«Առավոտ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
-Պարոն Մանասյան, Ալիեւն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու «դատավարությունը» համեմատեց Երկրորդ աշխարհամարտից հետո Նյուրնբերգյան դատավարություններում դատապարտված նացիստ հանցագործների գործերի հետ։ Եվ մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքում սրան։ Արդյոք իրենց սեփական հայրենիքում իրենց ինքնորոշման իրավունքն իրացրած արցախցիներին կարելի՞ է ընդհանրապես համեմատել ֆաշիստների հետ, եւ ի՞նչ նպատակ ունեն Ալիեւի այս հայտարարությունները։
-Ալիեւի խոսքը մտածված է ու սադրիչ բնույթ ունի, կեղծիք է։ Բավական է միայն ասել, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել Ադրբեջանին չպատկանող եւ ոչ էլ Սովետական Միությանը պատկանող տարածքներում, որովհետեւ դեկտեմբերի 8-ին կնքված պայմանագրով Սովետական Միությունն արդեն գոյություն չուներ։ Իսկ Ադրբեջանը նույնիսկ չէր հռչակել տարածքներ ու սահմաններ եւ մինչ օրս չունի հռչակված սահմաններ։ Առանց սահմանների է Ադրբեջանը ներկայացել Ալմա-Աթա։ Հիմա մեր պաշտոնական դիվանագիտությունը հղում է կատարում Ալմա-Աթային, բայց Ադրբեջանն Ալմա-Աթա գնացել է առանց տարածքների։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ երկիրն իր անկախության սահմանադրական ակտում գրել է, որ Ադրբեջանի տարածքները պատմականորեն ձեւավորված սահմաններում անօտարելի են եւ այլն։ Բայց իրավական տեսանկյունից դա անիմաստ ձեւակերպում է։ Պատմականորեն ձեւավորված սահմանը ոչ կարելի էր սահմանազատել, ոչ էլ սահմանագծել։ Այդպիսի սահման ոչ ոք չի հռչակում, բայց Ադրբեջանն այդպես է գնացել Ալմա-Աթա։ Իսկ երբ հայտնաբերել են, որ դա անհեթեթություն է, տեքստից հանել են այդ բառերը եւ անկախության սահմանադրական ակտը հանել են շրջանառությունից, դրել են նախագահի կայքում։ Բայց նախագահի կայք մտնելու համար պետք է վճարել։ Այսինքն՝ նրանք կեղծիք են վաճառում այս պահին, բացահայտ կեղծիք։ Ուղղակի այդ մասին պետք է իմանալ, որ Ադրբեջանը մինչ օրս չունի հռչակված սահմաններ։ Եվ այն, ինչ Ադրբեջանը կատարել է Սումգայիթում, Գանձակում, ամբողջ Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում, հենց դա՛ է արժանի Նյուրնբերգյան դատավարությանը։ Ինքը ուզում է կանխել մեր գործողությունները։
Կարդացեք նաև
–Բայց հայկական կողմից չկա համարժեք արձագանք։ Ալիեւը հայերին անհիմն մեղադրում է սարսափելի հանցանք գործելու մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները խոսում են այն մասին, որ միջազգային դատական ատյաններից հայցեր հետ են քաշելու։ Սա ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ պետք է անել։
-Պարզ է, ցեղասպանն իր զոհերին մեղադրում է ցեղասպանության մեջ։ Ահա թե ինչ է կատարվում։ Եվ սա մենք հանդուրժում ենք։ Ցավով պետք է ասեմ, որ իմ նշած փաստարկները մենք ինքներս ենք հանել շրջանառությունից եւ որեւէ կերպ շրջանառության մեջ չենք դնում։ Ես չեմ ասում, որ այս փաստարկները դրվեն պաշտոնական դիվանագիտական շրջանառության մեջ, այլ նույնիսկ տեղեկատվական դաշտում մենք դա շրջանառության մեջ չենք դնում։ Մենք թաքցնում ենք աշխարհից այն, ինչն Ադրբեջանը լավ էլ գիտի, եւ ինքն ամեն կերպ կեղծում է այդ փաստերը։ Տեսեք, թե ինչ արտահայտություն է իրեն թույլ տվել այդ գազանը։ Ինքն ասում է, որ գործող միջազգային իրավունք արդեն չկա, ով ինչ կարող է անել, դա է անում։ Բայց նա անում է այն, ինչ ինքն է ուզում, եւ դիմացը խոսող չկա։ Ընդ որում, ես այդ հարցում մեղադրում եմ նաեւ մեր Սփյուռքին։ Այն, ինչ ես ասացի, որ Ադրբեջանը դեռ չունի հռչակված սահմաններ, այն, որ Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել Խորհրդային Ադրբեջանին չպատկանող եւ այսօրվա Ադրբեջանի Հանրապետությանը չպատկանող տարածքներում, այս դրույթները մենք ինքներս ենք թաքցնում աշխարհից՝ Սփյուռքից մինչեւ Հայաստան։ Մի բան, որն անթույլատրելի է։ Եթե դա անգիտություն է, ապա մենք մեր քաղաքական ու իրավական տգիտության զոհերն ենք դառնում։ Ալիեւն այսօր Նյուրնբերգի անունն է տալիս, բայց այդ անունը մենք պետք է տանք՝ 1905 թվականի դեպքերից սկսած։ Ճշմարտությունը դա է, իսկ ճշմարտությունը պետք է հնչի, որ դառնա մարդկային սեփականությունը։
Հնարավոր է, որ պաշտոնապես այս փաստարկները հնչեցնելու հարմար ժամը չէ, սակայն դա չի նշանակում, որ մենք դա պետք է ակտիվորեն թաքցնենք աշխարհից ու մեզնից։ Հազար ձեւ կա դրա մասին խոսելու կամ ուղղակի հակադարձելու ու ասելու՝ մենք խաղաղության ենք ձգտում, բայց խաղաղության ձգտումը չի նշանակում, որ ցեղասպանը կարող է ցեղասպանության մեջ մեղադրել ցեղասպանության զոհին։ Պաշտոնական տարբեր խողովակներով կարելի է սա հնչեցնել ու դարձնել միջազգային հանրության սեփականությանը։ Այսօր ռուսական, օտարերկրյա կայքերը սխալ են մեկնաբանում՝ ասելով, թե ԼՂ-ն օրինական ձեւով անջատվել է Խորհրդային Ադրբեջանից։ Ո՞նց կարող էինք անջատվել, եթե 1991 թվականի դեկտեմբերի 10-ին մենք այնտեղ չենք եղել։ Բայց մեզ այդ այսպես կոչված ինքնորոշման ծուղակն են գցել, որի մասին ես արդեն 20 տարի է՝ բղավում եմ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































