ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ այսպես ասած «կաշառքի գործով» դատական նիստի ժամանակ նրա փաստաբաններից Արամայիս Հայրապետյանը դատարանին միջնորդեց ապացույցների հետազոտման ժամանակ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Վարդան Ղուկասյանը ցանկություն է հայտնած եղել պաշտոնից հեռացնել գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին, նույնիսկ քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն է տրվել, որով աշխատանքի են հրավիրել ճարտարապետի։
Ըստ փաստաբանի, այս հանգամանքը էական նշանակություն կարող է ունենալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերդիկտ կայացնելիս, գլխավոր ճարտարապետի հետ նման հարաբերություն ունեցող քաղաքապետը կոռուպցիոն գործարքի չէր գնա։
Վարդան Ղուկասյանն իր հերթին դատարանին հայտնեց, որ թե նախընտրական քարոզարշավի ժամանակ և թե դրանից հետո հայտարարել է, որ ազատվելու է Հենրիկ Գասպարյանից, ըստ նրա՝ կան տեսանյութեր, անհրաժեշտության դեպքում դրանք կներկայացնեն։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը կարևորեց նաև Վարդան Ղուկասյանի կողմից՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որով նա առաջարկում էր երկարացնել ապօրինի շինությունների օրինականացման համար հատկացվող ժամկետը։
Կարդացեք նաև
Պետական մեղադրողը առարկեց այս երկու փաստերը ներառել ապացույցների հետազոտման մեջ՝ նշելով, որ դրանք էական չեն և ժամանակի առումով ավելորդ ծանրաբեռնվածություն են ստեղծում։ Ըստ մեղադրողի, ճարտարապետի աշխատանքի հրավիրելը դա քաղաքապետարանի կազմակերպաիրավական խնդիրն է եղել, քաղաքապետարանը կարող էր աշխատանքի հրավիրել մի քանի ճարտարապետների, և խոսքը Հենրիկ Գասպարյանի պաշտոնի մասին չի եղել, այսինքն՝ գլխավոր ճարտարապետի։
Արամայիս Հայրապետյանը դատարանին ներկայացրեց նաև այլ կարևոր հանգամանք․ այն, որ Գարեգին Նժդեհում գտնվող կառույցի շուրջ ապացույցներ ձեռք են բերվել վարույթն իրականացնելու իրավունք չունեցող անձի կողմից, իսկ դրանց օգտագործումն անթույլատրելի է, դրանք չեն կարող օգտագործվել որպես ապացույց։ Արամայիս Հայրապետյանը միջնորդեց օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այդ կառույցի մասին ձեռք բերված տեղեկությունները ճանաչել անթույլատրելի։
Վարդան Ղուկասյանի մյուս պաշտպանը՝ Զարուհի Փոստանջյանն էլ հիշեցրեց 2025 թվականի հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Գյումրիի ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին։ Դա փաստաբանի բնութագրմամբ՝ սպառնալիք- հայտարարություն է և իրենց միջնորդությունը քաղաքական հետապնդման մասով մնացել է անհետևանք։
«Դատարանին ուշադրությունն եմ ես հրավիրում։ Սա քաղաքական հետապնդում է, և դրա մեկնարկը համընկնում է ապօրինի գործողության հետ։ Այսինքն մի ապացույց է ձեռք բերվել, ենթադրաբար՝ ապացույց, սա մենք ապացույց չենք դիտարկում, գործը կարելու, կազմելու համար հիմքեր են ստեղծվել։ Այս հիմքերից մեկն էլ ապագայում, որ ուղարկվել է դատարան, այս փաստաթուղթն է, որի վերաբերյալ ասում ենք՝ այս փաստաթուղթը ձեռք չի բերվել օրենքով սահմանված կարգով՝ ի հակադրումն և ի հակասություն քրեական Քրեական դատավարության օրենսգրքի։ Այս փաստաթուղթը կազմվել է, այդ գործողությունը կատարվել է, և գործողությունը կատարվել է նրա համար, որովհետև հնչել է նման հայտարարություն՝ դուրս շպրտել ընտրված քաղաքապետին հանրային և քաղաքական կյանքից։ Այսինքն՝ երկու սպառնալիք է հնչեցվել այդ օրը Ազգային ժողովի ամբիոնից գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է պարոն Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը, այդ թվում նաև ապօրինի ձերբակալությունը, այդ թվում նաև կալանավորումը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Պետական մեղադրողը իր հերթին նշեց, որ կան առարկայական ապացույցներ և քաղաքական հետապնդման մասին միջնորդությունն առարկայազուրկ է։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































