Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում PISA 2025 միջազգային ստուգատեսի  արդյունքների վերաբերյալ

Փետրվար 26,2026 16:25 Share

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Սովորողների միջազգային գնահատման ծրագրի՝ PISA 2025 (Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսի  արդյունքների վերաբերյալ ազգային զեկույցի պատրաստման նախընթաց հանդիպում-քննարկմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև կրթության ոլորտի գործընկեր միջազգային կազմակերպությունների, մարզպետարանների կրթության ստորաբաժանումների,  ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին PISA 2025 միջազգային հետազոտությանը նվիրված կարևոր միջոցառման շրջանակում՝ ընդգծելով արտաքին գնահատման կարևորությունը բարեփոխումների արդյունավետությունը հասկանալու համատեքստում. «PISA-ն պարզապես գնահատում չէ, այն կրթական համակարգերի համար այն կարևոր գործիքն է, որը թույլ է տալիս տեսնել ոչ միայն ուժեղ կողմերը, այլև խորքային բարեփոխումների անհրաժեշտություն ունեցող ուղղությունները։ Այս հետազոտությունը չափում է, թե որքանով են մեր սովորողները պատրաստ իրական կյանքին՝ վերլուծելու, քննադատաբար մտածելու, խնդիրներ լուծելու և տեղեկացված որոշումներ կայացնելու կարողություններով»:

Նախարարի տեղակալը Հայաստանի մասնակցությունը PISA 2025-ին կարևորել է մի քանի առանցքային պատճառով. նախ այն հնարավորություն է տալիս համեմատելու կրթական արդյունքները միջազգային չափանիշների և լավագույն փորձի հետ, ապահովում է տվյալահեն քաղաքականություն մշակելու հիմք՝ փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնելու նպատակով, ինչպես նաև խթանում է հանրային ու մասնագիտական առողջ քննարկում կրթության որակի, հավասար հնարավորությունների և արդյունավետության ապահովման շուրջ։

«Կարևոր է ընդգծել, որ PISA-ի արդյունքները գործիք են՝ կրթական քաղաքականությունը վերանայելու, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերը վերակառուցելու, ուսումնական բովանդակությունն ու գնահատման մոտեցումները արդիականացնելու համար։ Մեր  առաջնային խնդիրը ոչ միայն միջազգային աղյուսակներում դիրքերի բարելավումն է, այլ նաև յուրաքանչյուր երեխայի համար իրական փոփոխության ապահովումը դասարանում և ողջ ուսուցման գործընթացում։ Այս իմաստով PISA 2025 միջազգային ստուգատեսի  շրջանակում իրականացված հետազոտական աշխատանքը կարևոր ներդրում է կրթական համակարգի զարգացման համար»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ շնորհակալություն հայտնելով հետազոտության կազմակերպման և իրականացման աշխատանքներում ներգրավված բոլոր մասնագետներին և կառույցներին։

PISA միջազգային ստուգատեսին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Այն աշխարհում ուսումնառության գնահատման միջազգային ամենախոշոր ծրագիրն է, որը ստուգում է 15 տարեկան աշակերտների՝ իրական կյանքի մարտահրավերներին դիմակայելու կարողությունները, մասնավորապես՝ անհրաժեշտ գիտելիքներն ու հմտություններն ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության բնագավառներում։

PISA ստուգատեսն  անցկացվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ 2000 թվականից սկսած: PISA 2025-ը 9-րդ ստուգատեսն է, որի արդյունքների ամփոփումը նախատեսված է 2026 թ. աշնանը:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈւՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728