Լրահոս
Օրվա լրահոսը

«Արգենտինայում դատավորների վեթթինգն իրականացվեց փակ դռների հետեւում»

Փետրվար 25,2026 12:30 Share

Հեղինակը բացահայտում է վեթթինգի նշանակությունը դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնման, դատավորների բարեվարքության եւ անկախության բարձրացման համատեքստում։ Ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արարատ Բայանդուրյանի «Վեթթինգը» որպես անցումային արդարադատության գործիքակազմ» հետազոտությունից մի հատված.

Վեթթինգի չափանիշները պետք է հստակ ամրագրված լինեն օրենքում։ Տվյալ դեպքում, քանի որ քննարկվում է ad hoc ­վեթթինգի տարբերակը, պետք է չափանիշների մեջ դիտարկել ոչ միայն գույքային դրությունն ու մասնագիտական հմտությունները, այլեւ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ հիմնավոր փաստարկները՝ անկախ այդ կապակցությամբ քրեական գործի հարուցված լինելուց կամ չլինելուց, կայացրած վճիռների ազդեցությունը մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների վրա, դատավորի մասնակցությամբ կայացված վճիռներով եւ որոշումներով ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ՄԻԵԴ-ի վճիռներով գնահատվել են որպես մարդու իրավունքների խախտումներ, եւ այլն։ Նաեւ հստակ չափանիշներ պետք է սահմանել Վեթթինգի մարմնի որոշումների բողոքարկման համար՝ հիմքերը, ժամկետները, ընթացակարգը եւ այլն։ Անկախ նրանից, թե ինչ չափորոշիչներ կընտրվեն ստուգման համար, դրանք պետք է արտահայտեն հասարակության՝ անկախ դատարաններ ստեղծելու ակնկալիքները, ինչպես նաեւ հնարավորինս պարզ եւ օբյեկտիվ իրազեկեն եւ ներգրավեն ­հասարակությանը: Սրա նպատակն է կառուցել հանրային աջակցություն տվյալ գործընթացի նկատմամբ եւ այն դարձնել հանրության համար լեգիտիմ: Օրինակ՝ քանի որ Արգենտինայում դատավորների վեթթինգն իրականացվեց փակ դռների ետեւում, առանց հանրության իմացության, այն խորն անվստահություն ստեղծեց հանրության մեջ՝ ընկալվելով որպես նոր իշխանությունների կողմից իրենց հնազանդ դատական իշխանություն կառուցելու փորձ: Այսինքն, ի սկզբանե դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու համար կոչված դատավորների վեթթինգի գործընթացը չծառայեց իր նպատակին:

Օրենքով պետք է սահմանվի նաեւ Վեթթինգի մարմնի աշխատանքային գործունեության մեխանիզմները, այսինքն, արդյոք ստուգումը կատարվելու է դատավորների կողմից լրացված հայտարարագրերի, բանավոր հարցազրույցների, այլ մարմիններից ստացված տեղեկությունների, քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա։ Տարբեր պետություններում կիրառվել են տարբեր գործիքներ՝ կախված նրանից, թե ինչպիսի չափանիշներ են ընտրվել եւ հանրային մասնակցության ինչպիսի մակարդակ է անհրաժեշտ եղել ապահովել։ Համակարգում լայնածավալ վեթթինգ իրականացնելուց առաջ փորձագետները մշտապես առաջարկում են ­պիլոտային տարբերակով ­փորձարկել մշակված գործիքը, օրինակ, առաջնահերթ կիրառել ԲԴԽ դատավոր անդամների նկատմամբ:

Գործընթացը պետք է ապահովի արդար քննության երաշխիքները, իսկ հանձնաժողովի բոլոր որոշումները պետք է լինեն պատճառաբանված, հիմնավորված եւ ենթակա լինեն բողոքարկման: Պիլոտային տարբերակի գործարկման հիման վրա դուրս կբերվեն որոշակի խնդիրներ, որոնք պետք է շտկվեն նախքան համընդհանուր կիրառումը։ Վեթթինգի գործիքի մշակմանը զուգահեռ անհետաձգելի քայլեր պետք է ձեռնարկվեն դատավորների թեկնածուների վերապատրաստման եւ ցուցակի կազմման ո­ւղղությամբ։ Այս ցուցակում ընդգրկված թեկնածուները պետք է նշանակվեն այն հաստիքներում, որոնք կառաջանան վեթթինգի, կամավոր պաշտոնից ազատման (Ալբանիայում հարյուրավոր դատավորներ հեռացան համակարգից նախքան վեթթինգը), գործող դատարաններում հաստիքների ավելացման արդյունքում։ Դատավորների թեկնածուների վերապատրաստումը պետք է իրականացվի որակապես նոր ուսումնական ծրագրով, որը կարտացոլի այն առաջնահերթ խնդիրները, որոնց հետ առնչվելու են դատարանները, օրինակ՝ կոռուպցիոն հանցագործությունների քննություն, ակտիվ­ների վերադարձ, մարդու իրավունքների զանգվածային խախտումներ եւ այլն։ Տվյալ ո­ւղղությունները պետք է բխեն նախապես քարտեզագրված համակարգային խնդիրների լուծման անհրաժեշտությունից։ Սա ենթադրում է Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրի վերանայում, որոշակի ուղղությունների շեշտադրում, Արդարադատության ակադեմիայի դասընթացավարների վերապատրաստում (training of trainers)։

Անհրաժեշտ է նաեւ փոխել Արդարադատության ակադեմիայի ապագա ունկնդիրների պահանջվող քանակը որոշելու մեթոդը, այսինքն՝ ելնել ոչ թե ենթադրվող թափուր տեղերի քանակով, այլ պլանավորել ռեզերվային մեթոդով, այն է՝ ստեղծել եւ աստիճանաբար համալրել թեկնածուների ցուցակը։ Զուգահեռաբար պետք է բարձրացվեն դատավորների սոցիալական ապահովության երաշխիքները։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերամշակման շրջանակում նաեւ անհրաժեշտ է ապահովել դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման վերանայման եւ գնահատման համար հստակ եւ չափելի չափորոշիչների սահմանումը, գնահատող հանձնաժողովի կազմի, անդամների ընտրության մեխանիզմի բարելավումը՝ կամայականությունները բացառելու նպատակով: Թեկնածուների ցուցակները կազմելիս պետք է ապահովել դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի առավելագույն թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, գործընթացում հանրության հնարավոր ներգրավումը:

Վեթթինգի գործիքի հետ համակցությամբ, ինչպես նաեւ առանձին գործընթացով հնարավոր է կազմակերպել դատարանների կազմի նորացում՝ եղած հաստիքները նոր դատավորներով համալրելու, ինչպես նաեւ նոր հաստիքներ ստեղծելու միջոցով։ Այս գործողությունների նպատակն է անկախ, բարձր բարեվարքությամբ, երբեւէ դատական համակարգում չաշխատած թեկնածուների միջոցով նոր որակ բերել դատական համակարգ եւ հակակշռել գործող այն դատավորներին, որոնք որոշակի կերպով ներքաշված են եղել համակարգային կոռուպցիայի եւ այլ հանցավոր սխեմաների մեջ։

Հատկանշական է նշել, որ վերջին տարիներին Հայաստանում մեծացել է հետաքրքրությունն անցումային արդարադատության (ԱԱ) մեխանիզմների նկատմամբ՝ հատկապես 2018 թ. «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ հասարակական քննարկումները մարդու իրավունքների, իրավական պետության ամրապնդման եւ անցյալում տեղի ունեցած խախտումների գնահատման շուրջ դարձան առավել ինտենսիվ։ ԱԱ մեխանիզմները Հայաստանում պետք է դիտարկվեն ոչ միայն դատաիրավական, այլ համակարգային եւ հանրային վստահությունը վերականգնելու միջոցառումների համատեքստում։

Առանձնացվում է չորս հիմնական ԱԱ իրականացման գործիքակազմ.

1. Քրեական արդարադատություն – պատասխանատվության իրականացման գործիքներ՝ ի լրումն դատական ընթացակարգերի։

2. Ճշմարտության որոնման հանձնաժողով­ներ – անցյալում տեղի ունեցած խախտումների բացահայտման եւ փաստերի հաստատման մեխանիզմներ։

3. Փոխհատուցման ծրագրեր – նյութական եւ ոչ նյութական վնասների վերականգնում, որը նպաստում է հասարակության վերականգնողական արդարադատության պահանջներին։

4. Համակարգային բարեփոխումներ (լյուստրացիա եւ վեթթինգ) – պետական ինստիտուտներում վստահության ամրապնդում, բարեվարքության վերահսկում եւ անձնակազմի գնահատման մեխանիզմների ներդրում։

Հայտնաբերված մոտեցումները համահունչ են ՄԱԿ-ի 2004 թ. գլխավոր քարտուղարի զեկույցում նշված չափանիշներին՝ ըստ որոնց ԱԱ-ի հաջողության հիմքը կազմում է ճշմարտության բացահայտում + պատասխանատվություն + հատուցում + բարեփոխումներ։

«Դատական իշխանություն», 2025 10-12 (316-318)

«Առավոտ» օրաթերթ
24.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728