Լրահոս
Օրվա լրահոսը

«20 տարի առաջ ես հայտնաբերեցի ձեր օպերային թատրոնն ու սիրահարվեցի». մաեստրո Ֆակունդո Ագուդին

Փետրվար 26,2026 12:50 Share

«Փոխվել է ամեն ինչ և ոչինչ՝ միաժամանակ». 20 տարի անց. հարցազրույց մաեստրո Ֆակունդո Ագուդինի հետ

– Մաեստրո, 20 տարի անց դուք կրկին Երևանի օպերային թատրոնում եք: 2006թ. ղեկավարեցիք Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի համերգային կատարումը, որին հաջորդեց այդ օպերայի բեմադրությունը: Այդ այցի ժամանակ ձեզ ուղեկցում էր Եվրոպայի հայտնի իսպանալեզու պարբերականներից մեկի՝ «Էլ Պաիս»-ի թղթակից Ռոդրիգո Կարիզո Կուտտոն: Իսկապես հրաշալի ներկայացումից հետո այդ թղթակցի շնորհիվ շվեյցարական թերթերում, նաև արգենտինյան, օրինակ՝ հայտնի «Նասիոնում», հրապարակվեցին ծավալուն մասնագիտական հոդվածներ, որոնցում դոմինանտ էին մեր թատրոնի մեներգիչները, նվագախումբը, բնականաբար՝ դուք և այլն: Մեզ հետ զրույցում էլ հավաստիացրել էիք՝ ժամանակակից շվեյցարացի կոմպոզիտոր Քրիստիան Ֆավրին հատուկ Երևանի օպերային թատրոնի համար պատրաստվում է գրել օպերա, ինչը մինչ օրս չենք տեսել: Ինչո՞ւ: Եվ ի՞նչն է փոխվել ձեր ստեղծագործական կյանքում այս 20 տարիների ընթացքում: Գիտենք, որ վաղը ձեր ղեկավարությամբ կներկայացվի Պուչինիի «Տուրանդոտ» օպերան:

– Սկսեմ վերջին հարցից՝ ի՞նչը փոխվեց ինձ մոտ: Փոխվել է ամեն ինչ և ոչինչ՝ միաժամանակ: Ես կասեմ՝ ինչը չփոխվեց: Դիրիժորական վահանակի մոտ եմ 16 տարեկանից՝ արդեն 35 տարի: Իմ սերը, կյանքը երգչախումբն ու նվագախումբն են, մի խոսքով՝ բեմը, օպերային թատրոնը: 20 տարի առաջ ես հայտնաբերեցի ձեր օպերային թատրոնն ու սիրահարվեցի: Մինչ առաջին այցս, իհարկե, լսել էի հայկական յուրահատուկ ձայների մասին, գիտեի, որ աշխարհի օպերային թատրոններում կան հայազգի երգիչներ: Այն դրական էներգիան, որ գալիս է ձեր երաժիշտներից՝ նվագախմբից ու մեներգիչներից, այն ոգևորությունը, որ կա ձեր օպերային թատրոնում, արդեն հաջողության գրավական է: Ձեր թատրոնում ձեռք եմ բերել ընկերներ, բարեկամներ, ինչի առիթով շնորհակալ եմ Աստծուն:

Անկեղծ ասած, սա իմ երրորդ այցն է: 10 տարի առաջ էլ էի եկել, բայց ոչ հյուրախաղերի: Պատճառը մեկն էր՝ կարոտել էի և Կարեն Դուրգարյանին, և դեռևս 20 տարի առաջ «Կախարդական սրինգ»-ի բեմադրական աշխատանքներում ձեռք բերած ընկերներիս: Մեծ հաշվով, ինձ մոտ չի փոխվում մի բան՝ սիրո զգացողությունը:

Ինչ վերաբերում է հատուկ Երևանի օպերային թատրոնի համար կոմպոզիտոր Քրիստիան Ֆավրիի կողմից օպերա ստեղծելուն, այո, նման խոսակցություն եղել է, բայց, ինչպես երբեմն պատահում է, մեր մենեջերը ինչ-ինչ պատճառներից ելնելով փոխեց այդ մտադրությունը:

Հարցնում եք՝ ի՞նչն է փոխվել. մեկ բան հաստատ փոխվել է՝ ժամանակն է նոր «տներ» գտնեմ՝ հիմնված զուտ հոգևոր զգացմունքների, զգացողությունների վրա: Հոգիդ պետք է բավարարված լինի, ինչը ստեղծագործելու ամենագլխավոր պայմանն է:

Ես ծնունդով Արգենտինայից եմ, 25 տարի ապրել ու ստեղծագործել եմ Շվեյցարիայում, չեմ վերադառնա Արգենտինա: Ինչո՞ւ: Պատասխանեմ՝ այնտեղ կոմֆորտ չեմ զգում՝ զուտ քաղաքական իրավիճակից ելնելով: Կրկնում եմ՝ մտադրված եմ բացել նոր «տան» դռներ:

– Երևանի օպերային թատրոնի հիմնադրումից (1933թ.) միայն 90 տարի անց բեմադրվեց «Տուրանդոտ»-ը: Մեզ հետ զրույցում մասնագետները այդ բեմադրությունը որակեցին շքեղ: Այն իսկապես շքեղ է ոչ միայն դեկորների, զգեստների (նկարիչ-դիզայներ Պյոտր Օկունև) առումով, այլ ռեժիսորական մտահղացմամբ (բեմադրող-ռեժիսոր Վյաչեսլավ Ստարոդուբցև): Ներկայացման ճոխությունն ապահովում էին նաև լուսային ռեժիսորի (Սերգեյ Սկորնեցկի) և վիդեո կոնտենտի բեմադրիչ Վադիմ Դուլենկոյի բարձր պրոֆեսիոնալ աշխատանքը: Այո, «շքեղ» որակմանը համակարծիք էր նաև հանդիսատեսը, որը հավելեց նաև «ճոխ» որակումը: Էլ չենք խոսում բեմադրությանը ներգրավված խմբերի, մեներգիչների կատարումների մասին (դիրիժոր և երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյան): Արդեն ձեր ղեկավարությամբ գլխավոր փորձն ավարտված է: Կցանկանանք լսել նաև ձեր կարծիքը:

– Առաջին անգամ եմ ղեկավարելու «Տուրանդոտ»-ը, բայց, կներեք անհամեստության համար, «տուրանդոտագետ» եմ դարձել: Մինչ «Լա Սկալա»-ում այս օպերայի համաշխարհային պրեմիերան՝ 1926թ., մահացավ Պուչինին՝ առանց Տուրանդոտի և Կալաֆի եզրափակիչ դուետը ստեղծելու, բայց դա չխանգարեց պրեմիերային, որի ժամանակ մաեստրո Տոսկանինին կանգնեցրեց ներկայացումը Պուչինիի ձեռքով գրված վերջին տակտով և դիմեց հանդիսատեսին հետևյալ խոսքերով՝ «Այստեղ ստեղծագործությունը չի ավարտվում կոմպոզիտորի մահվան պատճառով»: Իսկ արդեն պրեմիերայի երկրորդ ներկայացումից սկսած օպերան լիովին ավարտվում է Պուչինիի աշակերտ Ֆրանկո Ալֆանոյի շնորհիվ:

Ի դեպ, «Տուրանդոտ»-ի պարտիտուրը համարվում է ամենահարուստը կոլորիտային առումով: Օրինակ, ես այլ երգչախմբային պարտիտուրներ չգիտեմ, որտեղ երգչախումբը այսքան կախարդական, հրաշալի հնչողություն ունենա: Եվ երգչախումբը, և նվագախումբն ու մեներգիչները, իմ խոսքով, խնդրում եմ արձանագրեք՝ փառահեղ են: Գիտեմ, որ այս օպերան ղեկավարում է մաեստրո Դուրգարյանը: Չեք պատկերացնում՝ ինչքան եմ սպասում վաղվան… Սիրով հրավիրում եմ հայ հանդիսատեսին:

Չծավալվեմ ձեր հանդիսատեսին ծանոթ այս օպերայի շուրջ, որը Տուրանդոտի և Կալաֆի սիրո պատմությունն է, բայց մի բան կուզեմ ասել՝ եվրոպական գրականության մեջ չինացի դաժան արքայադուստր Տուրանդոտի անունն առաջին անգամ հնչել է 18-րդ դարի սկզբին Ֆրանսուա Պետիտ դե լա Կրուայի հրատարակած պարսկական հեքիաթների «Հազար ու մի օր» ժողովածուում: Այս ժողովածուից էր, որ վենետիկցի Կառլո Գոցցին վերցրեց Տուրանդոտի սյուժեն, իսկ 40 տարի անց գերմանացի ռոմանտիկ դրամատուրգ Շիլլերը ստեղծեց իր ադապտացիան՝ «Տուրանդոտ, Չինաստանի արքայադուստր» պիեսը Վայմարի թատրոնի համար: Տեսնում եք, չէ՞, ինչպիսի խորությամբ եմ ուսումնասիրել «Տուրանդոտ»-ը» (ժպտում է):

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728