Լրահոս
Օրվա լրահոսը

Հետնիկոլական Հայաստանի ուրվագիծը

Փետրվար 19,2026 10:00

Ակնհայտ է, որ անձնավորված ավտոկրատիայի պայմաններում աշխատող քննչական մարմինները, դատախազությունը եւ դատարանները երբեք որոշումներ չեն ընդունի եւ գործողություններ չեն ձեռնարկի այդ ռեժիմի ներկայացուցիչների եւ կողմնակիցների դեմ: Եվ հակառակը՝ հենց իրե՛նք են ամեն քայլափոխի ապօրինություններ գործում: Իշխանության թեւերն իրար չեն հավասարակշռում, չեն զսպում, հակառակը՝ չափազանց անզուսպ են եւ անսանձ: Հենց այդպիսի վիճակ է այսօրվա Հայաստանում:

Այդ պայմաններում հարց է առաջանում՝ պե՞տք է արդյոք դիմել դատական, քննչական մարմիններին՝ շատ լավ իմանալով, որ այս հարցերում նրանք որեւէ իրավական գործընթաց չեն կարող նախաձեռնել: Իհարկե, այդ հարցը պետք է ուղղել իրավաբաններին: Բայց ես կարծում եմ, որ պետք է:

Պարզ է, որ ես որեւէ դրական ակնկալիք չունեմ այդ կառույցներից: Բայց այն պայմաններում, երբ «քաղաքացիական հասարակությունն» էլ է մեծ մասամբ մտել Փաշինյանի տակ (նրանք մեծ սիրով «այցելում են կառավարություն» եւ տարբեր ցուցումներ ստանում), եւ ասպարեզում եղած ինստիտուտներից միայն երկու խումբ է դրսեւորում քաղաքացիական որակներ՝ լրագրողներն ու փաստաբանները, բոլոր իրավախախտումները պետք է արձանագրել ապագայի համար:

Դատարանները Հայաստանում փաստացի քահանաներ եւ եպիսկոպոսներ են ձեռնադրում, ՀԱԵ թեմակալ առաջնորդ են նշանակում: Հասկանալի է, որ նման ճչացող հակասահմանադրական որոշումների վիճարկումը ներպետական ատյաններում որեւէ արդյունքի չի բերի՝ բոլոր այդ ատյանները Փաշինյանի գրպանում են: Բայց ներկայիս ավտորիտար ղեկավարը որեւէ պարագայում հավերժ չէ, եւ նրանից հետո պետք է կայացվեն իրավական ակտեր, որոնք կբերեն դատարանները սահմանադրական դաշտ եւ, ի դեպ, քաղաքակիրթ երկրներում ընդունված նորմերի շրջանակ:

Նույն տրամաբանությամբ, իմ համոզմամբ, պետք չէ հանգստանալ այն հանգամանքից, որ Միքայել սրբազանի, Մկրտիչ սրբազանի, Սամվել Կարապետյանի խափանման միջոցը տնային կալանքն է: Նրանց հետապնդումն ակնհայտորեն ապօրինի է, եւ տնային կալանքն ամենեւին էլ «հումանիզմի դրսեւորում» չէ:

Դիմել ենք հակակոռուպցիոն կոմիտե՝ Փաշինյանի ապօրինությունների վերաբերյալ: Բնականաբար, այդ կոմիտեն ոչ մի հանցակազմ «չի նկատել»: Ինձ թվում է, պետք է բողոքարկել այդ որոշումը, բնականաբար, շատ լավ իմանալով արդյունքը:

Դրանով, հուսով եմ, կուրվագծվի հետագա՝ իրապես իրավական պետության կարգը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Շատ լավ վերնագիր է: Ես էլ ներկայացնեմ իմ երազած ապագան: Եթե ես կուսակցություն ստեղծեի, անունը կդնեի քաղաքական բանակ՝ ՔԲ, որտեղ մեր նորակոչիկ անփորձ քաղաքացիները պարտադիր կզորակոչվեն քաղաքական բանակ եւ կդառնան մեծաշնորհ քաղաքական մասնագետներ, ռազմական բանակի բոլոր օրենքներով ու կառուցվածքով: Նմանապես, տնտեսական բանակ՝ ՏԲ, նմանապես ուժային բանակ՝ սա մեր սուրբ ազգային ռազմական բանակն է, նմանապես մեր ազգի իմունիտետը՝ ԱԱԾ: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728