Լրահոս
Օրվա լրահոսը

Ալոիս Շվարց. Հայ եկեղեցին աշխարհին առանձնահատուկ վկայություն է տալիս՝ հավատի վկայությունը. «Ազգ»

Փետրվար 20,2026 10:29

Ավստրիայի, Գերմանիայի կաթոլիկական կայքերը ուշադրությամբ հետեւում են ՀՀ կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու լարվածություն կուտակող առճակատմանը, անդրադառնում նորություններին: Փետրվարի 18-ին kathpress-ի հրապարակած ընդարձակ անդրադարձը վերաբերում է Սանկտ Փյոլթենում գումարված հայ եպիսկոպասաց հավաքին: Հայկական մամուլում տեղեկություն եղավ, որ «Հայ եկեղեցու բարենորոգման» կողմնակիցները ստորագրահավաքով դիմել են Սուրբ Փյոլթենի եպիսկոպոսին՝ չեղարկելու հավաքը: Ապարդյուն: «Հայ եպիսկոպոսները պայքարում են ճգնաժամից դուրս գալու ուղիների համար» վերնագրյալ հոդվածում կարդում ենք « Հայ Առաքելական Եկեղեցու մոտ 25 եպիսկոպոս՝ աշխարհի տարբեր ծայրերից փետրվարի 17-ից հավաքվել են Սուրբ Պյոլթենում՝ ՀՀ-ում առկա եկեղեցա-քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիներ փնտրելու համար: Խորհրդակցությունների հոգեւոր գագաթնակետը փետրվարի 17-ի երեկոյան Սուրբ Պյոլթենի տաճարում խաղաղության եւ Հայաստանի համար աղոթքն էր: Սուրբ Պյոլթենի եպիսկոպոս Ալոիս Շվարցը աշխարհի տարբեր ծայրերից եկած եպիսկոպոսներին դիմեց՝ քաջալերանքի եւ համերաշխության խոսքով: «Այսօր այստեղ ենք հավաքվել՝ աղոթելու միմյանց հետ եւ միմյանց համար՝ Գարեգին Բ կաթողիկոսի եւ Հայ եկեղեցու մյուս առաջնորդների հետ՝ ի խորոց հաղորդակցությամբ»,- ասել է եպիսկոպոս Շվարցը: kathpress-ը նշում է, որ Գարեգին Բ կաթողիկոսին ՀՀ իշխանությունները արգելել էին լքել Հայաստանը, ուստի վերջինս մասնակցում էր խորհրդակցություններին միայն առցանց: «Հայ եկեղեցին աշխարհին առանձնահատուկ վկայություն է տալիս, շարունակել է եպիսկոպոս Շվարցը, հավատի վկայությունը, որը պահպանվել է դարերի ընթացքում, հաճախ՝ ծանր փորձությունների, հաճախ՝ տառապանքի, բայց միեւնույն ժամանակ՝ միշտ հույսի մեջ»:

Գարեգին Բ կաթողիկոսին, նաեւ բազմաթիվ այլ եպիսկոպոսների հայոց իշխանությունները թույլ չէին տվել լքել ՀՀ-ն, այդ պատճառով ժողովի կարգավիճակը փոփոխվեց: Հայաստանից միայն երկու հոգեւորական՝ եպիսկոպոսներ Արարատ Կալթակջյանը եւ Դանիել Ֆընդիկյանն են ժամանել Փյոլթեն: Իսկ 10 ընդդիմադիր եպիսկոպոսներից միայն մեկը՝ Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն է մասնակցում Սուրբ Պյոլթենում անցկացվող խորհրդակցություններին: Սուրբ Փյոլթենում ներկա եպիսկոպոսներն այժմ չեն կարող կանոնական վերջնական որոշումներ կայացնել, փոխարենը մտադիր են մշակել առաջարկներ, որոնք կքննարկվեն եպիսկոպոսաց ապագա ժողովում, ինչպես հայտարարվել էր Սանկտ Պյոլթենում, իրազեկում է kathpress-ը: ՀՀ կառավարության եւ իշխանությունների՝ Եկեղեցու վրա գործադրվող հսկայական ճնշումը հիշեցնում էր խորհրդային դարաշրջանը, նշում է «Կաթպրեսսը»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728