Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր ֆրակցիայում քննարկում չի եղել այդ հարցով, ո՞նց կարող ենք կողմ կամ դեմ լինել». Ինչո՞ւ Արցախի խորհրդարանը չի դիմել Թրամփի «Խաղաղության խորհրդին»

Փետրվար 26,2026 13:30 Share

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն օրերս տեղեկացրել էր, որ նամակ էր պատրաստել եւ ուղարկել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին, որպեսզի Արցախի ԱԺ անունից դիմեին Թրամփի «Խաղաղության խորհրդին»՝ խնդրելով խորհրդի՝ փետրվարի 19-ի նիստի օրակարգում ներառել նաեւ Արցախի հիմնախնդրի հարցը։

Ըստ Արամայիս Աղաբեկյանի՝ «Միասնական հայրենիք» եւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը դրական է արձագանքել։ «Այնուհետեւ Աշոտ Դանիելյանն ինձ պատասխանեց, որ մնացած խմբակցությունները դեմ են արտահայտվել՝ պատճառաբանելով, որ «Խաղաղության խորհուրդն» անլուրջ մարմին է։ Այսինքն՝ Թրամփն անլուրջ է, իրենք այդպես լուրջ են, ուրեմն, պետք չէ դիմել իրեն։ Ես, իհարկե, ենթադրում եմ, թե մերժման պատճառն ինչ է։ Իմ կարծիքով՝ մերժում կար, որովհետեւ նման պարագայում հակամարտության լուծման տրամաբանությունը պետք է լրիվությամբ անցներ ամերիկյան կողմին, եւ երեւի մտավախություն ունեին, որ ռուսական կողմը կարող է խանդով վերաբերվել»,- ասել էր Արամայիս Աղաբեկյանը։

«Առավոտն» Արցախի ԱԺ խմբակցություններից փորձեց պարզել, թե ի՞նչ է տեղի ունեցել, քննարկե՞լ են այս նամակը, ինչո՞ւ չեն կարողացել ընդհանուր եզրահանգման գալ ու Արցախի ԱԺ անունից նամակը փոխանցել ամերիկյան կողմին։

Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենց խմբակցությանը դիմե՞լ են, եւ իրո՞ք իրենք դեմ են եղել, որպեսզի Արցախի հարցն ընդգրկվեր «Խաղաղության խորհրդի» նիստի օրակարգում։ Ի պատասխան Բալայանն ասաց, որ տեղյակ չէ ոչ նամակի, ոչ էլ նման նախաձեռնության մասին։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցում քննարկում ընդհանրապես չի եղել։ «Նախ կարծում եմ, որ առաջարկողը նաեւ պետք է հաշվի առներ, որ դա այն ժամանակահատվածն էր, որ փետրվարի 20-ի վերաբերյալ քննարկում կար եւ քննարկման հիմնական ուղղությունը փետրվարի 20-ի մասին հայտարարության շուրջ էր։ Որպես այդպիսին այդ հարցով համատեղ որեւէ քննարկում չի եղել, անդրադարձ չի եղել։ Իսկ եթե վերոնշյալ երկու խմբակցությունները կողմ են եղել, եթե իրենք քննարկում են ունեցել, ապա ի՞նչ խնդիր կար, կարող էին այդ նամակն ուղարկել, որովհետեւ իրենք խորհրդարանական մեծամասնություն են՝ 24-25 հոգի հենց այդ երկու խմբակցությունների պատգամավորներն են։ Մնացած երեք խմբակցությունները փոքրամասնություն են կազմում եւ որեւէ կերպ նամակն ուղարկելուն չէին կարող խոչընդոտել։ Այնպես որ, ես այդ շահարկման իմաստը չեմ էլ հասկանում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ իրենք բազմաթիվ քննարկումներ են ունենում, հնարավոր չէ նույն ժամանակահատվածում քննարկել մի քանի հարց ու որոշում կայացնել։ «Ի վերջո, դրանք ուղղակի հայտարարություններ ու նամակներ չեն, դրանք գործընթացներ են, որոնք եթե սկսում ես, պիտի ավարտին հասցնես։ Ի վերջո, լրջություն պե՞տք է լինի այդ իմաստով։ Փետրվարի 20-ից հետո այդ հարցը, եթե բերվեր խորհրդարան, կլիներ քննարկում, չի բերվել, չի եղել քննարկում։ Մենք ուղղակի չենք ունեցել այդ քննարկումը եւ ոչ դեմ, ոչ էլ կողմ կարծիք չենք էլ հայտնել»,- հավելեց Հակոբյանը։

Մետաքսե Հակոբյանը նաեւ ասաց, որ իրենք ակտիվ աշխատանք են իրականացնում, բազմաթիվ նամակներ են ուղարկվել տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին, անգամ ԱՄՆ փոխնախագահին։ «Այնպես չէ, որ այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չի արվում։ Ուղղակի մի հարցի շուրջ հաջողվում է աղմուկ բարձրացնել, մյուս հարցն ուղղակի աշխատանք է, որը մենք լուռ ու մունջ կատարում ենք։ Եվ մենք երբեւէ որեւէ հարցով կաշկանդված չենք եղել, մենք պատրաստ ենք այսօր համագործակցել ու համագործակցում ենք տարբեր երկրների հետ, օգտագործում ենք բոլոր այն հարթակները, որտեղ կարողանում ենք մուտք գործել։ Նախասիրություն չունենք, թե կոնկրետ որ երկիրը կլինի, որտեղ հնարավորություն ենք ունենում, ինչ-որ խողովակներով մուտք գործել, մենք այդտեղ աշխատում ենք»,- նշեց նա։

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ եթե «Ազատ հայրենիք-ՔՄԴ» եւ «Միասնական հայրենիք» խմբակցությունները կողմ էին, ինչո՞ւ այդ երկու խմբակցությունների անունից չեն դիմել «Խաղաղության խորհրդին»։ Աշոտ Դանիելյանը հրաժարվեց պատասխանել մեր այս եւ մյուս հարցերին, ասաց, որ եթե հարմար գտնեն, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն հետագայում։

«Ես համենայնդպես կարող եմ միայն մեկ բան ասել, որ մեր ֆրակցիայում այդ հարցով քննարկում չի եղել։ Եթե մեր ֆրակցիայում քննարկում չի եղել այդ հարցով, ո՞նց կարող ենք մենք լինել կողմ կամ դեմ լինել»,- նշեց Աշոտ Դանիելյանը, ով «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի անդամ է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728