Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ նախապես չխոսեցիք հոգևորականների հետ»: «Ինձ ասում էին անգերեզման մնաս, ի՞նչ խոսեի հետները»․ վեճ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև

Փետրվար 24,2026 13:05

«Սեփականության փոփոխության դեպքում, եթե խոսքը պատմամշակութային հուշարձանին է վերաբերում, սեփականատերը գործող կարգավորումներով պետք է տեղեկացնի լիազոր մարմնին, որ սեփականատերը փոխվել է։ Նպատակն այն է, որ արտաքին տեսքի հետ կապված հարցերի պարագայում նախարարությունն իմանա՝ ով է սեփականատերը, իրեն դիմի»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Թագուհի Ղազարյան

Նա նշեց, որ ստացել է երկու հոգևորականների խմբերից կարծիք․ «Բարենորոգման օրակարգի հոգևորականներից ստացել եմ առաջարկություն, որ պետք է խստացվեն սեփականության տնօրինման իրավունքի հետ կապված հարցերը։ Հրապարակային Մայր Աթոռը հայտարարել է, որ գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց ու որոշեց, որ պետք է խստացնել սեփականության իրավունքի հետ կապված հարցերը։ Ուրախ եմ, որ չնայած բազում տարաձայնությունների՝ առնվազն հուշարձանների հարցում հոգևորականները համերաշխ են օրենսդիրի հետ»։

Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ՔՊ-ական պատգամավորին հարցրեց՝ երբ այս նախաձեռնությունը դնում էիք շրջանառության մեջ, ինչո՞ւ չէիք խորհրդակցում եկեղեցու, եկեղեցու ներկայացուցիչների հետ, միգուցե շատ ավելի խորքայի՞ն լուծումներ կառաջարկեին, Թագուհի Ղազարյանը վրդովված պատասխանեց․ «Առիթներ եղել են նախորդիվ թանգարանների, հուշարձանների հետ կապված հարցերում աշխատանքային քննարկումների ժամանակ Մայր աթոռի ներկայացուցչի հետ տարբեր հարցեր քննարկել, և ընդհանուր ըմբռնում է  եղել, որ դաշտը կարգավորված չէ, պետք է կարգավորել։ Միգուցե ճիշտ եք՝ ճիշտ կլիներ՝ երբ անցանք աշխատանքային քննարկման, բոլոր կրոնական կազմակերպությունների պատասխանատուներին կանչեինք և քննարկեինք իրենց հետ, բայց քանի որ Ձեր հարցը Մայր Աթոռին է ուղղված, մի քիչ անհարմար պահ էր։ Այդ ժամանակ Մայր Աթոռում զբաղված էին ինձ ու իմ գործընկերներին նզովելով, անիծյալ ու անգերեզման մաղթանքներ հղելով»։

Լիլիթ Գալստյանն արձանագրեց՝ ամեն դեպքում նախապես չդիմեցիք, Թագուհի Ղազարյանը վրդովված արձագանքեց․ «Դուք չգիտե՞ք՝ ինչի է անհնար հիմա խոսել իրենց հետ։ Ի՞նչ խոսեի՝ ասեի՝ անգերեզման մնաք, որ ասում եք՝ ի՞նչ նկատի ունեք, սրբազան կամ յոթ սերունդ անիծյալ լինել, ո՞ր կողմից յոթ սերունդը նկատի ունեք՝ մայրակա՞ն, թե՝ հայրական»։

Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728