Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր շարունակվեց մեղադրյալներից Վահագն Չախալյանի վերաբերյալ խափանման միջոց կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու հարցի քննությունը:
Հանրային մեղադրողը միջնորդեց Չախալյանի նկատմամբ պահպանել կալանքը: Որպես կալանքի իրավաչափության հիմք՝ դատախազն արձանագրեց, որ շարունակում է առկա լինել վարույթին խոչընդոտելու հավանականությունը:
«Անցնող երեք ամիսներին, ըստ էության, հայտնի չեն եղել իրավաչափության հիմքի այնպիսի հանգամանքների փոփոխություններ, որը հնարավորություն կտար արտահայտել դիրքորոշումի փոփոխություն, հետեւաբար, գտնում ենք, որ առկա խափանման միջոցը պետք է պահպանվի եւ երկարաձգվի»,- ասաց դատախազը:
Չախալյանի պաշտպանը շարունակեց հանրային մեղադրողին. «Արդյոք շարունակո՞ւմ է առկա լինել նոր հանցանք կատարելու հավանականությունը եւ առնվազն այդ ռիսկերը նվազե՞լ են, թե՞ ոչ: Պետք է դիտարկել նաեւ ուղղիչ հիմնարկում Չախալյանի պահելաձեւը, կարգապահության կանոններին ենթարկվելու հանգամանքը, առ այսօր մեզ որեւէ տվյալ հայտնի չէ, որ Չախալյանը՝ գտնվելով քրեակատարողական հիմնարկում, դրսեւորել է ոչ պատշաճ վարքագիծ: Իր հայրենիքի համար պայքարում նա ենթարկվում է քաղաքական հետապնդման»:
Կարդացեք նաև
Պաշտպանը ներկայացրեց նաեւ Չախալյանի սոցիալական վիճակը, որ Կոտայքի մարզում գտնվող վարկի տակ եղած տանն են ապրում, վերջին մի քանի ամիսներին չի կարողանում վճարել վարկի ամսական գումարը, քանի որ կալանքի տակ է, տան ոսկեղենն է գտնվում գրավի տակ. «Պարոն Չախալյան, ոտքով ինձ մի հրեք ես դա պետք է ասեմ՝ յուրաքանչյուր հայ տղամարդու համար կարեւոր հանգամանք է ու իր պարտականությունն է ընտանիքի բարօրությունը ապահովել»:
Դատարանը լսելով կողմերին՝ արձանագրեց, որ Չախալյանի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթ է առկա, որով Չախալյանը կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի եւ նրան առանձնապես ծանր արարք է վերագրվում: Այդ գործի շրջանակներում դատարանը չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոց է ընտրել, մեկ կամ ավելի անգամ թույլատրել է Չախալյանին հատել ՀՀ սահմանը անձնական հարցերով:
«Այս գործով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելիս՝ խափանման միջոցը երկարաձգել է մինչեւ մարտի 4-ը: Դատարանն արձանագրում է, որ այս քննության ընթացքում խափանման միջոցի հիմքերը առկա են, թեեւ գնալով նվազում են: Բայց ոչ այն աստիճան, որ ազատության հետ կապված խափանման միջոց հնարավոր լինի կիրառել: Մարտի 4-ից մեղադրյալի խափանման միջոցը կփոխվի տնային կալանքով՝ բացակայելու արգելքի կիրառման համակցությամբ»,-հայտարարեց դատավորը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































