«Այս քայլը ոչ միայն ուշացած է, այլեւ բացարձակ կիսատ-պռատ է։ Հիշեցնեմ, որ մենք պահանջում էինք, որ կենսաթոշակները պետք է բարձրանան առնվազն 50 տոկոսով»,- կառավարության շենքի մոտ հրավիրած ասուլիսում ասաց «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ ապրիլի 1-ից կենսաթոշակները եւ նպաստները 10 000 դրամով բարձրացնելու մասին հայտարարություններին։
Նա հիշեցրեց, որ «ՀայաՔվե»-ն բազմիցս խոսել է այն մասին, որ մեր երկրում կենսաթոշակներն անթույլատրելի ու չհիմնավորված ցածր են, որ բյուջետային ռեսուրսները ծախսվում են բազմաթիվ քաղաքական չհիմնավորված նպատակների վրա, փոխանակ օգտագործվեն բազմահազար քաղաքացիների բարեկեցությունը լավացնելու համար։ Դրան ի պատասխան՝ գործող կառավարության ներկայացուցիչները, վարչապետը մեր շատ բնական պահանջներն անվանել են պոպուլիզմ, հիբրիդային պատերազմ իրենց վարչախմբի դեմ, հայտարարել են, որ կենսաթոշակները բարձրացնելու իմաստ չկա, որ կենսաթոշակառուները չեն կարող այդ գումարը ծախսել։ Եվ փառք Աստծո, այդ անհեթեթ կուրսը, որ իրենք որդեգրել էին, երեկ վերջապես եկավ իր տրամաբանական ավարտին, երբ իրենք ընդունեցին այն, ինչ բոլորիս համար ակնհայտ էր, որ մեր երկրում կենսաթոշակառուներն իրավազուրկ, ստորացված վիճակում էին ապրում, եւ նրանց խնդիրները կսկսվեն լուծվել։ Դրանով հանդերձ՝ մենք համարում ենք, որ այս քայլը ոչ միայն ուշացած է, այլեւ բացարձակ կիսատ-պռատ է։ Հիշեցնեմ, որ մենք պահանջում էինք, որ կենսաթոշակները պետք է բարձրանան առնվազն 50 տոկոսով։ Եվ նույնիսկ 50 տոկոս բարձրացումը բավարար չէր, որովհետեւ նվազագույն կենսաթոշակը չէր հավասարվելու նվազագույն սպառողական զամբյուղին։ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը հիմա 80 հազար դրամ է, նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամ է։ Ուստի, մենք ունեինք նաեւ երկրորդ պահանջը, որ 50 տոկոս բարձրացնելուց հետո շարունակաբար ամեն տարի տեղի ունենային կենսաթոշակների ինդեքսացիաներ, մինչեւ նվազագույն կենսաթոշակը հավասարվեր նվազագույն սպառողական զամբյուղին եւ դրանից հետո երբեք չիջներ։ Ուստի, մենք համարում ենք, որ այս քայլն ընդամենը կիսատ նախընտրական ժեստ է, կարելի է ասել ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող եւ բնավ չի սպառում այն օրակարգը, որով մենք դուրս էինք եկել պայքարի»,- ասաց նա։
Չալաբյանն ասաց, որ սա արձանագրում են որպես փոքր հաղթանակ, բայց պայքարը շարունակում են՝ մինչեւ իրենց պահանջներն ամբողջությամբ բավարարված կլինեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«ՀայաՔվե» միավորման անդամ Հրայր Կամենդատյանն էլ համեմատական տվյալներ ներկայացրեց, ասաց, որ տարածաշրջանում ամենացածր թոշակները Հայաստանում են։
«10 հազար դրամը, որն անոնսվեց իբր թե օժանդակություն, սրա մասին կառավարության բոլոր անդամները տեղյակ չէին։ Ընդամենը 1-2 օր առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար երիտասարդը պնդում էր, որ ովքեր պահանջում են թոշակը բարձրացնել, պոպուլիստներ են, խաբում են ժողովրդին։ Բայց ես հավատացնում եմ, որ մեր պահանջը՝ 50 տոկոսով բարձրացնել թոշակները եւ յուրաքանչյուր տարի ինդեքսավորում կատարել, հստակ հաշվարկված է։ Եվ մեր պահանջը ոչ թե պոպուլիզմ է, այլ հիմնավորված պահանջ է։ Եվ երբ մեր այդ պահանջին միանան մեր ժողովրդի, թոշակառուների, նրանց ընտանիքների կամքը, կհասնենք հաջողության։ Սա ընդամենը մեկ քայլ է՝ դեպի մեր հաղթանակը։ Ամռանը, երբ մենք իշխանության մաս կկազմենք, 50 տոկոսանոց մեր նպատակը մեզ համար վերջնական կետ չի լինի։ Սոցիալական ծրագիր ունենք մշակված, այդ ծրագիրը բերելու է ոչ թե թոշակների 50 տոկոսանոց աճ, այլ 100 եւ ավելի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
«Սա շատ կարեւոր հաղթանակ ու արձանագրում է, որովհետեւ այդ 10 հազար դրամ թոշակը ոչ թե տրվել է տնտեսական աճի գործոնը հաշվի առնելով, ոչ թե տրվել է գնաճը զսպելու նկատառումով, այլ տրվել է՝ ելնելով վախից։ Վախն է կարեւոր գործոնը այս շենքում նստածների մոտ, որ գնացել են այդ կարեւոր քայլին։ Վախը մեր 500 հազար քաղաքացիների հիասթափությունից, վախը, որ նրանք այլեւս իրենց չեն վստահում եւ առաջիկա ընտրություններում իրենց ձայն չեն տա։ Այսպիսով, այս քայլն իրենց համար եղել է նախընտրական փրկօղակ։ Մեր տատիկ-պապիկների խնդիրներն իրենց համար փրկօղակ են ուզում դարձնել, բայց ոչ թե այդ խնդիրներին համակարգային լուծում են ուզում տալ, այլ պարզապես ընտրություններից առաջ ինչ-որ բան անել, որ շնորհակալ լինեն»,- ասաց «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը։
Ըստ նրա՝ պապիկ-տատիկները չպետք է շնորհակալ լինեն այդ 10 000 կամ 5000 դրամի համար, որովհետեւ դրանք ՀՀ քաղաքացիների գումարներն են։ «Երկրորդ, ձեզ տալիս են 10000 հազար դրամ՝ չուզենալով, իրենց մսից կտրելով՝ միաժամանակ այս շենքում նստածները ստանալով միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգեւավճարներ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ միայն դեկտեմբեր ամսին աշխատավարձ, 13-րդ աշխատավարձ եւ պարգեւավճար իրենցից յուրաքանչյուրը միջինում մոտավորապես 7 մլն դրամ է ստացել»,- նշեց Սողոմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ավետիք Չալաբյանը հավելեց, որ այս կարգի կարեւոր փոփոխությունը պահանջում է ԱԺ-ում Պետական բյուջեի մասին օրենքի փոփոխություն․ «Երբ իրենք կմտնեն ԱԺ՝ Պետական բյուջեի մասին օրենքը փոխելու եւ կներկայացնեն իրենց հաշվարկները, մենք կտեսնենք՝ էս մարդիկ որտեղի՞ց են էս փողը հայտնաբերել, ինչո՞ւ էդ փողը չկար սրանից տառացիորեն 2 ամիս առաջ»։
Ավետիք Չալաբյանը նաեւ ասաց, որ չի բացառվում՝ այս իշխանությունները վերարտադրվելու դեպքում նպաստառուների թիվը կտրուկ կկրճատեն։ «Բյուջեում այդ գումարն իրենք չեն հատկացրել, եւ իրականում ուրիշ բաներ են կրճատելու, ոչ թե իրենց պարգեւավճարները, ոչ թե դատախազների ու քննիչների միլիոնանոց աշխատավարձերը, այլ խեղճ նպաստառուների փողն են կրճատելու»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





















































