Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն իսկապես մտահոգվելու տեղ ունի

Փետրվար 24,2026 10:00

Դատելով ջղաձիգ գրառումներից, որոնցով ՔՊ-ականներն ու նրանց արբանյակներն արձագանքում են ընդդիմադիր խոշոր միավորումների ձեւավորմանը՝ այդ գործընթացը նրանց լրջորեն անհանգստացնում է: «Մենք չլինենք՝ խաղաղություն չի լինի, մենք չլինենք՝ անկախություն չի լինի»՝ այս «ավանդական», ինձ թվում է՝ մանկամիտ սպառնալիքներին ավելանում են նոր երանգներ: Օրինակ, «թույլ չենք տա, որ օլիգարխները գան իշխանության»: Կարծես, իրենց շարքերում օլիգարխներ (այդ թվում «նեո-օլիգարխներ) չկան, կամ օլիգարխները չեն մուծվում համապատասխան հիմնադրամներին:

Ո՞րն է այդ ջղաձգումների պատճառը: ՔՊ-ն, ըստ ամենայնի, հույս ուներ, որ կհաջողվի կրկնել 2021 թվականի սցենարը, երբ Փաշինյանի հիմնական մրցակիցը Ռոբերտ Քոչարյանն էր, որին հազարավոր մարդիկ (անգամ՝ հականիկոլականները) «դեմ» քվեարկելու բազմաթիվ պատճառներ ունեն: Անձամբ ինձ համար նույնիսկ Քոչարյանն այս պահին ավելի գերադասելի է, քան Փաշինյանը: Բայց ակնհայտ է, որ երկրորդ նախագահն այլեւս «գլխավոր ընդդիմադիրը» չէ:

Ո՛չ Սամվել Կարապետյանը, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանը Քոչարյանի չափ հակառեյթինգ չունեն: Բնականաբար, իշխանական քարոզչությունը կփորձի նրանց կապել Քոչարյանի հետ, եւ գուցե դրան միամիտ հավատացողներ լինեն: Բայց մի բան է, երբ մրցապայքարին մասնակցում է անձամբ շատերի «հակահերոսը», մեկ այլ բան է, երբ առաջադրվում են մարդիկ, որոնց փորձում են կապել Քոչարյանի հետ՝ չբերելով, ի դեպ, որեւէ լուրջ հիմնավորում հօգուտ այդ կապի:

Մեկ այլ տարբերակ է իշխանության համար՝ փորձել ընդդիմադիրներին իրար դեմ հանել: Բայց ընդդիմադիր հիմնական ուժերն առաջնորդում են բազմափորձ մարդիկ, եւ նրանց համար, վստահ եմ, խնդիր չէ՝ «վերծանել» այդ պարզունակ տեխնոլոգիան: Ենթադրում եմ, որ երկրորդ նախագահը եւ նրա կողմնակիցները նույնպես կուլ չեն տա ՔՊ-ական այդ խայծը:

Իշխանությունը վախենում է «Գյումրիի սցենարից», երբ ընդդիմադիրները միավորվեցին ՔՊ-ական թեկնածուի դեմ: Հավանաբար, այդ վախի համար հիմքեր կան: Ես էլ եմ վախենում այդ սցենարից, բայց՝ այլ տեսանկյունից: Գյումրիում ընտրվեց քաղաքապետ, իսկ այնուհետեւ Փաշինյանը, օգտագործելով իր գրպանում գտնվող քննչական մարմինները, դատախազությունը եւ դատարանները, «չեղարկեց»  ընտրությունների արդյունքները:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ստորագրեալը ամենաառաջին օրից սկսեալ ու անկէ ետք շարունակաբար, կտրականապէս դէմ էր՝ 2018-ի գարնան այդ հաւաքական ինքնաքանդիչ խելագարութեան: Նաեւ, երկար ժամանակ, Քոչարյանի թունդ համակիր մըն էի:

    Այնուհանդերձ, մարդս էական դէպքերու ընթացքին հետ՝ կ’ենթարկուի հոլովոյթի, եւ ուրեմն ահա թէ ուր հասայ ես՝ ( կարող եմ լայնօրէն հիմնաւորել, եթէ տակաւին «սիրտ մնացած» ըլլար այս բաներուն մասին դեռ երկարօրէն գրելու:

    . Անհրաժեշտ է, նոյնիսկ՝ կենսակա՛ն է, որ ՀՅԴ-ն «անջատուի» Քոչարյանէն: Եւ ջանայ մօտենալ՝ ՀԱԿ-ին:

    Իսկ այս ընթացքով, հեռու չեմ մտածելէ որ ՀՅԴի նախնական որոշումը՝ համագործակցելու Փաշինյամնի հետ, այդքան ալ սխալ չէր…

    Հայդուկ Շամլեան

  2. Հ.Շ. says:

    կամ ալ,ՀՅԴ-ն գոնէ թող լիվոին միանայ՝ «Մեր ձևով» ին: I դէպ, այդ անունը կը յիշեցնէ 70-80ականներու, Արեւմտեան Պէյրութի մէջ, Արդարութեան Մարտիկներու որոտագին կարգախօսը՝ «Ա՛յս է Մեր Ոճը»…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728