«Իրանի դեմ հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ պաշտոնական Թեհրանն առավելագույն կամք էր դրսեւորում բանակցություններում արդյունքի հասնելու համար։ ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանը ներկայացրել էր իր օպերատիվ, ճշգրիտ եւ իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկներն ԱՄՆ-ին, եւ դա իրականացավ մի պայմաններում, երբ Իրանը դրսեւորում էր առավելագույն բարի կամք այս բանակցությունների արդյունքում հաջողություն ունենալու համար։ Մեզ համար շատ զարմանալի է, թե այն ռեժիմը, որը չի կարող հավատարիմ մնալ բանակցությունների սկզբունքներին, ինչպես է առհասարակ որոշել մտնել բանակցությունների փուլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նա ընդգծեց, որ Իրանի գործողությունները ուղղված չեն հարեւան երկրների դեմ, այլ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ են։ «Հնարավոր չէ, որ տարածաշրջանում գտնվող երկրներում տեղակայված ռազմաբազաները օգտագործվեն Իրանի դեմ ագրեսիայի շրջանակում, ու մենք նստենք ու նայենք: Այդ երկրներում տեղակայված ռազմաբազաների օգտագործումը կամ տեղի է ունեցել այդ երկրների թույլտվությամբ, ինչը արդեն թշնամանական վերաբերմունք է Իրանի նկատմամբ: Կամ էլ այդ երկրների իշխանությունների հետ համաձայնեցված չեն եղել, իսկ այդ պարագայում գործ ունենք դեպքի հետ, որ այդ տարածքները փաստացի չեն գտնվում այդ երկրների ինքնիշխանության տակ ու դիտարկվում են ԱՄՆ տարածքներ… Քանի դեռ կշարունակվի այս ագրեսիան, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը»:
Նրա խոսքով՝ Թրամփին ավելի վաղ նրա խորհրդականները զգուշացրել էին, որ սա հեշտ ու ոչ ծախսատար պատերազմ չի լինելու։ Դեսպանի կարծիքով՝ հիմա արդեն Թրամփն էլ է այդ հարցում համոզվել:
Կարդացեք նաև
Դեսպանը նաեւ հավելեց, որ այս պատերազմը Իրանի լինել-չլինելու մասին է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































