Բարձրացվել է հարց, որ Երեւ անի հարկադիր կատարողներին հանձնարարվի երեխայի հանձնումը ծնողին, կամ Երեւանից հարկադիր ծառայությունից ներկա գտնվեն
«ՀՀ արդարադատության նախարարին, Գլխավոր հարկադիր կատարողին Էլեկտրոնային հարթակով բողոք ենք ներկայացրել, հայտնել, որ Գեղարքունիքի մարզի հարկադիր կատարողները բացարձակ չեն տիրապետում իրենց պարտականություններին, իրենց անգործությամբ, գործելակերպով հեղինակակազրկում են արդարադատության իականացմանը։ Չունենք վերջնական որոշում, եթե իրենք էլ չեն աջակցելու, մենք հանցագործության մասին հաղորդումներ ենք ներկայացնելու»,-երեկ «Առավոտին» տեղեկացրեց փաստաբան Արմինե Ղասաբողլյանը (լուսանկարում)։ Նա ներկայացնում է բուժքույր, ամուսնալուծված Նարինե Գրիգորյանի շահերը։
Արդարադատության նախարարին ուղղված բողոքում Ա.Ղասաբողլյանը հայտնել է. «Ներկայումս հասել ենք այնտեղ, որ Գեղարքունիքի հարկադիր կատարման աշխատակիցները չեն կատարում թիվ ԳԴ4/ 0187/02/22 քաղաքացիական գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, այն է՝ անչափահաս երեխային չեն հանձնում մորը՝ Նարինե Գրիգորյանին. մինչ այս վերջինների կողմից չէր կատարվում դատարանի միջանկյալ դատական ակտը՝ չէր ապահովվում տեսակցությունների իրականացումը, հիմա արդեն վերջնական դատական ակտը»։
Փաստաբանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 2022 թ. դեկտեմբերի 7-ին հայրը դիմել էր դատարան՝ երեխայի բնակության վայրն իր մոտ սահմանելու պահանջով (8 տարի ապրել են իրար հետ, երեխան 11 տարեկան է)։ Հայցն ընդունվել էր վարույթ։ Ն. Գրիգորյանը 2024 թ. հայց է ներկայացրել դատարան, որոշվել է ընդհանուր քննության առարկա դարձնել երկու հայցադիմումները։ Փաստաբան-ներկայացուցիչը միջնորդել էր հայցի ապահովման միջոց կիրառել. երեխայի տեսակցության համար, դատարանը թույլատրել է շաբաթը երկու օր մորը թույլ տալ տեսակցել երեխայի հետ։ Ի դեպ, խնամակալության և հոգաբարձության մարմինը նույնպես տնայցեր է կատարել, արդյունքում նպատակահարմար է համարվել՝ երեխայի բնակության վայրը սահմանել մոր տանը։
Կարդացեք նաև
ՓԵտրվարի 19-ին, ժամը 15. 00 -ին, Վարդենիսի համայնքապետարանում պետք է տեղի ունենար երեխայի հանձնումը։ Փաստաբանն ասում է. «Գործընթացը սկսվեց 30 րոպե ուշ, քանի որ հարկադիր կատարողը ժամանակին չէր ներկայացել կատարողական գործողությունների կատարման վայր։ Ներկայանալուց հետո պարզվեց, որ որևէ հոգեբան ներկա չէ և չեն կարող ապահովել։ Այնուհետև մեզ հատկացրեցին սենյակ, որտեղ ներկա էին Մարտունու հարկադիր կատարման ծառայության պետ Եղոյանը, հարկադիր կատարող Ա. Միրզիկյանը, պահանջատեր Նարինե Գրիգորյանը, անչափահաս դուստրը, խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատակից Մարինե Մնացականյանը, պարտապանը՝ հայրը, ես և Ջուլիետա Հարությունյանը։
Ընթացքում հարկադիր ծառայության պետ Եղոյանը և հայրը, ովքեր շատ ջերմ հարաբերությունների մեջ են գտնվում, դուրս եկան սենյակից։ Ես անձամբ հարկադիր կատարող Միրզիկյանի, խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատակից Մարինե Մնացականյանի, Ջուլիետա Հարությունյանի և Նարինե Գրիգորյանի ներկայությամբ զրուցել եմ երեխայի հետ, ով սկզբում լռում էր, հետո արդեն, երբ իմ կողմից հիշատակվեց մոր կողմից իրեն շատ սիրելու մասին, հուզվեց, աչքերը թրջեց, հարցին, թե ուզում է ապրել մոր հետ, պատասխանեց՝ ոչ, իսկ այն հարցին, թե կցանկանա ապրել հոր և մոր հետ, լռեց, իսկ այն բանից հետո, երբ իմ կողմից հայտարարվեց, որ իր քայլով հնարավոր է ծնողները միանան և ինքը լիարժեք ընտանիք ունենա, խաղաղվեց, հուզմունքը վերացավ, դեմքին թեթև ժպիտ առաջացավ, այդ պահին ներս մտավ հայրը, ում ներկայացվեց իրավիճակը, և ում բնականաբար դա դուր չեկավ և միանգամից ագրեսիվ տոնով հայտարարեց, որ անգամ եթե դա բխում է երեխայի շահերից, ինքը չի համաձայնվի, որից հետո սկսեց անընդհատ կրկնել, թե երեխային ստիպողաբար չեք կարող տանել, ինքը չի ուզում ապրի մոր հետ, և պետք է հաշվի առնել վերջինի կարծիքը, այդ կերպ երեխայի վրա ճնշում գործադրելով և ստիպելով չշեղվի և վերհիշի այն անգիրը, որը պետք է արտաբերեր։
Արդյունքում երեխան կրկին հուզվեց, հետո նորից հանգստացավ, առանձնազրույց ունեցավ մոր հետ և երբ թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող ավարտ պետք է ունենա, հարկադիր կատարողը ընթերցեց արձանագրությունը և հայտնեց, որ երեխային հանձնում են մորը, հայրը կրկին սկսեց բարձրաձայն հայտնել, թե երեխային չեն կարող վերցնել, որի հետևանքով երեխան կրկին աչքերը լցրեց, այդ պահին պետը՝ Եղոյանը, ստացավ հեռախոսազանգ, որից հետո հրահանգեց ավարտել կատարողական գործողությունները, քանի որ երեխան լաց է լինում»։ Փաստաբանի կարծիքով՝ նորմալ է երեխայի լացը, առավել ևս, երբ դա չի զուգորդվում ագրեսիայով, այլ միայն հոր հանդեպ ունեցած վախով է պայմանավորված, նկատի ունենալով, որ արդեն երեք տարի է, ինչ երեխան զրկված է մոր հետ նորմալ շփում ունենալու հնարավորությունից։ Ի դեպ, այս մասին ահազանգել էր փաստաբանը նաև արդարադատության նախարարին։
Տեղեկացնեմ նաև, որ երեխան, որի տասը տարին չէր լրացել, սակայն դատարանը ներքին համոզմունք ձևավորելու համար, որոշել էր լսել երեխային, երեխան ասել է՝ «չեմ ուզում մամայի մոտ ապրել»։ Մարզի դատարանը հաշվի առնելով ներկայացված ապացույցները, հոգեբանի եզրակացությունը, որոշում էր կայացրել մոր օգտին, որը թե վերաքննիչ քաղաքացիական դատարանը, թե Վճռաբեկ դատարանը թողել են անփոփոխ։
Այս պահին ստեղծվել է մի իրավիճակ, երբ հարկադիր կատարողները շահագրգռված են, որպեսզի չկատարեն դատական ակտը։
Արմինե Ղասաբողլյանը միջնորդել է հանձնարարել հարկադիր կատարողների նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ, ընդհուպ նրանց հեռացնել աշխատանքից, քանի որ հարկադիր կատարողները չեն կարող ապահովել դատարանի վճռի կատարումը, կանխակալ մոտեցում ունեն գործով, իսկ «երեխային մեկ րոպե շուտ այդ միջավայրից հեռացնելը բխում է երեխայի լավագույն շահերից, ասվածը հիմնավորվում է թվով երկու հոգեբանի եզրակացություններով»։
Նկատեմ, որ առաջին անգամը չէ, երբ փաստաբան-ներկայացուցիչները նմանատիպ գործերով միջնորդում են երեխայի հանձնումը հանձնարարել Երևան քաղաքի ոչ գույքային բնույթով բռնագանձումների բաժնին, կամ նրանց մասնակից դարձնել երեխայի հանձնման գործընթացին՝ որպես գործի ելքով չշահագրգռված անձ, այլապես դատական ակտը երբևէ ի կատար չի ածվի։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.02.2026


















































