Այսօր լրագրողները հարց ուղղեցին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ արդյոք պետական մակարդակով կոռուպցիայի մասին չի փաստո՞ւմ այն, որ շատ բարձր պարգեւավճարներ են սահմանվում պաշտոնյաների համար։
«Պարգեւավճարների հետ կապված բազմաթիվ անգամներ պարզաբանումներ տրվել են, այդ թվում՝ նաեւ քաղաքական ղեկավարության կողմից։ Ես՝ որպես իրավաբան, ձեզ կարող եմ ասել, որ մենք կոռուպցիա հասկացությունը գնահատում ենք Քրեական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերն ու հոդվածները։ Եվ ձեր նկարագրած իրավիճակը, երբ աշխատողին կառույցը պարգեւավճար է տալիս, Քրեական օրենսգրքի որեւէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա»,- ասաց Արթուր Նահապետյանը։
Նա նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում եւս պարգեւավճարներ եղել են, սակայն թիվ չասաց․ «Առաջիկայում, երբ մենք կներկայացնենք հայտարարագիր, այդ հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում՝ ես ստացել ենք»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հայտարարությանը, որ իր վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործը շոու է, Արթուր Նահապետյանն ասաց․ «Ես դատավարության մասնակիցների մեկնաբանությունները չեմ պատրաստվում մեկնաբանել, դրա համար կան դատական պրոցեսներ։ Դուք էլ կարող եք դատական պրոցեսներին մասնակցել եւ յուրաքանչյուր անգամ համոզվել, թե իրավական առումով Հակակոռուպցիոն կոմիտեն ճի՞շտ է մեկնաբանել դեպքի հանգամանքները, թե՞ ոչ»։
Արթուր Նահապետյանն ասաց, որ ստուգողական գործողություններ են իրականացվում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի վերաբերյալ՝ Աբովյանում շուկայականից ցածր գնով առանձնատուն ձեռք բերելու գործով։ «Պարզում ենք, թե մյուս սեփականատերերը կոնկրետ ինչ արժեքով են այդ բնակարանները ձեռք բերել։ Եվ եթե ունենանք գնային տարբերություն պարոն Կոնջորյանի եւ մյուս քաղաքացիների ձեռք բերածի մասով, ապա համապատասխան իրավական գնահատական կտանք»,- ասաց նա։
Նահապետյանը խուսափեց պատասխանել Եկեղեցու դեմ իշխանությունների արշավի մասին հարցերին՝ նշելով, որ քաղաքական հարցերի չի պատասխանում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































