Լավ լուր. YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեսթավորումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տեսանյութում Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Թերևս նկատել եք, որ Հայաստանում YouTube-ի հոլովակների արանքում սկսել են ի հայտ գալ գովազդային հոլովակներ, սա նշանակում է, որ պայմանավորվածության համաձայն YouTube-ը սկսում է Հայաստանում մոնետիզացիայի գործիքի ակտիվացումը և հիմա թեստավորման աշխատանքներ են տեղի ունենում։
Սա լավ լուր է բոլոր այն մարդկանց համար, որոնք մտածում են, որ վիզուալ բովանդակությամբ կարող են վաստակել, այսինքն այդ երևացող գովազդները նշանակում են, որ համապատասխան ալիքների տերերը կարող են նաև գումարներ վաստակել։
Սրանով մենք ևս մի քայլ ենք անում գլոբալ աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ, նաև շատ կարևոր է արձանագրել, որ YouTube-ը բավականին բարձր չափանիշներ ունի տեսողական բովանդակության վերաբերյալ, ինչը հույս է ներշնչում նաև, որ այս գործիքի կիրառմամբ նաև մեր մոտ տեսողական բովանդակության որակը կլավանա, և իհարկե, տեսողական բովանդակություն ստեղծող մարդկանց համար վաստակի նոր աղբյուր է առաջանում, ինչի առիթով կարող ենք այդ մարդկանց շնորհավորել և հույս հայտնել, որ այդ բովանդակությունը կլինի հնարավորինս գիտելիքահենք և գեղագիտահենք, և իհարկե, հույս ունենք, որ կնպաստի մեր հանրային հարաբերությունների բարելավմանը։ Լավ եղեք»։


















































