«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը չկատարելու դեպքի առիթով, խոսքս վերաբերում է ինձնից ներողություն խնդրելու պարտավորությանը, որ դատարանը դրել է իր առջեւ, ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին։ Այդ հիմքով գործը փոխանցվել է Շենգավիթի քննչական բաժին եւ այնտեղ նախաձեռնվել է հանրային քրեական վարույթ»,-Aravot.am-ին ասաց հանրային գործիչ Էդգար Ղազարյանը իրեն սույն գործով Շենգավիթի քննչական հրավիրելու առիթով։
«Ես այդ վարույթում ունեմ տուժողի դատավարական կարգավիճակ և հիմա այդ ուղղությամբ արդեն իրականացվում է նախաքննություն։ Իմ կարծիքով, այդտեղ շատ մեծ վարույթային գործողություններ չեն ենթադրվում, որովհետեւ կատարված ենթադրյալ հանցագործությունը շատ պարզ է։ Այսինքն` կա դատարանի վճիռը՝ պետք չէ այդ ուղղությամբ նոր ապացույցներ հայտնաբերել։ Վճիռը կա, սուբյեկտը կա, տուժողը կա, բոլորը կան։ Ամեն ինչը հրապարակային տիրույթում է։ Մնում է ուղղակի Արթուր Հովհաննիսյանին ենթարկեն պատասխանատվության։
Այստեղ ուղղակի մի իրավական խնդիր գոյություն ունի: Արթուր Հովհաննիսյանը հանդիսանում է Ազգային ժողովի պատգամավոր։ Իսկ սահմանադրությամբ պատգամավորները օգտվում են անձեռնմխելիության իրավունքից։ Եվ որպեսզի նախաքննական մարմինը կարողանա Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրել, պետք է Ազգային ժողովը համաձայնություն տա։ Եվ ենթադրվում է՝ ինչ-որ մի փուլում գլխավոր դատախազը պետք է միջնորդությամբ գնա Ազգային ժողով եւ խնդրի թույլատրել, որ Արթուր Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավեն գործում»,-շարունակեց նա։
Շենգավիթի քննչականում կատարվածի մասին Էդգար Ղազարյանը մանրամասներ չհայտնեց. «Ես հիմա չեմ կարող շատ մանրամասներ ասել, որովհետեւ նախաքննություն է ընթանում, որի ընթացքի մասին ես չեմ կարող տեղեկություններ տրամադրել նախաքննական գաղտնիքի տրամաբանությամբ։ Կարող եք դիմել Քննչական կոմիտեին եւ պարզաբանումներ ստանալ ինչքանով վարույթն իրականացնող մարմինը տեղեկություններ տրամադրելը հարմար կգտնի։ Ես հիմա վարույթի մասնակից եմ եւ այդ իմաստով կաշկանդվածություն ունեմ»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































