հայաստան» ձեւակերպումը։ Սա կարեւոր դիվանագիտական նրբություն է. Մոսկվան փորձում է ցույց տալ, որ իր դիրքորոշումը չի հակասում Հայաստանի ինքնիշխանությանը, այլ աջակցում է դրան՝ ինտեգրացիոն ձեւաչափերի միջոցով։

Վտանգվա՞ծ են արդյոք հայ-ռուսական հարաբերությունները

Այսպիսով, ՌԴ պաշտոնյաների հայտարարությունները պետք է դիտարկել որպես համակարգված ռազմավարական ազդակներ։ Միջուկային թեման օգտագործվում է անվտանգության լեզվով քաղաքական ճնշում գործադրելու նպատակով։ TRIPP-ը դիտարկվում է որպես մրցակցային, բայց դեռեւս բանակցելի-սակարկելի հարթակ՝ Մոսկվայի համար։ Իսկ բազմաբեւեռության գաղափարախոսությունը ծառայում է Մոսկվայի երկարաժամկետ դիրքավորման նպատակներին։

Ներկա փուլում հայ-ռուսական հարաբերությունների ամբողջական խզումը քիչ հավանական է, քանի որ Հայաստանի փոխկախվածությունը շարունակում է մնալ բարձր՝ էներգետիկ, առեւտրատնտեսական եւ անվտանգության ոլորտներում։

Սակայն ակնհայտ է, որ հարաբերությունները մտնում են վերաձեւավորման փուլ, եւ եթե Հայաստանը արագացնի արեւմտյան տեխնոլոգիական եւ ենթակառուցվածքային ինտեգրումը՝ առանց Մոսկվայի ներգրավման, լարվածությունը կարող է աճել։

Ըստ ամենայնի, ամենահավանական սցենարը վերահսկելի մրցակցությունն է՝ մասնակի համաձայնությունների շնորհիվ։ Սակայն նաեւ պետք է հաշվի առնել, որ ցանկացած կտրուկ քայլ կարող է փոխել այդ հավասարակշռությունը։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728